Այս կարծիքին է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը երեկ օրհներգի իր տարբերակը ներկայացրեց համալսարանականներին եւ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանին, ինչպես նաեւ ներկայացավ մեկժամանոց համերգով: «Մեր հայրենիք» օրհներգի եւ երաժշտության, եւ խոսքերի հեղինակը կոմպոզիտորն է. ստեղծագործությունը գրելիս ինքը փորձել է արտահայտել վերելքի ոգու գաղափարը: Օրհներգի առաջիկա մրցույթին կոմպոզիտորը պատրաստվում է ներկայացնել նաեւ իր տարբերակը:
Օրհներգի շուրջը ստեղծված կարծիքները բավական տարբեր, հաճախ նաեւ խիստ հակասական են: Ոմանք գտնում են, որ եղած օրհներգը խոսում է մեր ժողովրդի եւ երկրի թշվառության մասին եւ լավը չէ, կա նաեւ խաչատրյանական տարբերակի մշակման առաջարկ, քիչ չեն նաեւ նոր օրհներգի անհրաժեշտության մասին բարձրաձայնողները: Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանրապետությունների օրհներգերին դիմելիս մենք սխալվել ենք, եւ անկախ Հայաստանը պետք է իր օրհներգն ունենա: Ստեղծագործողը հավակնություններ չունի, որ անպայման իր առաջարկն ընդունվի: Նա համոզված է, որ օրհներգի համար ներկայացված որ տարբերակն էլ ընտրվի, միեւնույնն է` ընկալելու խնդիրներ կլինեն: Հարկավոր է մարդկանց ամիսներ շարունակ ներկայացնել դրանք, որպեսզի նրանք էլ ընտրելու հնարավորություն ունենան: «Կաբինետային որոշումն այս դեպքում սխալ է», հավելեց նա:
Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գնահատմամբ եւս նոր օրհներգի անհրաժեշտություն կա: «Միանշանակ հարգելով Խաչատրյանի տաղանդավոր եւ հանճարեղ երաժշտությունը` կողմ եմ նոր եւ արժանապատիվ հիմներգ ունենալուն», ասաց նա: Ամիրխանյանի փորձը վերջինս հաջողված է համարում, սակայն չի էլ ցանկանում սխալվել` ասելով, թե դա է կատարյալը:
Գ. Գ.