«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԸՍՏ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՊԵՏՔ ԵՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համալիր միջոցներ մշակի այլատյացության եւ ազգային հողի վրա հանցագործությունների դեմ պայքարում: Նա նշել է, որ այս ամսին Ռուսաստանի հայազգի քաղաքացու արդեն երկրորդ սպանությունն է կատարվել: Սակայն, ըստ ՌՀՄ-ի ղեկավարի, «դա ոչ թե հայ հասարակության, այլ ռուսաստանյան պետության հիմնախնդիրն է»:

«Դա հայ ժողովրդի հիմնախնդիրը չէ, այլ մեր պետության հիմնախնդիրն է, ընդհանուր հիմնախնդիր, եւ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք դուրս գալ այս վիճակից», ասել է Արա Աբրահամյանը: Նա գտնում է, որ հասարակության մեջ պետք է անհանդուրժողականության մթնոլորտ հաստատվի արմատական ազգայնամոլական խմբավորումների անդամների նկատմամբ: «Նրանք պետք է իմանան, որ հասարակության մեջ իրենք տեղ չունեն», ընդգծել է ՌՀՄ-ի ղեկավարը:

Նա նաեւ առաջարկել է այլատյացության հիմնախնդիրը լուծել «կլոր սեղաններ» կազմակերպելու ճանապարհով, որոնց կմասնակցեն հասարակական գործիչներ, իրավապահ մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Բացի այդ, Արա Աբրահամյանի կարծիքով, այլատյացության դեմ պայքարելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երիտասարդության դաստիարակությանը, դպրոցականների եւ ուսանողների հետ բաց երկխոսությանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտնել է, որ 2005 թվականին Ռուսաստանում ազգային հողի վրա կատարվել է 390 հարձակում, այդ թվումՙ 30 սպանություն: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում սպանվել է հայազգի յոթ քաղաքացի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4