«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


«ԹՈՂ ԲՈԼՈՐՍ ՏԵՍՆԵՆՔ ՇԱՏ ԱՐԵՎԱԾԱԳԵՐ...»

Նայելով ապաչների «Դեղին թռչուն» խմբի համերգը

Երեկ եւ մանավանդ այսօր մարդկությանը, տարբեր հասարակություններին պատուհասող շատ ցավեր ու դժբախտություններ անպայման գալիս են նրանից, որ մարդը հեռացել, խորթացել է բնությունից, դադարել է նրա ներդաշնակ էության մի հարազատ մասնիկը լինելուց եւ դրանով հեռացել է իր արմատներից, իր բնածին-արարչածին էությունից ու իր կոչումից... Երկուշաբթի երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում (Արարատից ու Երեւանից հետո) ԱՄՆ Արիզոնա նահանգից եկած ապաչների «Դեղին թռչուն» ֆոլկլորային խմբի կատարումներըՙ այնքան անծանոթ, տարաշխարհիկ եւ այնքան գունեղ, ունկնդիր-դիտողիդ պահի դյութիչ կախարդանքով մեկեն դարձնում էին դեպի բնության մաքուր ձայներն ու մարդեղենությունը, եւ մարդկային ու քո ազգային կենսառատ արմատ-ակունքիդ հպվելու շշմեցուցիչ զորությունն էիր զգում: Եվ տարածական ու ազգային բաժանող գծերն ասես տեղի էին տալիս...

«Ինչպես դուքՙ հայերդ, ապաչներն էլ ունեն իրենց սուրբ լեռը,- առաջին ելույթը այս խոսքերով սկսեց խմբի ղեկավար Քեննեթ Դունկանը:- Մենք հավատում ենք, որ ձեր լեռը կենդանի է, ինչպես եւ մերը: Լեռան պարը մենք նվիրում ենք ձեր Արարատ լեռանը»: Ապա հաջորդը. «Այսօր առավոտյան ես արթնացա, երբ արեւը ծագեց: Այս երգը շնորհակալություն է արեւին, որ ծագեց: Թող բոլորս տեսնենք շատ այլ արեւածագեր...»: Ծիածանի, արծվի, ցուլի պարերը, օղակներով պարը, որ կյանքի շրջանը, նրա անսկիզբ-անվերջությունն էր խորհրդանշում: Ահա ապաչների բարձր լեռներում մի տղա մոտենում է աղջկանՙ իրենց ավանդական... սրինգը փչելով: Ապաչների երգ-աղոթքըՙ ծիսական մնջախաղով, մարդու ինքնամաքրման մի աներեւակայելի ապրում: Եվ ահա միասին երգելը, բարեկամության պարն ու «Երաժշտության միջոցով մենք կմիավորվենք». իրենց սրինգ-թմբուկը, մեր դուդուկ-դհոլ-զուռնենՙ փոխնիփոխ, ձեն-ձենի տված, այս ի՜նչ անակնկալ, զարմանալի փոխկանչ է, Տե՜ր Աստված... Եթե համաշխարհայնացում էՙ թող այսպես լինի, եթե միավորվելՙ այսպե՛ս միավորվել, ամեն մեկն անկողոպտելի իր գույն ու բույրով, իր համուհոտով, եւ այս դեպքում, հրաշք, ի՜նչ ներդաշնակություն է ստեղծվում:

Սա ժողովրդի դարավոր ու ավանդական մաքուր, եթե կուզեքՙ պաշտպանիչ արվեստի, մշակույթի անանց ուժն է: Որովհետեւ ճիշտ էՙ ժողովուրդներն իրենք են արվեստ ու մշակույթ ստեղծում, բայց եւ մշակույթն ինքը ժողովրդին, ազգին ժողովուրդ ու ազգ է պահում եւ մարդունՙ մարդ: Շնորհակալություն քեզ, «Դեղին թռչուն»: Շնորհակալություն եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությանըՙ այս անմոռանալի հանդիպումը մեզ պարգեւելու համար:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4