Սպասե՞նք... Վերեւում դեռ ժողո՞վ է...
Երբ ժամանակին իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, հրաժարականի մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատճառները ենթադրություններից հեռու չգնացին: Եվ դրա համար բնավ էլ երկար ժամանակ չպահանջվեց. Տեր-Պետրոսյանի նման քայլն ընդհանուր սցենարի մաս էր:
Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը ոչ միանգամից, ոչ էլ հիմա չի գտել իր հստակ բացատրությունը: Իսկ հրաժարականի պատճառների մասին ենթադրությունները բազմաթիվ են, որոշ դեպքերում` տրամագծորեն հակառակ: Եթե ավելացնենք նաեւ մեր երեսփոխանների փոխհայհոյախոսության պատրաստակամությունը, եզրակացությունն ակնհայտ է. շատերն են անտեղյակ Բաղդասարյանի հրաժարականի իրական պատճառներին ու հնարավոր հետագա զարգացումներին:
Ուրեմն ի՞նչ: Արթուր Բաղդասարյանի հրաժարականը հարցականների տեղի՞ք է տվել: Զավեշտի աստիճան տափակ ինքնարտահայտմամբ աչքի ընկած խորհրդարանականները «Օրինաց երկրի» առաջնորդի հրաժարականի առնչությամբ ավելի հակված են կարծելու, թե դա իշխանական պատվեր է` նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում կառավարելի քաղաքական ուժ ունենալու նպատակով: Լավ, եթե այդպես է, ուրեմն պետք է ընդունել, որ բացարձակապես սխալ են «Օրինաց երկրին» քաղաքական մահվան դատապարտող տեսաբաններն ու այսպես կոչված քաղաքական գործիչները: Բացի այդ, կոալիցիայից դուրս հայտնված կուսակցության որոշ ներկայացուցիչներ «վերեւից պատվեր» կատարելու պարագայում պիտի տեղյակ լինեին ու «վարձուների» նման առնետավազքով չարտահայտեին կուսակցական գաղափարներին զորավիգ լինելու սեփական խոսքերի սնանկությունը:
Մյուս կողմից, ի՞նչ ունենք մենք ընդդիմադիր դաշտում, որ կարող էր այնքան «սարսափեցնել» իշխանական վերնախավին, որը շախմատային իրադրությունների ու լուծումների առանձնակի ընդունակություններ չի դրսեւորում: Նման պարագայում հայաստանյան քաղաքականության «խաղացողները» հազիվ թե նստեին ու բարդ, անիմաստ թվացող «զոհաբերությամբ» փորձեին պայքարել ընդդիմության դեմ: Հատկապես որ հստակ երաշխիքներ որեւէ մեկը չի կարող տրամադրել: Ավելին, առանց այն էլ մի քանի «գլխանի» դարձած ընդդիմությունը չի աշխատում «մեկ գլուխը լավ է, երկուսն` ավելի» սկզբունքով: Մեր ընդդիմադիրները միմյանց խանգարելու ու ոտնատակ տալու ոչ միայն ցանկություն ունեն, այլեւ գործելակերպ:
Եվ ընդհանրապես, երբ խոսում են հայկական ընդդիմությունից, ակամա հիշում ես մեր ազգին վերագրվող խիստ «անհատականություն ու խելացի» լինելու կարծրատիպը: Փաստորեն պատմությունը մեր խելոքներին ոչինչ չի սովորեցնում, այլապես ինչո՞ւ են նրանք մնում ենթակա ամենասովորական քաղաքական տեխնոլոգիայով առաջնորդվելու ու կառավարելու մեթոդիկայինՙ բաժանիր, որ տիրես: Այն, ինչ տեղի ունեցավ «Օրինաց երկրի» հետ, ավելի շուտ հենց այդ տեխնոլոգիայի գործադրումն էր, որը փաստվել է ներկա ընդդիմադիրների իրարամերժ կեցվածքով:
Հակադիր մոտեցման դեպքում ի՞նչ ունենք իշխանական թեւում կամ հենց նույն կոալիցիայում, որտեղ եռակողմ իրավիճակի երկբեւեռումը կարող էր ցանկալի կամ նպատակային լինել, ասենք, Դաշնակցության (Հանրապետականն արդեն ուներ «առյուծի» բաժինը, որին ավելացավ ԱԺ նախագահի պաշտոնը) համար, որ այս իրավիճակից բավականին շահեց: Կոալիցիոն հուշագրի ստորագրումից սկսած փլուզվելու կանխատեսումներով գոյատեւած քաղաքական միավորումն, ի վերջո, քանդվեց: Սակայն «Օրինաց երկրի» վրա առանձնակի շեշտադրում անելու կարիք չկա, քանի որ մի մեծ ընտրություն էլ չկար` ԱԺ ընթացիկ գումարման խաղավարտին ու նոր զարգացումների նախաշեմին եռանկյուն «միությանը» մեկ անկյունից զրկելու հարցում: Հարկ է նշել, որ ՕԵ-ից տարբեր ընտրության պարագայում քաղաքական խճանկարն այսքան հետաքրքրական ու խառնափնթոր չէր ստացվի` կուսակցական պատկանելությունը հապճեպորեն թոթափող «անհատների» բեմականացմամբ: Ի դեպ, «Օրինաց երկրից» փախած պատգամավորների իշխանական դաշտում գործելու մեծագույն ցանկությունը «լքված» կուսակցության շնորհակալությանը պիտի արժանանա, այլապես սպասվող խորհրդարանական ընտրություններում նման «տարրը» կարող է կրկին ու կրկին դառնալ խաղաքարտ:
Եվ այսպես, ի՞նչ փոխվեց Արթուր Բաղդասարյանի եւ «Օրինաց երկրի» քաղաքական վերին էշելոնից հեռացման արդյունքում կամ, ավելի շուտ, որքանո՞վ էր ձեռնտու հենց այս պահին կոալիցիոն քաղաքական միավորին թեկուզ ժամանակավոր «խաղից դուրս» բերելը: Նախ, իրադարձությունների այս պարույրում ոչ մի կերպ չի կարելի անտեսել նորաստեղծ ու նորաբուս մեկ-երկու կուսակցությունների հանգամանքը: Եթե առանց այն էլ «բարեբեր» քաղաքական բոստանում կուսակցությունների առատությունը գլոբալ իմաստով մշակութային խնդիր է դարձել, ապա շատ հարմար տարբերակ է շարքից «Օրինաց երկրի» նման կուսակցությանը դուրս մղելու մոտեցումը` նորաբողբոջ-նորափթիթ կուսակցությունների համար տեղ ազատելու տրամաբանությամբ:
ՕԵ «չեզոքացումը» պակաս հարմար հանգամանք չէ մեր երկրում ազդեցությունների ու ամենակուլ շահի նյութականացման համար կլանային պայքարի առումով: Այս տարբերակի օգտին է վկայում հատկապես գործարար ՕԵ-ականների փախուստը կուսակցությունից. նոր հովանավորների հայտնություն, փնտրտուք եւ այլն: ՕԵ-ական ու այլքի դիրքորոշումների տարբերությունների հրապարակային առճակատումներն էլ ազդեցությունների ու ապագա «ստավկաների» որոշակիացման տիրույթի խնդիրներ են:
Ի վերջո, «Տարվա եվրոպացի» Արթուր Բաղդասարյանին շոկի մեջ գցելու կամ նման իմիտացիա ներկայացնելու իրավիճակը անհեռանկար ու պատեհապաշտ չէ իշխանության «տնօրենների» համար: Այլապես ի՞նչ տրամաբանությամբ բացատրել քաղաքական դաշտում այս ու այն կողմ մեղադրանքների «սփռումը», նախագահ Քոչարյանի «սցենարի» գոյության պիտակները, Արտաշես Գեղամյանի «աքլորակեցվածքը», Սերժ Սարգսյանի «գնողունակության» ու մյուսների «ծախվածության» հայտարարությունները, «անասնագոմի» որակում ստացած ազգայինժողովականների հիստերիկ հրճվանքը, պոպուլիստական ինքնաբավությունն ու պաշտոնախաղի հանրապետական-դաշնակցական-այլք փոխատեղումները:
Մեկ էլ մի դիտարկում. մենք` բոլորս, գիտակցաբար կամ ոչ, գտնվում ենք վախի որոշակի մթնոլորտում: Այլապես համարձակություն չէր համարվի պաշտոնից հրաժարված ԱԺ նախագահին «հերոսաբար» քարկոծելը: Ամեն դեպքում, միշտ եւ բոլորի համար վատ չի լինի որեւէ բան դուրս տալուց առաջ մի քիչ մտածելՙ դա կլինի ԱԺ նախագահի ընտրություն թե «կուսակցական» մաշկափոխություն:
ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ