Իրացման հակասահմանադրական գործընթացը շարունակվում է
Դատական իշխանություն, Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, թաղապետարաններ, մարզպետարաններ, կադաստրի պետական կոմիտե. եռամսյա ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 770 բողոքների շուրջ 80 տոկոսը պարունակում է գանգատ հենց այս պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այս մասին տեղեկացրեց երեկ` եռամսյակը ամփոփող ասուլիսում: Բազմաթիվ են նաեւ սոցիալական բնույթի բողոքներըՙ կենսաթոշակներ, նպաստներ, ավանդների վերադարձ: «Կենսաթոշակը բարձրացրել են, բարձրացել է մարդու կարգավիճակը, զրկել են նպաստից: Սակայն սոցիալական իրավիճակը ոչ թե բարելավվել է, այլ վատթարացել` թոշակը հազար դրամով բարձրացել է, մինչդեռ նպաստը 5-6 հազար դրամ էր: Կարգավիճակի փոփոխությունը զրկել է նաեւ ավանդները ստանալու հնարավորությունից», ասում է Արմեն Հարությունյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հարցը բարձրացնելու է օրենսդիրի առջեւ:
Մայրաքաղաքի իրացվող գոտիներ. հենց այս տարածքի բնակիչների ոտնահարված իրավունքների պաշտպանությունն էր, որ նորընտիր օմբուդսմենին բերեց առաջին հաղթանակը: Հիշեցնենք, որ նրա դիմումի հիման վրա սահմանադրական դատարանը մայր օրենքին հակասող համարեց օրենքներն ու կառավարության որոշումը, որոնցով գործադիրն առաջնորդվել էր իրացում կատարելիս: Չնայած սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ Արմեն Հարությունյանի, գործընթացը շարունակվում է: Օմբուդսմենը միջնորդություն է ներկայացրել կառավարություն` գործընթացը կասեցնելու կամ սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջով: Արմեն Հարությունյանը կոչ է անում բնակիչներին հետամուտ լինել իրենց շահերի պաշտպանությանը, մինչեւ հուլիսի 18-ը դեռ ժամանակ կա, եթե ներպետական ռեսուրսները չբավարարեն, կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդեն 28 այդպիսի դեպք կա:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը մարդու իրավունքների պաշտպանը ստացել է, վերնագրված էրՙ Հաղորդագրություն հանցագործության մասին: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի շուրջը ծագած խնդիրներին: Ըստ Արմեն Հարությունյանի, իրենց լիազորությունն է` տեղեկացնել դատախազությանը եւ վերահսկողություն սահմանել գործի ընթացքի նկատմամբ:
Ինչպե՞ս է արձագանքել մարդու իրավունքների պաշտպանն այն փաստին, որ օրերս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը` պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, հայհոյել էր «Իրավունք» օրաթերթի թղթակցին: Դեռեւս չի արձագանքել: «Այս իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը լրագրողի կողքին պետք է լինի: Կարձագանքենք», խոստանում է Արմեն Հարությունյանը:
Գո՞հ է իր պաշտոնից: «Պատասխանատու գործ է, ներուժ ունեմ», ասում է օմբուդսմենը: Դեռ հարյուր օրն է սպառել:
Մ. Հ.