«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ՆՈՐԻՑ ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մտածում ես ու զարմանում: Դարերն անցնում են, տարիները գլորվում` մենք դարձյալ դասեր չենք քաղում պատմությունից, շարունակում ենք չանսալ մեր մեծերի պատգամներին:

Այդպես եղավ եւ մեկ ու կես տասնամյակ առաջ, երբ մեր ժողովուրդը ենթարկվեց իր «արյունակից ոսոխներին», «նժարներից թափեց» եւ չպահպանեց իր «հանճարի մարգարիտները»:

Ունեինք հիանալի օրհներգ, որի վեհաշունչ երաժշտությունը ժամանակին հավակնել էր դառնալու աշխարհի մեկ վեցերորդ մասի տարածքի վրա ստեղծված հսկա երկրի պետական հիմնը: Չպահպանեցինք: Փոխարինեցինք մի պարզունակ երաժշտությամբ եւ նրան ուղեկցող «թշվառ, անտեր» բառերի կնիքը վրան տեքստով:

Այս ժամանակահատվածում լրատվական բոլոր միջոցներով եղան պետական օրհներգը փոխելու բազմաթիվ առաջարկներ: Մոտ 15 տարի ես էլ փայփայել եմ իմ առաջարկը, սակայն չեմ ներկայացրել ժողովրդի դատին լոկ այն գիտակցությամբ, որ չի հասունացել նրա առավել հասարակական հնչեղություն ունենալու ժամանակը, եւ չի մնա որպես «ձայն բարբառոյ յանապատի»:

Վերջապես, ըստ իս, եկավ այդ ժամանակը: Սահմանադրական փոփոխությունների 117-րդ հոդվածը ամրագրեց, որ Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում պետք է օրենքով սահմանի Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Ներկայացնում եմ իմ առաջարկը:

Արամ Խաչատրյանի երաժշտության համար սարմենական տեքստի նորացված տարբերակը` Պարույր Սեւակի «Հայաստան» եւ Եղիշե Չարենցի «Պատգամ» բանաստեղծություններից իմ ներմուծած տողերով եւ բառակապակցություններով:

Ընթերցողին տեքստաբանական վերլուծություն կատարելու հոգսից ազատելու համար տանք պարզաբանում:

Առաջին քառյակում փոխված է առաջին տողը ըստ Պ. Սեւակի:

Կրկներգի մեջ փոխված են առանձին բառեր, մասնավորապես «սուրբ դաշինքը» փոխարինված է «սուրբ հավատով»` հավատ բառի հավաքական իմաստով: Դա մեր սուրբ հավատն է վերջին 1700 տարիների ընթացքում: Դա մեր ժողովրդի անխորտակ ու ժայռակուռ հավատն է իր վերածննդի ու արդար դատի հանդեպ եւ նրա պայծառ հավատն է վառ ու լուսավոր ապագայի նկատմամբ:

Երկրորդ քառյակը ամբողջությամբ նոր է: Հիմքը սեւակյան «Հների մեջ` դու ալեհեր, նորերի մեջ` նոր ու ջահել» բնորոշումն է:

Երրորդ եւ չորրորդ տողերի համար ունենք նաեւ երկրորդ տարբերակ.

Նոյյան երկիր, երկիր ճերմակ աղավնու,

Իմ ավետյաց, իմ հավերժող Հայաստան:

Երրորդ քառյակը նույնպես լրիվ նոր է: Օգտագործված են Պ. Սեւակի մի տողը եւ Ե. Չարենցի հանրահայտ պատգամը` «Պատգամ» բանաստեղծության ակրոստիքոսի գաղափարը:

Եվ այսպես.

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Իմ փառապա՛նծ, իմ տառապա՛ծ Հայաստան,

Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,

Որ դառնաս դու մայր հայրենիք հայության:

Փառք քեզ, միշտ փառք, վերածնված Հայաստան,

Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,

Ժողովրդիդ սուրբ հավատով անսասան`

Դու քայլում ես եւ կերտում վառ ապագադ:

Հների մեջ` դու ալեհեր իմ երկիր,

Նորերի մեջ` նոր ու ջահել Հայաստան:

Հայկի երկիր, Մեծ Տիգրանի, Նժդեհի,

Իմ աննկուն, իմ հավերժող Հայաստան:

Կրկներգ

Զավակներդ ողջ աշխարհով սփռված,

Իմ քաղցրանո՜ւն, իմ բարձրանո՜ւն Հայաստան,

Հիշիր դու միշտ, որ փրկությունդ միակ

Հավաքական ուժիդ մեջ է Հայաստան:

Գերբ-զինանշանի մասին

Արարատը մեր ազգային խորհրդանիշն է: Նա մեր վեհաշուք կոթողն է` այն էլ անձեռագործ, բնության կողմից արարչագործված: Այդ աստվածատուր պարգեւը, որ Մարտիրոս Սարյանի հանճարով դարձել էր պետական գերբ, ժամանակին աչքի փուշ էր դարձել մեր բազմադարյան ոսոխի համար եւ բողոքի դիվանագիտական գռմռոց առաջացրել: Սակայն այդ գերբը դիմակայեց ժամանակին եւ իր անպաճույճ տեսքով ու անկրկնելի գեղեցկությամբ յոթ տասնամյակ ի վեր գերագույն հաճույք եւ ազգային հպարտություն էր պարգեւում աշխարհի մեկ վեցերորդով երթեւեկող ամեն մի հայի:

Պետք չէ, որ մեր զինանշանի վրա գազանների արքան պատկերվի: Մենք սպառնացող, նվաճող, զավթող-տիրող ու բերող-գերեվարող ժողովուրդ չենք: Մեր հավատո հանգանակն ուրիշ է եղել:

«Եթե գերել ենք` լոկ մեր գրքերով,

Եթե տիրել ենք` լոկ մեր ձիրքերով»:

Եկեք վերականգնենք մեր ազգային դիմագծին հարիր եւ մեր ազգային խորհրդանիշը պատկերող գերբը: Նրա կոսմետիկ ձեւափոխման մասին առաջարկներ են եղել: Ես էլ եմ միանում նրանց:

Կարելի է մուրճ ու մանգաղը փոխարինել խաչով: Ժապավենի վրա կամ բացված գրքի ձեւափոխված էջերին գրել որեւէ թեւավոր արտահայտություն: Օրինակ. «Փառք քեզ, Հայաստան, դու վերածնված հայրենիք հայոց» կամ` «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ եկեղեցի»... Մտածել է պետք:

Դրոշի մասին

Եռագույնի հանդեպ առարկություն չունեմ: Աշխարհի տասնյակ պետություններ ունեն եռագույն հարթ շերտերով պետական դրոշ: Սակայն առավել շատ են այն պետությունները, որոնց դրոշի վրա բացի գունավոր շերտերից նկարված են նաեւ ազգային խորհրդանիշներ, որոնց միջոցով նրանք հաճելի են դիտվում եւ հեշտ զանազանվում համաշխարհային եւ միջազգային ստուգատեսներում եւ շքահանդեսներում: Օրինակ, ձմեռային օլիմպիադայի փակման օրը, երբ տանում էին մասնակից 80 երկրների պետական դրոշները, ես, անկեղծ ասած, դժվարանում էի զանազանել մեր եռագույնը: Սակայն պարզ կերպով տարբերակվում էին ԱՄՆ-ի դրոշը, Կանադայի դրոշը, Լիբանանի դրոշը, Իսրայելի դրոշը... անգամ Վրաստանի նորաթուխ դրոշը:

Վատ չէր լինի, որ մեր եռագույնի կենտրոնում կամ վերին ձախ անկյունում պատկերվեր որեւէ խորհրդանիշ: Օրինակ` Զվարթնոցի արծիվը կամ հավերժության նշանը: Չ՞է որ մենք հավերժող ժողովուրդ ենք:

Դրոշի հարցում ինձ առավել մտահոգողը նրա նկատմամբ մեր ոչ այնքան հարգալից վերաբերմունքի, նրա չափերի պահպանման եւ կատարման որակի հարցն է:

Երբեմն տեսնում ես կախված` ստանդարտին չհամապատասխանող, կարմիրն ու նարնջագույնն իրարից չտարբերվող, խամրած մի լաթի կտոր:

Այս հարցը պետական հոգածության առարկա պետք է լինի, որով պետք է զբաղվեն բոլորը: Եվ առաջին հերթին մեր քաղաքապետները, մարզպետները, թաղապետներն ու գյուղապետները եւ ընդհանրապես բոլոր այն պետերը, որոնցով այնքան առատ է մեր «այս մի բուռ, բռում սեղմված երկիրը հայոց»: Եվ որ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում ոչ թե պետություն խաղա, այլ պետություն կառուցի, որպեսզի մեր երկիրը մի օր վերջապես ողջ հայությանն առինքնող պետություն դառնա, մենք բոլորս հպարտ լինենք նրա խորհրդով, բոլորիս հպարտություն պարգեւեն նրա խորհրդանիշերը` դրոշը, գերբը, հիմնը:

ԲՈՐԻՍ ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4