«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿԲԱՑՎԻ «ՆԱՄՈՒՍՈՎ»

Երեւանյան միջազգային երրորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որ տեղի կունենա հուլիսի 10-15-ը, կբացվի հայկական առաջին խաղարկային ֆիլմովՙ «Նամուսով»ՙ ի պատիվ ֆիլմի ստեղծման 80-ամյակի: Հիշեցնենք, որ ֆիլմը բոլորովին վերջերս է վերականգնվել եւ թվայնացվել: Ինչպես երեկ հրավիրած մամուլի ասուլիսին նշեց փառատոնի գլխավոր բեմադրող Արմեն Մազմանյանը, փառատոնի բացման եւ փակման արարողությունները կտարբերվեն նախորդ տարիներին կազմակերպվածներից: Այս անգամ դրսում տոն ու ուրախություն կլինի, իսկ բեմում ավելի զուսպ, կոնկրետ, երաժշտական ու համերգային փոքր ձեւավորմամբ պաշտոնական միջոցառում:

Գրեթե հայտնի է խաղարկային ֆիլմերի ցանկը: Մեկ շաբաթում պարզ կդառնա նաեւ վավերագրական ֆիլմերի եւ «Հայկական համայնապատկերի» մրցութային ծրագրերի ամբողջական պատկերը:

Փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը դժգոհ է նախորդ տարիների փառատոնի լուսաբանումից եւ հույս ունի, որ այս տարի լրագրողներն ավելի շատ կանդրադառնան ներկայացված ֆիլմերի բովանդակությանն ու որակին: 58 երկրներից փառատոնին մասնակցելու ցանկություն հայտնած կինոգործիչների աշխատանքների մի մասն արդեն մասնակցել է մի քանի փառատոների: Հարցին, թե երբեւէ այս փառատոնը չի՞ փորձելու, որ ներկայացվեն միայն պրեմիերաներ, Միքայել Ստամբոլցյանը պատասխանեց. «Աշխարհում փառատոներն ավելի շատ են, քան լավ ֆիլմերը»:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4