«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՇՈՒՇԻԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՏՆՕՐԻՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ

Շուշիի բանալիները պետք չէ որոնել Ռուսաստանում կամ Միացյալ Նահանգներում, դրանք Թավրիզում են: «Թավրիզի ազատագրումը պարսիկներից Ղարաբաղի ազատագրումն է», «Պանարմենիան.նեթ» կայքէջի համաձայնՙ հայտարարել է Ադրբեջանի կրթության նախկին նախարար Ֆերուդդին Ջալիլովը: Ըստ նրա, առօրեական եւ կենսական խնդիր է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի ազատագրման հարցը, ի դեպ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Մ. Նահանգները եւ ո՛չ էլ Թուրքիան չեն ցանկանում, որ Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջանները միավորվեն: Իսկ Հարավային Ադրբեջան ասվածը ներկայիս իրանական տարածք է:

Ջալիլովի նման հայտարարությանն ի պատասխան քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն առաջարկել է չփնտրել Շուշիի բանալիները: «Շուշիի բանալիները քաղաքի իսկական տերերիՙ Ղարաբաղի հայերի ձեռքերում են»: Ըստ Մելիք-Շահնազարյանի, Թավրիզն, ինչպես նաեւ Իրանի այլ թուրքալեզու քաղաքներն ազատագրման կարիք չունեն, քանի որ հինավուրց պարսկական բնակավայրեր են, իսկ բնակիչներըՙ էթնիկ պարսիկներ: Ընդ որում, այդ մասին Մելիք-Շահնազարյանի խոսքերով, Բաքվում լավ գիտեն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4