Մայիսի 26-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի հերթական առաջնությունը: Երեկ մրցավայր է մեկնել Հայաստանի մարզական պատվիրակությունը ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ: Մեր հավաքականի կազմում ընդգրկված են 3 ձյուդոիստներ: Տատամի դուրս կգան հրազդանցի Արմեն Նազարյանը (մինչեւ 60 կգ), գյումրեցի Հովհաննես Դավթյանը (մինչեւ 66 կգ) եւ երեւանցի Ղազարոս Գրիգորյանը (մինչեւ 73 կգ): Մարզիկների այս եռյակից ամենատիտղոսակիրն Արմեն Նազարյանն է, որն անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոնն է, մի շարք միջազգային մրցաշարերի մասնակից ու մրցանակակիր է: Բնականաբար, նրանից սպասելիքները մեծ են: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանի համոզմամբ, մեր ձյուդոիստները բավական լավ են նախապատրաստվել մրցաշարին եւ նրանցից հաջող մրցելույթներ են ակնկալում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ