ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազգ»-ի կայքէջում կազմակերպված հարցազրույցի ժամանակ խոստացել էր լրացուցիչ ուսումնասիրությունից եւ փաստերի ստուգումից հետո պատասխանել քաղաքացիներ Արշավիր Սերոբյանի եւ Գոհար Գաբրիելյանի բարձրացրած հարցերին: Ըստ այդմ, կառավարության աշխատակազմում, վարչապետի հանձնարարությամբ զբաղվել են վերոհիշյալ քաղաքացիների բարձրացրած հարցերի ուսումնասիրմամբ եւ պատասխանը տրամադրել նաեւ խմբագրությանը: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ հարցերից մեկը վերաբերում էր Սարի թաղի պոլիկլինիկայի անմխիթար վիճակին, որի վերաբերյալ ամիսներ առաջ քաղաքացին դիմել էր ՀՀ ԱԺ նախագահին ու Երեւանի քաղաքապետին եւ, իր հավաստմամբ, որեւէ արդյունքի չէր հասել, իսկ մյուս հարցը վերաբերում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզավորման մրցույթին, որն ըստ քաղաքացու, անց է կացվել սահմանված կարգի խախտմամբ, եւ մրցույթին հայտ ներկայացրած իր ընկերությունը հաղթող չի ճանաչվել:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պատասխանը վերոհիշյալ հարցերին.
- «Հարգելի պարոն Սերոբյան, ՀՀ կառավարության աշխատակազմում Ձեր կողմից բարձրացված հարցի ուսումնասիրման արդյունքում ՀՀ վարչապետի կողմից ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է 7-օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն` Սարի թաղի պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել նաեւ հիշյալ պոլիկլինիկայի վերաբերյալ համառոտ տեղեկանք, որտեղ անդրադարձ է արված, եղած հնարավորությունների սահմաններում, մինչ այժմ իրականացված աշխատանքներին.
Երեւանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծվել է 2003 թ. դեկտեմբերինՙ նախկին «Թիվ 1 կլինիկական ծննդատուն» ՓԲԸ-ի, «Թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Թիվ 21 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի եւ «Թիվ 10 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերակազմակերպման միջոցով:
Երեւանի քաղաքապետարանի նախկին «Թիվ 10 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (ներկայումս «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի «Սարի թաղի պոլիկլինիկա») վերակազմակերպման ժամանակ ունեցել է 1747.0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից աշխատավարձի գծովՙ 1616.0 հազար դրամ: 2004 թվականին ամբողջությամբ մարվել են նշված պարտքերը:
«Սարի թաղի» պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1949 թվականին, փայտյա ծածկույթներով է եւ բոլոր կոմունիկացիաները մինչեւ 2004 թ. վերանորոգման չեն ենթարկվել:
2005 թ. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ-ի գլոբալ բյուջեն կազմել է 245000 հազար դրամ, որից համամասնորեն «Սարի թաղի» պոլիկլինիկայի գումարը կազմում է 45469.4 հազար դրամ: Սակայն ծախսը կազմել է 47518.3 հազար դրամ, քանի որ «Սարի թաղ» պոլիկլինիկայի վերանորոգման գծով 2005 թվականին ավելի է ծախսվել 2226.5 հազար դրամ: Այս ընթացքում կապիտալ վերանորոգվել է պոլիկլինիկայի տանիքը, կոյուղու խողովակաշարը (ներսի եւ դրսի), մասնակիորեն վերանորոգվել են ջրագծերը, փոխվել են մուտքի դռներն ու պատուհանները:
2006 թվականին «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ-ի քաղաքապետարանի հաստատած նախահաշվով ընթացիկ վերանորոգման համար նախատեսվել է 13.000,0 հազար դրամ, որից համամասնորեն Սարի թաղի պոլիկլինիկային նախատեսվում է 2342.0 հազար դրամ:
Պետք է նշել, որ Սարի թաղի պոլիկլինիկան ներկայումս կարիք ունի լուրջ կապիտալ վերանորոգման, որի համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 25000,0 հազար դրամ: Հասկանալի պատճառներով «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ-ն միանվագ չի կարող ներդնել այդքան գումարՙ միայն Սարի թաղի պոլիկլինիկայի շենքային պայմանները բարելավելու համար: Մոտակա տարիներին հնարավոր ամեն ինչ կարվի Սարի թաղի պոլիկլինիկայի շենքային պայմանները բարելավելու համար»:
- «Հարգելի տիկին Գաբրիելյան, Ձեր հարցի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N1600-Ն որոշման, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2005 թ. դեկտեմբերի 22-ին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում N1 կետի համար անցկացված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզիա տրամադրելու» մրցույթին մասնակցել է ութ կազմակերպություն, որոնցից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի N 13 եզրակացությամբ հաղթող է ճանաչվել «Միլտա» ՍՊ ընկերությունը, որը մրցույթի անցկացման ժամանակ արդեն իսկ ունեցել է սահմանված նորմերին համապատասխանող սարքավորում: «Միլտա» ՍՊ ընկերությունը 2006 թ.-ի հուվարի 19-ի դիմումով հրաժարվել է Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում N 1 կետի համար լիցենզիայից:
Նոր հայտարարության հիման վրա 2006 թվականի ապրիլի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում N1 կետի համար անցկացվել է «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզիա տրամադրելու» նոր մրցույթ, որին մասնակցել է չորս կազմակերպություն, եւ ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզավորման մրցույթային հանձնաժողովի N1 եզրակացությամբ հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-իքս» ՍՊ ընկերությունը, որը մրցույթի անցկացման ժամանակ ունեցել է սահմանված նորմերին համապատասխանող սարքավորում:
Դեռեւս 30.03.2006 թ. վարչապետի հանձնարարականով քննարկվել է Ձեր` «Ավտոսիրող-Կենտրոն» ՍՊԸ տնօրեն Գ. Ա. Գաբրիելյանիՙ ՀՀ վարչապետին ուղղված դիմումը, եւ սահմանված կարգով քննարկման արդյունքների մասին գրությամբ տեղեկացվել է Ձեզ: Ճշտվել է, որ դիմումում ներկայացված փաստարկները չեն բխել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 1600-Ն որոշման պահանջներից»: