Քոչարյանը եւ Ալիեւը հունիսի 5-ին կհանդիպեն Բուխարեստում
Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը շահավետ է բոլորի եւ առաջին հերթին Հայաստանի համար: «Պանարմենիան.նեթ» ինտերնետային կայքէջին տված հարցազրույցում թերեւս եզակի անգամ նման հստակությամբ Ֆրանսիայի դիրքորոշումն արտահայտել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Ըստ դեսպանի, Թուրքիայի մոտեցումը եվրոպական նորմերին տարածաշրջանի համար կունենա կայունացնող ներգործություն: Դրանից կշահեն բոլորը, առաջին հերթին Հայաստանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքից, Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ռամբույեի հանդիպումից հետո Երեւանի ու Բաքվի շփումներն ակտիվացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսի սկզբին կայանալիք նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Կյունիի խոսքերով, հենց այդ նպատակով երեք երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այցելեցին Երեւան եւ Բաքու:
Հունիսի 3-4-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մանը (Մ. Նահանգներ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Բուխարեստում տեղի ունենալիք երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո հունիսի 5-ին նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Թե որքանո՞վ Բուխարեստը կտարբերվի Ռամբույեից, կանխավ դժվար է գուշակել, բայց եթե հավատալու լինենք Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Թաիր Թաղիզադեի խոսքերին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցություններում 8-10 բաղկացուցիչ է քննարկվում: Ի դեպ, ըստ Ինտերֆաքսի, Թաղիզադեն նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը նախատեսված է նաեւ բանակցային գործընթացի շրջանակներում քննարկվող կարգավորման նույն այդ 8-10 բաղկացուցիչներից մեկով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ