«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թուրքիան երեկ հայտարարեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական մակարդակով հանդիպումներ են սկսվում հարեւան երկրի հետ կապերը կարգավորելու նպատակով, որի հետ ինքը չունի դիվանագիտական հարաբերություններ: Անցյալ տարվանից արդեն փորձնական երեք շարք զրույցներ են տեղի ունեցել արտգործնախարարությունների պաշտոնյաների մակարդակով, նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Նամիկ Թանն իր շաբաթական մամլո ճեպասուլիսում:

«Հանդիպումների նպատակն է պարզել, թե կա՞ արդյոք ընդհանուր հիմք, ըստ որի հնարավոր է առաջընթացի հասնել երկկողմ հարաբերություններում», ասել է նա:

Թանի խոսքերով, ներկայումս նախապատրաստվում է բանակցությունների մի նոր շարք: Նա միաժամանակ ավելացրել է, որ Հայաստանը պետք է ավելի մեծ «ճկունություն» հանդես բերի եւ «կառուցողական» դիրք բռնի, որպեսզի երկխոսությունը հաջողությամբ պսակվի:

(Հայաստանի արտգործնախարարության պարզաբանմամբ, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների միջեւ միշտ էլ գոյություն են ունեցել շփումներ տարբեր մակարդակներում: ՀՀ ԱԳՆ-ն չհստակեցրեց սակայն դիրքորոշումն անմիջապես Թուրքիայի ԱԳՆ խոսնակի խոսքերի կապակցությամբ: -Խմբ.):

Թուրքիան Հայաստանին ճանաչեց 1991 թ. նրա անկախացումից քիչ անց: Բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով: Հայերը պնդում են, որ 1915-1917 թթ. ցեղասպանության հետեւանքով 1,5 մլն հայեր են զոհվել Օսմանյան կայսրությունում, որին հաջորդեց Թուրքիայի Հանրապետությունը:

Անկարան պնդում է, թե 300 հազար հայեր եւ առնվազն նույնքան էլ թուրքեր են սպանվել հայերի ապստամբության եւ Օսմանյան կայսրության դեմ ռուսական զորքերի կազմում նրանց մղած կռիվների եւ դրանց հաջորդած տեղահանությունների ընթացքում:

Թուրքիան անցած տարի առաջարկեց համատեղ հանձնաժողով ստեղծելՙ իրադարձությունները քննելու նպատակով: Երեւանը մերժեց առաջարկը, ասելով, որ նախապես հարկավոր է երկու երկրների միջեւ հաստատել «բնականոն հարաբերություններ»:

Այդ վեճից բացի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների մյուս փորձաքարը Լեռնային Ղարաբաղի հարցն է: Հայաստանն Ադրբեջանին պատկանող հայաբնակ այդ միջնատարածքի եւ կից շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատեց 1988-1994 թթ. պատերազմի ընթացքում: Այդ պահից հաշտության գործընթացը չի խորացել:

Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց 1993 թ., համերաշխվելով թուրքախոս եւ մահմեդական Ադրբեջանի հետ: Մասնավոր ընկերությունները, սակայն, ամենօրյա թռիչքներ են իրականացնում երկու երկրների միջեւ:

ՖՐԱՆՍՊՐԵՍ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4