Դրանք երկիրը միջէթնիկ բախումների մեջ ներքաշելու նպատակ են հետապնդում
Իրանին միջազգային ասպարեզում մեկուսացնելու, տնտեսապես թույլ, ներքաղաքական կյանքում անկայուն տեսնելու եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկելու ամերիկյան նկրտումները նորություն չէին: Վերջին տարիներին, հատկապես հակաիրաքյան պատերազմի ավարտին դրանք համադրվեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում միջէթնիկ բախումներ հրահրելու Վաշինգտոնի նկրտումների հետ:
Այս ամենին հետեւեցին պատասխանատվությունը Քրդստանի ազատ գոյության կուսակցությանՙ PJAK-ի ստանձնած ահաբեկչական պայթյունները Քերմանշահում եւ այլ քաղաքներում, որոնք տեղի ունեցան մայիսի սկզբներին, 27 իրանցի զինծառայողի սպանությունը: Ի պատասխան դրա, իրանական զինված ուժերը հրթիռակոծեցին Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ական հենակետերը, նկատի ունենալով, որ PJAK-ը վերջինի իրանական տարբերակն է: Սակայն այս անգամ էլ երկրի հյուսիս-արեւմուտքումՙ Ատրպատականում խժդժություններով ասպարեզ իջան ադրբեջանցիները:
Մայիսի 22-ին սկսված խժդժությունները, որոնք հանգեցրին իրանական ոստիկանության հետ բախումների, առ այսօր շարունակվում են: Չի բացառվում, որ այս խժդժությունները էթնիկ այլ խմբավորումների ընդգրկմամբ ծավալվեին երկրում: Նման ենթադրության համար հիմք է տալիս մայիսի 31-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքում Իրանի էթնիկ խմբավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված համաժողովը: Առավել եւս Իրանում գործող իսլամական վարչակարգի տապալման համար աջակցության խնդրանքով վերջիններիս դիմումն ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին:
Թուրքական NTV-ն, տեղեկացնելով այդ մասին, նշում է, որ քրդական նախաձեռնությամբ հրավիրված այս համաժողովին բացի Իրանի քրդերի ներկայացուցիչներից մասնակցել են ադրբեջանցիների, արաբների եւ բելուջիների ներկայացուցիչները: Ըստ վերոհիշյալ աղբյուրի, թեեւ Իրանում գործող քրդական երկու կուսակցությունների ղեկավարները համաժողովի ամբիոնից ընդգծել են, որ իրենց նպատակը ոչ թե անջատումն է, այլ երկրի վերակառուցումը համադաշնային հիմունքներով, այնուամենայնիվ, դահլիճում բարձրացվել է Մահաբադի քրդական հանրապետության դրոշը, որը 1946 թ. ստեղծվել էր Իրանի արեւմուտքում եւ շատ արագ կազմալուծվել:
Հատկանշական է, որ այս համաժողովը հրավիրվում է Վաշինգտոնում այն ժամանակ, երբ քրդաբնակ Մահաբադում PJAK-ի գրոհայինները, որոնց Հյուսիսային Իրաքում մարզում են ամերիկյան հրահանգիչները, զինված բախումների մեջ են մտնում Իրանի անվտանգության ուժերի հետ, ահաբեկչական պայթյուններ են կատարվում ինչպես Քերմանշահում, այնպես էլ մեծապես արաբներով բնակեցված Խուզիստանում, իսկ Ատրպատականում չեն դադարում ադրբեջանցիների խժդժությունները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ