Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Մեկնարկային տուրում առաջնության առաջատարները նոր հաղթանակներ տոնեցին` ամրապնդելով իրենց դիրքերը: Երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել էր «Գանձասարին»: Վերջինս Կապանում հաջող է հանդես գալիս, որտեղ անցկացրած նախորդ երկու հանդիպումներն էլ շահել էր: Այս անգամ էլ «Գանձասարը» լուրջ դիմադրություն ցույց տվեց մրցակցին: Հանդիպման ելքը վճռեց 60-րդ րոպեին փյունիկցի Աղվան Մկրտչյանի խփած միակ գոլը: «Փյունիկը» 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Չեմպիոնի հետապնդումն է շարունակում երկրի գավաթակիր «Միկան», որն անհաջող մեկնարկից հետո վերջին հանդիպումները վերելքով է անցկացնում: «Շիրակին» էլ չհաջողվեց լրջորեն մրցակցել «Միկայի» հետ: Արդեն առաջին խաղակեսում դաշտի տերերը Ալեքսի, Արտաշես Ադամյանի եւ Արմեն Շահգելդյանի խփած գոլերի շնորհիվ վճռել էին հանդիպման ելքը: Ընդմիջումից հետո էլ «Միկայի» նորեկ Ֆուրսինը խփեց 4-րդ գնդակը` վերջակետ դնելով հանդիպմանը:
Համառ մրցապայքարում անցան տուրի մյուս երկու հանդիպումները: «Բանանցը» հյուրընկալել էր «Արարատին», որին առաջին շրջանում զիջել էր 0-1 հաշվով: Բնականաբար «Բանանցը» ձգտում էր ռեւանշի: Առաջին 15 րոպեներն անցան «Բանանցի» առավելությամբ, որը երկու անգամ կարող էր գրավել «Արարատի» դարպասը: Սակայն մի դեպքում Արամ Հակոբյանի հարվածը դիպավ դարպասաձողին, մյուս դրվագում Դինդիկովի հետ մենամարտում հաղթող դուրս եկավ «Արարատի» դարպասապահ Գառնիկ Հովհաննիսյանը: Արարատցիները աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը եւ իրենք էլ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց:
Դեռ նոր էր սկսել երկրորդ խաղակեսը, երբ արարատցիների ձեռնարկած կոմբինացիան դիպուկ հարվածով ավարտեց Էդգար Սաֆարյանը: Սակայն «Արարատին» ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլեւ մինչեւ խաղավարտ սեփական դարպասը 2 գոլ բաց թողեց եւ կրկին պարտվեց: «Բանանցից» աչքի ընկան Կարեն Սիմոնյանն ու Սամվել Մելքոնյանը:
7 անընդմեջ պարտություններից հետո «Ուլիսի» մարզչական կազմը Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ պաշտոնանկ էր արվել: «Կիլիկիայի» հետ 2-րդ շրջանի անդրանիկ խաղում «Ուլիսի» ղեկը ստանձնել էր Արսեն Չիլինգարյանը: Նրա նորամուտը հաջող ստացվեց: «Ուլիսը» առաջնությունում առաջին միավորները վաստակեց` 2-1 հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային», ընդ որում հաղթական գնդակը խաղավարտից 3 րոպե առաջ խփեց Գոռ Աթաբեկյանը: Այս խաղում հաշիվը 28-րդ րոպեին բացել էր հյուրերի հարձակվող Կարեն Նավոյանը: Եվ միայն 76-րդ րոպեին «Կիլիկիայի» ռմբարկու Նշան Էրզրումյանին հաջողվել էր վերականգնել հավասարակշռությունը: Այսպիսով, 2-րդ շրջանի մեկնարկում մրցաշարային աղյուսակում շերտավորում ստեղծվեց: Առաջատարները բավական առաջ են անցել իրենց մրցակիցներից, որոնց շատ դժվար կլինի վերացնել միավորների տարբերությունը: Արդեն այժմ կարելի է փաստել, որ մրցանակային տեղերի համար պայքարը կընթանա «Փյունիկի», «Միկայի» եւ «Բանանցի» միջեւ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 7 | 7 | 0 | 0 | 24-1 | 21 |
2. Միկա | 7 | 5 | 1 | 1 | 14-5 | 16 |
3. Բանանց | 7 | 4 | 1 | 2 | 15-6 | 13 |
4. Կիլիկիա | 7 | 2 | 2 | 3 | 9-12 | 8 |
5. Գանձասար | 8 | 2 | 2 | 4 | 5-13 | 8 |
6. Արարատ | 8 | 2 | 2 | 4 | 6-13 | 8 |
7. Շիրակ | 8 | 1 | 4 | 3 | 6-22 | 7 |
8. Ուլիս | 8 | 1 | 0 | 7 | 7-14 | 3 |
Ռմբարկուները
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 6 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 5 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 5 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 5 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 4 |
Բորիս Մելքոնյան | «Փյունիկ» | 4 |
Էդգար Սաֆարյան | «Արարատ» | 4 |
Գոռ Աթաբեկյան | «Ուլիս» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ