Մայիսի 14 - ին ՀՀ Կիդորյու Կարատեի ֆեդերացիայում կայացավ կատայի առաջին փակ առաջնությունը: Ֆեդերացիայի մարզիկներն այս անգամ իրենց ուժերը փորձեցին նոր մրցաշարում: Ֆեդերացիայի հիմնադիր եւ նախագահ Արտավազդ Հարությունյանը խոստովանում է, որ կատայի մրցաշարը մարզիկից պահանջում է` շատ մեծ տեխնիկական պատրաստվածություն, դասական շարժումներ եւ ճիշտ հարվածային հետագծեր, ինչի արդյունքում մարզիկները կարողացան փայլուն արդյունքներ ցույց տալ:
Թեպետ, մինչ մրցաշարը Ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանն այն կարծիքին էր, որ մարզիկները չեն կարողանա համապատասխան վարպետական աստիճան ցուցաբերել:
Տեխնիկապես անպատրաստ մարզիկները սակավաթիվ էին, ինչը վկայում է այն մասին, որ նոր մրցաշարը շարունակական բնույթ կկրի եւ ինչպես հույս է հայտնում Ա. Հարությունյանը, ուղի կհարթի արդեն կատայի միջազգային առաջնությանը մասնակցություն ունենալու համար:
Իսկ ՀՀ Կիդորյու կարատեի ֆեդերացիան հիմնադրվել է տարիներ առաջ` իր մեջ ներառելով ժամանակակից սպորտային ուղղություններից բավական տարրեր: Իր մարտավարական տեխնիկայով կիդորյուն փափուկ ոճ է եւ բավարարում է միջազգային կոնվենցիայի բոլոր սպորտային պահանջները: Կիդորյու մարտական արվեստով զբաղվող մարզիկի տեխնիկական հագեցվածությունը կարող է թույլ տալ նրան հանգիստ մենամարտել մեծ հեղինակություն ունեցող բոլոր սպորտաձեւերի հետ: Այս ոճի ստեղծման նպատակակետը, ինչպես մանրամասնում է Ա. Հարությունյանը, մեկ հարվածով հակառակորդին շարքից դուրս մղելն է: Մենամարտի ժամանակ մարտիկի անվտանգությունը հասցված է 90 տոկոսի: Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ այս ոճում, մարմնի ընդհանուր դինամիկայի մեջ ներառվել են տեխնիկական նոր տարրեր, որոնք թույլ են տալիս մարզիկին մենամարտել երկար, փափուկ եւ անվտանգ:
Ա. Հարությունյանը չի բացառում, որ հետագայում կիդորյուն որպես կարատե ընդգրկվի օլիմպիական ձեւերի մեջ: Սա նրանց լավագույն ակնկալիքն է:
«Այս ոճը ստեղծվել է, որպեսզի կարատեն որպես մարտարվեստ առավել ինտեգրացվի սպորտ հասկացությանը: Կիդորյու մարտարվեստի գաղափարափիլիսոփայական հիմքում որպես կրոն, ընկած է քրիտոնեությունը, քանզի այն քրիստոնյա զինվորի համար ստեղծված մարտարվեստ է», - ասում է ֆեդերացիայի նախագահը:
Հավելենք, որ ֆեդերացիայի անդամները հանդես են եկել նաեւ միջազգային մրցաշարերում: Առաջինը` Սոչի քաղաքում, մյուսը` աշխարհի առաջնությունում: Նշենք նաեւ, որ շուտով պատրաստ կլինի նաեւ Ֆեդերացիայի կողմից նկարահանված երկրորդ մարտաֆիլմը: Նախորդը` «Հյուպատոս» անվամբ ներկայացնում է կիդո մարտական արվեստի հնարամտությունները: Նոր ֆիլմը իր բնույթով կիսաֆանտաստիկ է եւ կոչվելու է «Վիշապի երկիր»: Վերնագրի ընտրությունը Ա. Հարությունյանը բացատրում է հետեւյալ կերպ « Այսօր մեր երկրում բազմաթիվ մարդիկ կան, որոնց հոգում տիրում է վիշապի խավար: Ֆիլմի գլխավոր հերոսը փորձելու է հավատ, սեր ու հույս ներշնչել հանդիսատեսին: Ֆիլմում ընդգրկվելու են նաեւ Կատայի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրած մարզիկները:
«Ֆիլմում հիմնական գործոնը եւ ամբողջ ծանրության կենտրոնը ուղղվելու է պատանի հանդիսատեսին, ուստի, եթե վերափոխենք մեր վաղվա սերնդի հոգեբանությունը, սիրտը, մարտական ոգին, այդպիսով կկարողանանք փոխել նաեւ մեր երկրի ապագան», ասում է Ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Հարությունյանը` հուսալով, որ ֆիլմը կունենա իր ազդեցուցիչ գործոնը:
Լ. Ն., ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ