«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2006-05-27 | #98, 2006-05-30 | #99, 2006-05-31


ՀԱՍՏԱՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸՙ 172,8 ԴՐԱՄ

Ֆրանսիական ընկերությունը ստանձնեց Երեւանի ջրամատակարարման համակարգի վարձակալությունը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշեց առաջիկա 10 տարիներին Երեւանի ջրամատակարարման համակարգի շահագործման թույլտվությունը տալ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության ստեղծած «Երեւան ջուր» ընկերությանը:

Մինչ այս հարցի քննարկումը սկսելը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկաներին հիշեցրեց, որ ապրիլի 28-ին այս նույն խնդրի առնչությամբ հրավիրված նիստը հետաձգվեց, քանի որ «Երեւան ջուրը» դեռ չէր հասցրել ստանձնել իրեն փոխանցվող Երեւանի ջրմուղ-կոյուղու գույքի կառավարումը: Անցած մեկ ամսվա ընթացքում բոլոր այդ խնդիրները լուծվել են, եւ հանձնաժողովը ստացել էր ջրային տնտեսության կոմիտեի եւ «Երեւան ջրի» պաշտոնական հավաստիացումներն այդ մասին:

«Երեւան ջրին» համակարգի շահագործման թույլտվության անհրաժեշտությունը հիմնավորելով, ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց 1,5-2 տարվա ողջ գործընթացը, որ տեղի է ունեցել «Երեւանի ջրմուղ կոյուղին» վարձակալության տալու նպատակով: Հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 ընկերություն: Վերջին փուլում մնացել էին երկուսըՙ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ»-ն եւ «Սաուրը»: Երկուսի ներկայացրած տեխնիկական պայմաններն էլ բավարարում էին մրցույթի սահմանած պահանջներին, բայց ավելի ցածր սակագնային առաջարկ էր ներկայացրել «Ժեներալ դեզ Օ»-ն, որն էլ ճանաչվեց հաղթող:

Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ վարձակալության ժամանակ, ի տարբերություն հավատարմագրային կառավարման, վարձակալն ստանձնում է առեւտրային ռիսկը եւ պարտավորված զգում համակարգի արդյունավետ եւ առանց կորուստների աշխատանքի համար: 10 տարում նախատեսվում է կատարել հետեւյալ ներդրումներըՙ սակագնի բարձրացումից կներդրվի 17,6 մլն եվրո, ֆրանսիական ընկերությունն իր հաշվին կներդնի 9,1 մլն եվրո, իսկ Համաշխարհային բանկի ծրագրով նախատեսվում է 22 մլն դոլարի վարկ, որից 2 մլն դոլարը Հայաստանի կառավարության համաֆինանսավորման չափն է:

Ի՞նչն է կարեւորելու «Երեւան ջուրը» ջրամատակարարման համակարգի վարձակալության 10 տարվա ընթացքումՙ ավելի մանրամասն անդրադարձավ ընկերության տնօրեն Սերժ Պոպովը: Նա առաջին եւ ամենակարեւոր հարցը համարեց ջրի որակի բարելավումը, երկրորդըՙ ջրամատակարարման բարելավումը, երրորդըՙ սպառողների եւ հասարակության հետ մշտական կապը: Մասնավորապես ներկայիս ներկայացվող 78 տոկոս շուրջօրյա ջրամատակարարման փոխարեն նախատեսվում է, որ մայրաքաղաքի 95 տոկոսը 10 տարի անց կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

Հանձնաժողովը որոշեց համաձայնություն տալ Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգը 10 տարով «Երեւան ջրին» վարձակալության հանձնելուն, որից հետո անցավ մյուս, բնակչությանը առավել հուզող խմելու ջրի սակագների փոփոխության հարցի քննարկմանը:

Այստեղ հանձնաժողովի աշխատակազմի տեսակետն այն էր, որ վարձակալության մրցույթի ժամանակ ամրագրվել է հանձնաժողովի մոտեցումը, ըստ որի առաջնայնությունը պետք է տրվի նվազագույն գին առաջարկող ընկերությանը: Ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ»-ն առաջարկել էր ավելի ցածր եւ նվազման միտում ունեցող սակագներ: Մասնավորապես 2006-2008 թթ. համար առաջարկվել էր 172,8 դրամ 1 խմ ջրի դիմաց, 2008-2010 թթ.ՙ 154,8 դրամ, 2010-2012 թթ.ՙ 118,8 դրամ, 2012-2014 թթ.ՙ 106,8 դրամ, 2015 թ.ՙ 90 դրամ: Սակագնային այս առաջարկներից շեղումներ կլինեն միայն գնաճի, փոխարժեքի կտրուկ տատանումների եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում:

Հանձնաժողովն ի վերջո որոշեց, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի 172,8 դրամ սակագինը:

Այս սակագնի առնչությամբ լրագրողների հարցերին պատասխանելով, ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ հարկ է նաեւ չմոռանալ, որ սակագները ձեւավորվել են մրցակցային պայմաններով: Մինչդեռ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն կարող գոհ լինել այդ սակագներից, եւ որ նոր սակագինը բաժանորդների միջին ամսական ծախսերը ավելացնում է 600 դրամով:

Ի դեպ, մեր այն հարցին, թե «սակագնային շեղումներ պայմանավորող գործոններից գնաճի փոխարեն եթե արձանագրվի գնանկում, ապա դա նկատի կառնվի՞ (այսինքնՙ այդ դեպքում սակագինը պետք է նվազեցվի՞-Ա. Մ.)», Անդրանիկ Անդրեասյանը նախ խորիմաստ ժպտաց, ապա պատասխանեց` «իհարկե»: Հուսանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4