«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԲԱԹՈՒՄԸ ՀԱՅԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ, ԱՅԼԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Վրաստանում Հայաստանի դեսպանի այցն Աջարիա

Մայիսի 27-29-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելեց Վրաստանում Հայաստանի դեսպանության պատվիրակությունը` ի դեմս դեսպան Հրաչ Սիլվանյանի, հյուպատոս Արթուր Սարգսյանի, խորհրդականներ Յուրի Պետրոսյանի եւ Լեւոն Հակոբյանի: Սա Վրաստանում Հայաստանի դեսպանի Սամցխե- Ջավախքից հետո երկրորդ ճանաչողական այցն էր: Այցելության ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Աջարիայի կառավարության, Բաթումի եւ Քոբուլեթի քաղաքային իշխանությունների, Բաթումի պետական համալսարանի ղեկավարության եւ ուսանողների, Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դեսպանության պատվիրակությունն այցելեց հայկական եկեղեցի, դպրոց, մասնակցեց մայիսի 28-ի կապակցությամբ Աջարիայի հայերի միության կազմակերպած տոնակատարությանը:

Անցյալ տարի Հայաստանից մոտ տասնհինգ հազար զբոսաշրջիկ է այցելել Բաթում եւ Քոբուլեթ: Այս տարի սպասվում է զբոսաշրջիկների հոսքի ավելի քան երկու անգամ ավելացում: Բաթումի քաղաքագլխի ժամանակավոր պաշտոնակատար Մամուկա Բերիձեն դեսպանության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բազմաթիվ տուրիստական ընկերություններ տեղի հյուրանոցների ու մասնավոր սեկտորի հետ արդեն պայմանագրեր են ստորագրել` մինչեւ սեպտեմբերի վերջ հայաստանցի զբոսաշրջիկներին ընդունելու համար: Բաթումի ղեկավարությունը աշխատանքներ է տանում հանգստյան գոտում ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ, կան բազմաթիվ հետաքրքրական ծրագրեր: Մասնավորապես նախատեսվում է կազմակերպել զբոսանքային նավագնացություն, ատրակցիոնների այգի, դելֆինարիում ունենալ, վերջինս արդեն իրագործման ճանապարհին է: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ ձեւավորված ավանդույթով եղբայր-քաղաքներ ունենալու մասին: Նման համաձայնություն գոյություն ունեցել է Բաթումի եւ Վանաձորի միջեւ, եւ հանդիպման մասնակիցները ցանկություն եւ պատրաստակամություն հայտնեցին վերականգնելու Վանաձորի եւ Բաթումի «եղբայրությունը»:

Երկուստեք նշվեց մշակութային ու մարդասիրական ոլորտներում շփումների վերականգնման կարեւորության մասին: Բաթումի քաղաքային իշխանությունների ներկայացմամբ, ծրագրվում է այս տարի օգոստոսին Քոբուլեթում փառատոն անցկացնել, որին կմասնակցեն կատարողներ ու համույթներ նաեւ Հայաստանից: Բաթումում անց է կացվելու նաեւ ֆոլկլորային մշակույթի փառատոն, որին կհրավիրվեն Հայաստանցի կատարողներ:

Աջարիայում հայ համայնքի խնդիրների առնչությամբ նշվեց երեք հարց: Նախ, հայ համայնքը թեեւ վաղուց ունի կազմակերպված կառույց ի դեմս Աջարիայի հայերի միության, սակայն չունի տարածք: Բաթումի քաղաքային իշխանությունների հավաստմամբ, արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Նախատեսված է կառույց, որը վերանորոգումից հետո կտրամադրվի ազգային փոքրամասնությունների` ուկրաինական, ռուսական, հայկական, հրեական եւ այլ կազմակերպություններին:

Հայ համայնքին մեծապես հուզող եւս մեկ խնդիր վերաբերում է Բաթումի Ս. Փրկիչ եկեղեցու բակի ցանկապատմանը, ինչը հնարավորություն կտա ամրապնդելու եկեղեցուն հարող տարածքն, այլապես շրջակա մասնավոր տների կառուցապատումների հետեւանքով այդ տարածությունը կարող է կրճատվել: Այս հարցում քաղաքային իշխանությունները դեռ խորհրդակցության ու քննարկման կարիք ունեն:

Դեսպանության պատվիրակության հետ հանդիպումներին մասնակցող Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը նշեց, որ նախընտրելի կլիներ քաղաքային իշխանությունում ունենալ ներկայացուցիչ, որ կզբաղվեր Հայաստանի ու հայերի հետ կապված հարցերով եւ ժամանակին կբարձրացներ անհրաժեշտ հարցերը տեղական իշխանությունների մակարդակով: Այս հարցի կապակցությամբ եւս Բաթումի քաղաքային իշխանությունները կխորհրդակցեն:

Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեի հետ հանդիպումը նախ եւ առաջ կարեւորվեց Աջարիայի իշխանությունների` տեղում Հայաստանի հյուպատոսական որեւէ ձեւաչափի ներկայացուցչություն ունենալու վրացական կողմի առաջարկությամբ: Քննարկվեցին նաեւ տուրիստական շրջանի բացմանն առնչվող հարցեր, քանի որ նախատեսվում է մոտ հիսուն հազար զբոսաշրջիկների այցելություն: Վարշալոմիձեի խոսքերով, մեծ հույսեր են կապում առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի եւ հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի գործունեության հետ: Աջարիայի կառավարության ղեկավարը նշեց նաեւ հայ զբոսաշրջիկների համար կարճ ժամկետով Թուրքիա այցելելու հնարավորության մասին: Ըստ Վարշալոմիձեի, թուրքական տեղական իշխանությունները սահմանամերձ գոտում լիազորություններ ունեն քսանչորս ժամում առանց վիզայի օտարերկրացիների մուտքի թույլտվություն տրամադրել: Վրացական կողմը պատրաստ է աջակցելու, որ Հայաստանի քաղաքացիները Թուրքիա մուտք գործեն առանց վիզայի` հնարավորություն ունենալով այդ կարգավիճակում գտնվելու յոթանասուներկու ժամ:

Վրացական կողմը ծրագրում է սերտորեն համագործակցել Հայաստանում տուրիստական ուսումնական հաստատությունների հետ եւ նմանատիպ կառույցներ բացել Աջարիայում: Դեսպան Հրաչ Սիլվանյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, որ նախընտրելի կլինի նման հաստատություններում ընդգրկել նաեւ հայերին` նկատի ունենալով, որ Աջարիայում հանգստացողների հիմնական մասը հայ է:

Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում թուրք եւ ղազախ գործարարները, եւ ըստ Վարշալոմիձեի, հայերն այդ առումով հետ են մնում: Նա առաջարկեց հայերին ակտիվորեն մասնակցել իրականացվող նախագծերին: Որպես օրինակ նշեց հայկական խոհանոցի բացումը Բաթումում` կանխատեսելով այդ գործի հետագա բարգավաճում:

Ինչ վերաբերում է եկեղեցու պարսպապատմանը, ապա Լեւան Վարշալոմիձեի խոսքերով, ծրագրվում է փողոցների բարեկարգում եւ գեղեցկացում, եւ եթե պարիսպը չի խանգարի եկեղեցու արտաքին տեսքին, ապա անմիջապես կհանձնարարի լուծել այդ հարցը` որեւէ խոչընդոտ չթողնելով: Վարշալոմիձեն խոսեց նաեւ ազգային փոքրամասնությունների համար տարածքի տրամադրման նախագծի մասին:

Այցելությունը Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան առանձնակի կարեւոր էր, քանի որ հայ համայնքի երիտասարդները մտահոգ են իրենց կրթության ու հետագա զբաղվածության առումով, եւ նրանց մեծապես հետաքրքրում էին Հայաստանում կրթությունը շարունակելու հնարավորությունները: Մոտ 700 ուսանող ունեցող համալսարանում ավելի քան 60 հայ է սովորում, մեծապես հումանիտար ֆակուլտետներում: Իսկ համալսարանի ղեկավարությունն էր ընդգծեց հայ ուսանողների զգալի առաջադիմությունը, համալսարանական գիտական կյանքում ընդգրկվածությունն ու պատրաստակամությունը` անելու ավելին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բաթում-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4