«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


«ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ» ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՆԿՐԵՏ ՉԱՓԱՆԻՇԵՐ ԴԺՎԱՐ Է ՆՇԵԼ

Մայիսի 19-ին ավարտվեց բազում խոսակցությունների ու ապրումների առիթ տված «Եվրատեսիլ» երգի մրցույթը, ուր Հայաստանը հայտնվեց մեզ համար բավական հաջող 8-րդ տեղում: Որքան էլ ասենք, թե երգի ընտրության, պարի բեմադրության եւ մյուս հարցերին կարելի էր ավելի լավ մոտեցում ցուցաբերել, անժխտելի է, որ առաջին մասնակցության համար հիշյալ հորիզոնականը նվաճելը պատվաբեր է:

Մրցույթից 12 օր հետո, երեկ ռադիոտանը Անդրեն հանդիպման էր հրավիրել լրագրողներին, որը կրկին սկսվեց բավական ուշացումով եւ տարօրինակ ձեւով: Լրագրողներից շատերը նախապես չէին տեղեկացվել հավաքի նպատակի մասին, թեպետ նաեւ ենթադրելի էր թեման, եւ սպասում էին պատշաճ ներկայացման: Սակայն, երբ Անդրեն Հանրային հեռուստատեսության արտասահմանյան կապերի բաժնի պետի եւ մամուլի քարտուղարի հետ վերջապես բարեհաճեց ներկայանալ, մամուլի քարտուղարն առանց որեւէ նախաբանի եւ ներկայացնելու հանդիպման նպատակը, իր խոսքն սկսեց «ի՞նչ հարցեր ունեք» արտահայտությամբ: Մինչդեռ սովորաբար հարցերն ուղղվում են, երբ հայտնի է դառնում, թե ինչի մասին է խոսքը: Այլապես կարող էինք, ենթադրենք, հարցնել, թե ինչպես է մամուլի ասուլիս հրավիրողների ինքնազգացողությունը:

Այս կապակցությամբ «Ազգի» հարցին, որը բնականաբար Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչների ինքնազգացողության հետ կապ չուներ, արտառոց արձագանք գտավ. Անդրեն ասաց, ինչի՞ հավաքվելու առիթ չկա: Իհարկե, բոլորս էլ կարող էինք ենթադրել, թե ինչու ենք հավաքվել: Ի վերջո, Անդրեի հաջող ելույթի համար բոլորս էլ ուրախ էինք եւ հպարտ, սակայն մրցույթից անցել է արդեն 12 օր: Նույն հաջողությամբ կարելի էր մրցույթից 2 ամիս անց հրավիրել լրագրողներին եւ զարմանալ, թե ինչո՞ւ նրանք չեն գուշակում հանդիպման պատճառը: Ինչեւէ:

Եկող տարվա մրցույթի մասնակցության կամ երգի ընտրության հետ կապված Անդրեն չցանկացավ որեւէ կոնկրետ բան նշել, միայն ասաց, որ ցանկալի է, որ երգը շատ ազդեցիկ լինի, իսկ երգը ներկայացնելու համար էլ ընտրվի լավագույնը: Տեխնիկական թերությունների առնչությամբ նա նշեց, որ նման բան պատահել է շատերի հետ: Մրցույթում հաղթելու չափանիշները պարզելը Անդրեի համար դժվար է, քանի որ լավ երգերից շատերը հաջողություն չունեցան, ավելի շատ գնահատվեց շոուն: Ի դեպ Հայաստանից, «Եվրատեսիլի» քվեարկությանը մասնակցել է 250 հազար մարդ, որն Անդրեի գնահատմամբ լավ ցուցանիշ է:

«Ազգի» հարցին, թե անսպասելի չէ՞ր Թուրքիայի 10 միավորը, Անդրեն պատասխանեց, որ սպասելի էր, անսպասելի էր, որ 12 չէր: Իսկ այդ սպասելիքները երգիչն ունեցել է այն բանից, որ մրցույթի օրերին, ի զարմանս իրեն, լսել է, թե ինչպես են շատ թուրքեր իր երգերը երգում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4