ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կանոնավոր կապ է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճիշտ ուղի է, եւ բանակցությունների դրսից պարտադրված որեւէ ձեւաչափ ոչ միայն գործուն չէ, այլեւ վտանգավոր է: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Բաքվում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտին:
Ըստ Սերգեյ Իվանովի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական բանաձեւը պետք է մշակեն կողմերը, իսկ միջնորդ երկրները հանդես գան որպես խաղաղ համաձայնության երաշխավորներ: Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ճանաչվի ագրեսոր երկիր, Սերգեյ Իվանովը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշմամբ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքադիվանագիտական ճանապարհով, կողմերի անմիջական հաղորդակցմամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանըՙ լինելով միջնորդ երկիր ԵԱՀԿ մինսկի խմբի ձեւաչափում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղաբաշխմանը, ապա Սերգեյ Իվանովը գտնում է, որ այդ հնարավորությունը պետք չէ բացառել: Բացառման ենթակա չէ նաեւ այն հավանականությունը, որ խաղաղապահ ուժերը մոտ ապագայում կարող են հայտնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտումՙ վաղ թե ուշ ձեռք բերվող քաղաքական բոլոր պայմանավորվածությունների իրականացման համար:
«Ոչ մեկ, ոչ մյուս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել», հայտարարել է Սերգեյ Իվանովը, հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում «ոչ կայուն» զինադադարը տեւում է արդեն 12 տարի:
Անդրադառնալով Վրաստանի տարածքից ռուսական ռազմական տեխնիկան Հայաստանի տարածք տեղափոխելու հարցին, Սերգեյ Իվանովը հայտարարել է, թե դա չի կարող ապակայունացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի, ռազմատեխնիկայի տեղափոխումն ուղղակի չի կարող լինել ապակայունացման գործոն, քանի որ ռազմական ունեցվածքի դուրսբերումը չի խախտում Եվրոպայում սովորական ռազմական ուժերի պայմանագրի շրջանակներում նշված սահմանափակումները:
Ա. Հ.