Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում կիրակի օրը համերգ էր կազմակերպել, որից կարելի էր միայն ամաչել: Երբ առանձին մարդիկ են իրենց խնջույքներում լսում Արամ Ասատրյանի «Վույ, մերիկը», դա հասկանալի է, սակայն ինչպե՞ս կարող է քաղաքապետարանը իրեն իրավունք վերապահել բոլորիս փոխարեն որոշելու, թե երեւանցիներիս սիրած երգերը Արամ Ասատրյանի կամ նրա կլկլոցներին նմանվող երգերն են: Ո՞վ է նրան իրավունք տվել այդ երգերը հնչեցնել որպես սիրված երգեր, մոռանալով, որ դրանք լսող մանուկների լսողության մեջ տպվում են որպես ազգային երգեր: Այս ինչ վերաբերմունք է քաղաքի եւ երեւանցիների նկատմամբ:
Ե՞րբ պիտի հասկանանք, որ համաքաղաքային ամեն մի միջոցառում դաստիարակչական նշանակություն պիտի ունենա, այլ ոչ թե տաշի-տուշի անելու առիթ տա: Ազգովին մի երգ անգամ երգել չգիտենք: Դրա մասին է պետք մտածել ու այդպիսի օրերին գոնե մեկ ազգային հալալ-զուլալ երգի ուսուցում կազմակերպել:
Ռ. Պ.