ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 31-ի նիստում անփոփոխ թողեց ռեպո տոկոսադրույքըՙ սահմանելով 4 տոկոս:
ԿԲ խորհուրդը շարունակում է իրատեսական համարել տարվա ընթացքում երկնիշ տնտեսական աճի արձանագրումը: Թեեւ գնաճի վրա ազդեցության առումով դեռեւս մտահոգիչ է համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկանխատեսելի աճը, ԿԲ խորհուրդը համակարծիք էր, որ էապես մեղմվել են գնաճիՙ նպատակային ցուցանիշից գերազանցման տարեսկզբի սպասումները, ինչին զգալիորեն նպաստել է բնական գազի սակագների սպասվածից էականորեն ցածր աճը:
Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի սպասվող բարձր աճի հետ զուգակցվող ապրանքների սեզոնային գնանկմանՙ արտաքին միջավայրից եկող եւ ներքին տնտեսության ռիսկերի դրսեւորման արդյունքում ակնկալվող գնաճը չեզոքացնելու ներուժըՙ ԿԲ խորհուրդը հավանական է համարում 2006 թ. տարեվերջին 12-ամսյա գնաճիՙ նպատակային առավելագույնը 3% ցուցանիշի սահմաններում արձանագրումը:
Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման դեպքում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսների ընթացքում տոկոսադրույքի ճշգրտման իրականացումը:
ԿԲ մամուլի ծառայություն