Երեկ «ՀՀ զինանշանի մասին» օրենքի քննարկման ժամանակ երիտասարդ հանրապետական, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը մտավ պատմաբանների բոստանը: Նախագծում զինանշանի հետեւյալ նկարագրությունը կար. կենտրոնում վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների` վերեւից ձախ Բագրատունիների, վերեւից աջ` Արտաշիսյանների, ներքեւից ձախ` Արշակունիների, ներքեւից աջ` Ռուբինյանների զինանշանները: Այս նկարագրությունը չէր բավարարում Ա. Աշոտյանին. ըստ նրա` խնդիրը կարեւորություն ունի ե՛ւ գիտական, ե՛ւ պետական, ե՛ւ ազգային տեսանկյուններից. ստացվում է այնպես, որ պատմական Հայաստանը երեք-չորս հազարամյակների ընթացքում ունեցել է ընդամենը չորս թագավորություն (դրանք են ներկայացված), եւ, թվարկված դինաստիաներից ելնելով, մեր ժողովրդի պատմությունը հասցնում ենք Արտաշիսյաններին, այդ փաստաթղթով սահմանելով, որ հայ ժողովրդի կազմակերպված պետականության պատմությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում ընդամենը: Ստացվում է, որ մինչ այդ մենք չենք ունեցել պետականություն, մենք կամովին հրաժարվում ենք Երվանդունիների թագավորությունից, Հայկազունիներից, վերջապես Ուրարտուի պատմական ժառանգորդը լինելու առաքելությունից. «Այն դեպքում, որ մեր շատ վաստակաշատ գիտնականներ պայքարում են նաեւ միջազգային սիմպոզիումներում, որպեսզի կեղծ պատմաբաններին (թուրքերին, ադրբեջանցիներին) համոզեն-հասկացնեն, որ հայ ժողովուրդը բնիկ է այս տարածքի վրա, եւ մենք ունեցել ենք պետականություն երկար ժամանակ նրանից առաջ, ինչ որ իրենք դա պաշտոնապես ընդունում են», բողոքեց Ա. Աշոտյանը:
Նա առաջարկեց միջանկյալ տարբերակ, որով մենք չենք հրաժարվի մեր պատմությունից. այն է` միայն Արարատ լեռը Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի զինանշանները` առանց անվանելու, որպեսզի հասկացվի, որ մենք ունեցել ենք շատ թագավորություններ, բայց վահանի վրա զետեղել ենք այս չորսը. «Չհրաժարվենք մեր անցյալի պատմական ժառանգությունից օրենսդրական մակարդակով», կոչ արեց Ա. Աշոտյանը:
Բավական շահագրգիռ քննարկման արժանացած այս եւ «ՀՀ դրոշի մասին» օրենքները կառավարության անունից ներկայացնում էր նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նկատեց, որ հենվելու է այն կուսակցության ծրագրի վրա, որն իրեն առաջադրել է, եւ այդ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը երկար տարիներ հովանավորել է մշակութային ծրագրեր, դա էլ նրա ու Գ. Արսենյանի երկարամյա համագործակցության պատճառն է: Նա ավելացրեց, որ լրագրողների հետ բաց է աշխատելու:
Մ. Խ.