Հայ սամբիստները սովորաբար հաջող մրցելույթներ են ունենում միջազգային մրցասպարեզներում: Բացառություն չկազմեց նաեւ Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված սամբո ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Պատասխանատու այդ մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 18 մարզիկով: Մեր պատվիրակներից բոլորից հաջող հանդես եկավ գյումրեցի Արթուր Վարդանյանը: Նա պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Վատ հանդես չեկավ նաեւ երեւանցի Արտյոմ Գեւորգյանը, որին եւս հաջողվեց մտնել եզրափակիչ: Սակայնք վճռորոշ գոտեմարտում նրան չհաջողվեց հաղթել մրցակցին եւ ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Մեկ բրոնզե մեդալ էլ Հայաստանի պատանեկան հավաքականին պարգեւեց Արտավազդ Մինասյանը:
Աղջիկների մրցաշարում եւս Հայաստանը մրցանակակիրների թվում ներկայացուցիչ ունեցավ: Հաջող մրցելույթներ ունեցավ Լիլիթ Պողոսյանը, որը միայն եզրափակիչ գոտեմարտում տանուլ տվեց եւ արժանացավ արծաթե մեդալի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ