«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ԱՌԱՋԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Դպրոցական վերջին զանգի եւ բուհական ընդունելության քննական թեժ ամռան շեմին Ամերիկյան կրթական խորհրդատվական կենտրոնի Գյումրու տեղեկատվական կառույցը երեկ կազմակերպել էր «Կրթությունը XXI դարում» առաջին ցուցահանդեսը Շիրակի մարզկենտրոնում: Ուր գնալ սովորելու, ինչ մասնագիտություն ընտրել, ինչպես բուհ ընդունվել Հայաստանում, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում. այս եւ նման բոլոր մյուս հարցերում ապագա դիմորդներին կողմնորոշելու, օգնելու նպատակ ուներ «Միլենիում» սրահում ծավալված բավական ընդարձակ (թեեւ մեկօրյա) կրթական ցուցահանդեսը, որին ներկայացված էին ու մասնակցում էին երեք տասնյակից ավելի հայկական եւ ամերիկյան կրթական հաստատություններ: Դրանց թվում էին եւ Գյումրու մի քանի բուհերն ու մայրաքաղաքային բուհերի մասնաճյուղերը, պետական մանկավարժական եւ բժշկական ուսումնարանները, որ չգիտես ինչու այսօր քոլեջ են կոչվում: Կրթական հաստատությունները ներկայացել էին տեղեկատվական ամենաբազմազան նյութերով, նրանց ներկայացուցիչները դրանք տրամադրում էին բոլոր ցանկացողներին, պատասխանում այցելուներին հետաքրքրող հարցերին:

Մեծ թվով հիմնականում երիտասարդ այցելուներ գրաված ցուցահանդեսը ներառում էր նաեւ ճանաչողական-տեղեկատվական դասախոսությունների շարք, որի ընթացքում ներկայացվեցին Երեւանի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ֆրանսիական համալսարանները, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան, ԱՄՆ կրթական համակարգի կառուցվածքը եւ ամերիկյան բուհեր ընդունվելու կարգը, ուսուցման ու փոխանակման տարբեր ծրագրեր եւ այլն:

Միջոցառման պաշտոնական հովանավորներն էին ԱՄՆ Պետքարտուղարության կրթության ու մշակութային գործերի բաժինը եւ Հայգյուղփոխբանկը, տեղեկատվական հովանավորն էր «Շանթ» հեռուստառադիոընկերությունը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4