«Արմենտելի» վաճառքի շուրջը հակասական տեղեկություններ են շրջանառվում: Համաձայն դրանց մի մասի, մինչեւ այս տարվա հուլիսի կեսը գործարքը կիրականանա եւ հունական OTE ընկերությունը կվաճառի «Արմենտելը»: Այլ տեղեկություններով, հունական ընկերությունը չի կարողանում վաճառել «Արմենտելը»:
«Արմենտելի» լրատվական ծառայությունից, ի պատասխան մեր հարցման ասացին, որ ընկերության վաճառքի վերաբերյալ տեղեկություններ տալու իրավասություններ ունի միայն OTE-ն: Այսինքն, մինչեւ հուլիսի կեսը վաճառքի հնարավորության մասին լուրը ոչ հաստատեցին, ոչ հերքեցին: Առանց պարզաբանման մնաց նաեւ այն տեղեկատվությունը, որ Հայաստանի կառավարության հետ, որն «Արմենտելի» 10 տոկոսի սեփականատերն է եւ որին պատկանում է ընկերության վաճառքի դեպքում գնման առաջնայնությունը, հունական ընկերության ներկայացուցիչները խնդիրներ ունեն ինտերնետի (միջազգային ելքի) եւ ինտերնետ հեռախոսակապի (IP) մենաշնորհների վերացման վերաբերյալ: Այստեղ, թերեւս, առկա է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու միտումը, քանի որ Հայաստանի կառավարությունն ու OTE-ն ընդամենը մեկուկես տարի առաջ նոր պայմանավորվածություն ստորագրեցին կողմերի իրավասությունների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է «Արմենտելին», ապա այդ ընկերության շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 500-700 մլն դոլարի սահմաններում: Հիշեցնենք, որ հունական OTE-ն 8 տարի առաջ «Արմենտելը» ձեռք բերեց 142 մլն դոլարով եւ մոտ այդքան էլ ներդրումներ կատարեց, որոնք հիմնականում ուղղվեցին լարային հեռախոսակապի թվայնացմանը:
Ա. Մ.