«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԵՎՐՈՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ

Եվրոխորհրդարանի պատգամավորների եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի միջեւ վեճ է ծագել Նախիջեւանի հայկական գերեզմանատան ոչնչացման կապակցությամբ, գրում է բրիտանական ամենաազատամիտ «Ինդիփենդենտ» թերթը: «Մտավախությունը, թե Ադրբեջանը շարունակաբար ոչնչացրել է քրիստոնեական արվեստի 500-ամյա գործեր, վերաճել է դիվանագիտական կնճռի այն բանից հետո, երբ Եվրոխորհրդարանի պատգամավորներին արգելվեց ստուգայց կատարել հայկական գերեզմանատանը», նշում է հոդվածագիր Ստեֆան Քեսլը «Ադրբեջանը հարթեցրել է հայկական սուրբ վայրը» վերնագրով հոդվածում: Եվրոպացիները զայրացած են, որ պաշտոնական Բաքուն իրենց թույլ չի տալիս մուտք գործել Հին Ջուղայի գերեզմանատան տարածք, որտեղ 2005 թ. դեկտեմբերին բարբարոսաբար ոչնչացվեցին հայկական հազարավոր եզակի հուշարձաններ` խաչքարեր: 2006 թ. մարտին ծանր տեխնիկայով մոտ 3500 խաչքար ոչնչացվեց, եւ տարածքը վերածվեց զինափորձարանի:

«Ադրբեջանի իշխանությունները հրեշավոր վանդալիզմի քայլ կատարեցին», հայտարարել է եվրոպատգամավորներից մեկը: Եվրոխորհրդարանի ներկայացուցիչ Չառլզ Տանոկը պատահածը համեմատել է Աֆղանստանում Բուդդայի ժայռափոր արձանների ոչնչացման հետ: Թալիբները դրանք համարել էին «կուռքեր» եւ թնդանոթների թիրախ էին դարձրել:

Բոլոր մեղադրանքները մերժելով` Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսում է եվրոպատգամավորների «հիստերիայի» եւ «կանխակալության» մասին: Պատգամավորները, սակայն, մտադիր չեն նահանջել: Նրանցից մեկը` Հաննես Սվոբոդան, հույս ունի Հին Ջուղայի գերեզմանատան տարածք մուտք գործել աշնանը Նախիջեւան կատարելիք իր այցելության ժամանակ:

Այս տարվա փետրվարին Եվրոխորհրդարանն արդեն ընդունել էր բանաձեւ, որով դատապարտվում էր Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4