«Ազգը» նախորդ համարում «Արտգործնախարար Լիվնիի այցն Անկարա չի նպաստել թուրք-իսրայելական լարվածության հաղթահարմանը» վերնագրով նշել էր, որ այս ամենը չի կարող չանդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքի վրա: Եթե Վաշինգտոնն այս հարաբերությունները մեծապես պայմանավորում է Իսրայելի նկատմամբ վարչապետ Էրդողանի կառավարության դիրքորոշմամբ, ապա Անկարան դրանց հիմքում է դնում Հյուսիսային Իրաքում տեղակայված հենակետերից PKK-ականների ներխուժումը Թուրքիա եւ վերջիններիս հարաճուն ակտիվությունը երկրի քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում պատճառաբանում է ամերիկյան աջակցությամբ:
Ակտիվության վկայությունն Իրաքին սահմանակից Շըրնակ նահանգում PKK-ականների հետ թուրքական անվտանգության ուժերի անընդմեջ շարունակվող բախումներն են: CNN-Turk-ի տվյալներով, երեկ եւ նախորդ օրը միայն Շըրնակում սպանվել են 4 զինծառայողներ եւ թուրքական անվտանգության ուժերի ենթակայության տակ ռազմական գործողություններին մասնակցող երեք գյուղապահներ, որոնցից 5-ը վիրավորվել է: Երկօրյա մարտերում PKK-ի կորուստները կազմել է 4 մարդ:
Թուրքիայի տարածքում PKK-ի հարաճուն ակտիվության, անվտանգության ուժերի հետ անընդմեջ շարունակվող զինված բախումների եւ ամենօրյա զոհերի ֆոնին կարելի է ասել, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ապրիլի 25-ին Անկարա կատարած այցով էլ չեն հաղթահարվել քրդական այս կազմակերպության շուրջը ծավալվող թուրք-ամերիկյան տարաձայնությունները:
Հ. Չ.