«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2006-05-30 | #99, 2006-05-31 | #100, 2006-06-01


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Վիճակահանության քմահաճույքով շախմատային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց հավաքականների մրցակիցը Չինաստանի ընտրանին էր: Չինաստանի տղամարդկանց հավաքականը նախորդ տուրում 4-0 հաշվով հաղթելով Վրաստանի շախմատիստներին, վաստակել էր 25,5 միավոր եւ միանգամից տեղ զբաղեցրել 2-րդ հորիզոնականում` ընդամենը 1 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող Հայաստանի ընտրանուց: Բնականաբար, այս թիմերի մրցավեճը 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումն էր, որի արդյունքը շատ բանով կարող էր կանխորոշել մեդալների համար մղվող պայքարի ելքը: Ընդհանրապես չին շախմատիստները աշխարհում բավական մեծ համարում ունեն: Մեր հավաքականը կրկին մրցասպարեզ էր ելել վերջին հանդիպումներում անփոփոխ մարտական կազմով: Առաջինը իրենց մրցավեճն ավարտեցին Կարեն Ասրյանն ու Վանգ Յուն, որոնք խաղաղ դաշն կնքեցին: Նշենք, որ Ասրյանի մրցակիցը իր թիմի կազմում մասնակցել էր նախորդ բոլոր 9 հանդիպումներին` վաստակելով 7,5 միավոր եւ չկրելով ոչ մի պարտություն: Այս փաստն արդեն վկայում է Ասրյանի մրցակցի ուժի մասին, որի անհատական վարկանիշը 2598 է:

Չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, որը պարզապես գերազանց է հանդես գալիս Թուրինում, սեւերով ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ: Գաբրիելը 10 հանդիպումներում վաստակել է 8,5 միավոր, ինչը լավագույն ցուցանիշն է մասնակիցների շրջանում:

Առաջին երկու խաղատախտակների վրա բավական համառ ու երկարատեւ մրցակցություն էր ծավալվել Լեւոն Արոնյանի եւ Բու Քսյանջիի, Վլադիմիր Հակոբյանի եւ Ժանգ Ժոնգի միջեւ: Նշենք, որ Բու Քսյանջին էլ մինչ այդ անպարտելի էր եւ անցկացրած նախորդ 8 պարտիաներում վաստակել էր 6 միավոր: Եվ ահա այդ մրցախաղերից առաջինը ավարտվեց Հակոբյանի պարտիան Ժանգ Ժոնգի հետ, որում սեւերով խաղացող հայ գրոսմայստերը հաղթանակ տոնեց: Հակոբյանն էլ բավական հաջող է հանդես գալիս օլիմպիադայում: Նա դեռեւս պարտություն չի կրել եւ անցկացրած 9 հանդիպումներում իր թիմին պարգեւել է 7,5 միավոր: Արոնյանը երկու զինվորի առավելություն ուներ, սակայն մրցակիցը համառորեն պաշտպանվում էր: Պարտիայում կատարվեց 99 քայլ: Ցավոք, Արոնյանին չհաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը եւ գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, հաղթելով 2,5-1,5 հաշվով, Հայաստանի հավաքականը 10 տուրից հետո վաստակեց 29 միավոր` ավելի ամրապնդելով առաջատարի դիրքը: Չինաստանի հավաքականը ունի 27 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:

Ռուսաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթելով ուկրաինացիներին, վաստակեց 26,5 միավոր: 26 միավոր ունեն ֆրանսիացիները, որոնք ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի հավաքականի հետ: Չեխերը հաղթելով Սլովենիայի հավաքականին (2,5-0,5), վաստակեցին 25,5 միավոր:

Կանանց մրցապայքարում առաջինն իր մրցախաղն ավարտեց Հայաստանի չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը: Ցավոք նա պարտվեց Հոյու Յիֆանին: Բարեբախտաբար Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց Յու Վանգին եւ հավասարեցրեց հաշիվը: Վերջինն իր մրցավեճը ավարտեց Լիլիթ Մկրտչյանը, որը սպիտակներով պարտվեց Զահո Խյուին: 10 տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը ունի 19 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4