«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑՆ ԱՆԿԱՐԱ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԳԱ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Իսկ դա կողմերի համար ստեղծում է մերձեցումը համագործակցության վերածելու նախադրյալներ

Ապրիլի 25-ին Անկարա այցելեց ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, մայիսի 29-ինՙ Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին, իսկ մայիսի 31-ինՙ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հատկանշական է, ու հունիսի 1-ին, երբ ավարտվում էր Լավրովի Թուրքիա կատարած այցը, Վիեննայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Եվրոմիության եռյակն արտգործնախարարների մակարդակով սկսեց քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը: Քննարկումներին մասնակցեցին նաեւ Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Չինաստանը, իսկ Ռայսն ընդգծելով «միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու» Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքը, հայտարարեց. «Եթե Իրանը սառեցնի ուրանի հարստացման աշխատանքները, ապա Վաշինգտոնը պատրաստ է նրա հետ բանակցությունների»:

Նույն օրը պետքարտուղարին հաստատեց ԱՄՆ նախագահ ջորջ Բուշը եւ Իրանի միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրելու երաշխիք տվեց:

Ի տարբերություն Ռայսի եւ Լիվնիի, Անկարայում Լավրովին ընդունել է միայն Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, այլ ոչ թե նրա հետ նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հակառակ դրան, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի եւ Լավրովի հանդիպմանը, առաջնահերթ նշանակությամբ քննարկվել են այն հարցերը, ինչ քննարկվել էին Ռայսի եւ Լիվնիի հետ հանդիպումներում:

Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, Իրաքի քաղաքական զարգացումներին եւ Պաղեստինում «Համասի» իշխանությանը: Եթե Ռայսի եւ Լիվնիի հետ Գյուլի հանդիպումները երեւան էին հանել նշված հարցերի առնչությամբ Թուրքիայի տարաձայնություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ, ապա Լավրովի հետ հանդիպումը բացահայտել է այդ հարցերին թուրքական եւ ռուսական կողմերի համահունչ մոտեցումը:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսում Գյուլն ասել է, որ Իրանի հարցում հիմա ավելի լավատեսական են, այդ երկրի դեմ ռազմական որեւէ գործողության մասին երբեք չեն մտածում եւ Վաշինգտոնը Թուրքիայի տարածքն օգտագործելու ոչ մի պահանջ չի ներկայացրել Անկարային:

Այնուհետեւ Գյուլը մատնանշել է Իրաքում հետզհետե սրվող միջէթնիկ, միջդավանանքային հակասությունները եւ, ինչպես Իրաքի սահմանադրության, այնպես էլ Քիրքուքի առնչությամբ հայտնել է Անկարայի մտահոգությունները: Նա ռուս-թուրքական հարաբերությունները գնահատելիս դրանք բնութագրել է իբրեւ «բազմակողմանի գործընկերություն», ընդգծել է ներկայումս 12.6 մլրդ դոլար կազմող երկկողմ առեւտրի շրջանառության ծավալները, 25 մլրդ-ի հասցնելու թուրքական առաջադրանքի մասին եւ ավելացրել, որ Թուրքիան այլ երկրների համար դառնում է էներգետիկ տերմինալ:

Երկու երկրների «բազմակողմանի գործընկերության» հարցում հաստատելով Գյուլին, Լավրովը նշել է, որ Իրանի, Իրաքի, Պաղեստինի, ինչպես նաեւ սեւծովյան համագործակցության հարցերում կողմերի տեսակետները համընկնում են: Ռուսաստանի արտգործնախարարը Կիպրոսի հարցի կարգավորումը պայմանավորելով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, ակամա աջակցել է Անկարային, ապա գոհունակությամբ է արտահայտվել Թուրքիայի որդեգրած էներգետիկ քաղաքականության մասին: Նա գոհունակություն է հայտնել նաեւ Սիրիայի հետ Թուրքիայի մերձեցման առնչությամբ, պահանջելով, որ Անկարան շարունակի ջանքերըՙ նպաստելու համար սիրիական պետության եւ Լիբանանի հարաբերությունների կարգավորմանը:

«Զաման» թերթը, լուսաբանելով Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա, նշում է, որ Իրանի եւ Իրաքի հարցերում ներդաշնակ մոտեցումներ ցուցաբերող այս երկու երկրների արտգործնախարարները, որոնք հարաբերություններ էին հաստատել «Համասի» հետ, Պաղեստինի հարցում հանգեցին ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի դիրքերի ամրապնդման, Պաղեստինի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը շարունակելու, հակամարտության կարգավորման համար կողմերին բանակցությունների սեղանի շուրջը հրավիրելու, միակողմանի լուծումը մերժելու եւ «Ուղեգծին» հետամուտ լինելու եզրակացության:

Ըստ թուրքական թերթի, ռուս-թուրքական համագործակցությունը Սեւ ծովում շարունակելու որոշում ընդունած Գյուլն ու Լավրովն ընդհանուր հայտարարի են եկել նաեւ «սեւծովյան ուժերի (ռուսական) նախաձեռնությանը նպաստելու եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանն ամրապնդելու» հարցերում:

Լավրովը Գյուլին է փոխանցել Թուրքիայում նախատեսվող երկու ատոմակայանների կառուցումն ստանձնելու ռուսական ֆիրմաների հավակնությունը, իսկ վերջինս հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում: Սա այն դեպքում, երբ պետքարտուղար Ռայսն Անկարայում մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը էներգետիկայի ոլորտում մենաշնորհային պետություն է դառնում եւ էներգետիկ պաշարներն օգտագործում է ռազմավարական նպատակներով:

Ռուսաստան-Թուրքիա մերձեցումն ակնհայտ է: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն Անկարա կողմերի համար ստեղծում է մերձեցումը համագործակցության վերածելու նախադրյալներ: Դա բխում է Ռուսաստանի, առավել եւս Թուրքիայի շահերից, որովհետեւ մեծապես ընդլայնում է ԱՄՆ-ի ազդեցությունը Եվրոմիությամբ հակակշռելու եւ նրանց միջեւ խուսանավելու Անկարայի հնարավորությունները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4