Գործարարները չեզոքացրին հարկերից խուսափելու հանցանքի քրեականացումը
Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնած Տիգրան Թորոսյանը, որոշելով երեկ մեկնարկած արտահերթ նիստի օրակարգային հարցերի հերթականությունը, ԱԺ նախագահի եւ երկու մշտական հանձնաժողովների նախագահների թափուր տեղերին առնչվող հարցը չտեղավորեց սկզբի հորիզոնականներում: Մինչդեռ համաձայն նախապես տարածված տեղեկությանՙ ակնկալելի էր հակառակը: Ինչեւէ, երեկ պատգամավորների հազվադեպ մեծաքանակ ներկայությունը իրականություն դարձրեց քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագծի հերթական տապալումը:
Փոփոխությանը համաձայնելովՙ խորհրդարանականները կապահովեին հարկման դաշտում անօրինականություն թույլ տվող տնտեսվարողներին քրեական պատասխանատվության կանչելու օրինականությունը: Այժմ պատիժը դրսեւորվում է դրամական տույժ-տուգանքով: Այսուհետեւ էլ այդպես կլինի, քանի որ գրանցված 96 պատգամավորներից 46-ը կողմ քվեարկեց օրինագծին: Արդեն մեկ անգամ հետ ուղարկված օրինագիծն այս անգամ առաջին ընթերցում չանցավ:
Հովհաննես Մարգարյանը նաեւ «Օրինաց երկրի» անունից հակառակը անտեղի համարեց, ժամանակից շուտ ձեռնարկված. «Գործող օրենքներով արդեն իսկ գործարարներ սնանկացնելու հարցը շատ հեշտ կարելի է իրականացնել, քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նախագծում քրեականացվում էր տնտեսությունը, իսկ մենք կողմ ենք ապաքրեականացմանը, մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ֆիզիկական անձանց անվտանգության հարցն է դրվումՙ կարող են դատապարտվել մինչեւ 6 տարի ազատազրկման»:
Օր առաջ էլ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն «Ազգ»-ի հետ զրույցում փաստել էր խմբի բացասական վերաբերմունքը քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծին. «Մենք համարում ենք, որ նախ պետք է հավասար դաշտ ձեւավորել, մարդկանց բերել այդ դաշտ եւ ապա փորձել նրանց նկատմամբ պատժի չափը մեծացնել: Այսօր վաղ է, գուցե 10-15 տարի հետո դրա անհրաժեշտությունը լինի: Այլապես տնտեսվարողների համար շատ բարդ պայմաններ են մեր երկրում եւ շատ բարդ է վերարտադրվել ու մրցունակ լինել»:
Խաչատուր Սուքիասյանի տեսանկյունից էլ տնտեսական հանցագործություն կատարած յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ պետք է պատասխանատու լինի տնտեսական պատժամիջոցներով եւ ոչ թե քրեական: «Եթե միտումնավոր կեղծ փաստաթղթային ձեւակերպումներ են կատարվում կամ կեղծ գործունեություն են ծավալում այլ տնտեսվարող սուբյեկտների հետ, միեւնույն ժամանակ պետությանը վնասներ են հասցնում, ապա այլՙ քրեականին մոտ պատիժ կարող է լինել: Իսկ երբ տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող ֆիզիկական անձը, որ իրավունք ունի անհատ ձեռներեցությամբ զբաղվելու եւ տարիներ շարունակ պետության նկատմամբ պարտավորություններ է կատարում, ինչ-որ սայթաքման համար չպետք է քրեական պատասխանատվության կանչվի: Թող հասցրած վնասը եւ գումարած իքս %-ը ցանկացած պահի վճարի եւ ցանկացած պահի թող նորից գործունեություն ծավալի», այս կարծիք առաջարկությունը ժամանակակից համարելուց զատ Խաչատուր Սուքիասյանն ընդգծեց, որ բալթյան ու ԱՊՀ երկրներում նույն հարցին մոտեցումը մեղմ է եւ ավելի մեղմելու միտում կա: Հակառակը Հայաստանի համար անընդունելի է, ըստ Սուքիասյանի:
54 կողմ ձայներով 3-րդ ընթերցում չանցած ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հետ կապված օրինագիծն էլ Հայաստանի համար վաղաժամ համարվեց, քանի որ պաշտոնատարներից ու տնտեսվարող սուբյեկտներից բացի եկամուտների հայտարարագրումը վերաբերելու էր ՀՀ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին, ինչին, խորհրդարանականներից շատերի գնահատմամբ, հասարակությունը այսօր պատրաստ չէ:
«Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կարծիքով. «Եթե կողմ ենք քվեարկում հայտարարագրմանը, ապա պետք է հաջորդ քայլը լինի նաեւ ծախսերի հայտարարագրումը: Մարդիկ գրանցվելուց պետք է չվախենան եւ հայտարարագրելով եկամուտները պետք է իմանան, որ պետության հետ փոխհարաբերվելու համար փաստաթուղթ ունենՙ հայտարարագիր, որի շրջանակներում պետք է քննարկվի պարտականությունների շարքը: Մարդիկ պետք է իրենց երկրի հետ թափանցիկ հարաբերություն ունենան եւ հակառակը»: Այս առաջարկն Արսենյանը համարում է հորեղբոր, քեռու տղա, խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերությունների բացառման ուղի:
Ն. Պ.