Փարիզում մեկնարկել է թենիսի «Ռոլան Գարոսի» մրցաշարը, որն ընթացիկ մրցաշրջանում «Մեծ սաղավարտի» մրցանակի շարքին դասվող երկրորդ խոշորագույն մրցումն է: Մրցաշարը հաջող սկսեց Դավիթ Նալբանդյանը, որն առաջին փուլում պարտության մատնեց Վավրինկային (6-2, 7-6, 6-4): Իսպանացի Ռաֆայել Նադալն առաջին փուլում հաղթելով Ռոբին Սոդեռլինգին, հողածածկույթով կորտերում իր 54-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ գերազանցեց Գիլյերմո Վիլասի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս այդ նվաճմանը հասել էր 1977 թ. մեկ տարվա ընթացքում: Հանդիպումից հետո Վիլասը Նադալին հուշանվեր հանձնեց:
Մեկնարկը բավական դժվար էր թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերի համար: Առաջին երկու խաղափուլերում նա բավական դժվարությամբ պարտության մատնեց Խարտֆիլդին (7-5, 7-6) եւ միայն երրորդ խաղափուլում հաստատեց իր առավելությունը (6-2): Առաջին փուլի արգելքը հաղթահարեցին Թիմ Հենմանն ու Կառլոս Մոյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ