Ասում է ԱԺ նորընտիր նախագահ Տիգրան Թորոսյանը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում, փակ գաղտնի քվեարկությամբ, 94 կողմ, մեկ դեմ, երկու անվավեր համարված քվեաթերթիկով խորհրդարանի նոր նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության առաջադրած միակ թեկնածու Տիգրան Թորոսյանը:
ԱԺ նոր նախագահը ծնվել է 1956 թվականին, տեխնիկական գիտությունների թեկնածու է, 10 գյուտի եւ 30-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ: 1999-2003 ԱԺ պատգամավոր էր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, 2003-ին խորհրդարան է եկել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով եւ անմիջապես էլ ընտրվել ԱԺ նախագահի տեղակալ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, եվրոկառույցներին Հայաստանի ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: ՀՀԿ փոխնախագահն է, ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Տիգրան Թորոսյանի թեկնածությունը երեկ առաջադրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Մինչդեռ հենց Գալուստ Սահակյանին, ինչպես եւ նախապես խոստացել էր, ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Գ. Սահակյանն անմիջապես ինքնաբացարկ հայտնեց, մնացածն ընթացավ այնպես, ինչպես շատ անգամ կանխատեսել էին մամուլն ու քաղաքական դաշտը: Ելույթ ունենալով խորհրդարանում որպես ԱԺ նախագահի թեկնածու` Տ. Թորոսյանը կարեւորեց 3 հիմնական խնդիր` սահմանադրական փոփոխությունների լիարժեք ներդրումն օրենսդրության մեջ, առաջիկա ընտրությունների եվրոպական չափանիշներով անցկացումը, անհրաժեշտ քաղաքական մթնոլորտի ստեղծումը ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս:
Մանրամասնելով` նա կանխեց հնարավոր հարցերը, թե արդյոք անցած երեք տարիներին չի՞ արվել այնքան, որ այժմ շտկումների անհրաժեշտություն է տեսնում, Տ. Թորոսյանը շտապեց ասել. «Արթուր Բաղդասարյանի հետ 3 տարի աշխատել ենք արդյունավետ, չէի ուզենա իմ ելույթը մեկնաբանվեր իբրեւ նրա հետ աշխատանքի հակադրություն»:
Նրան հարց ուղղողները մշտական հետաքրքրությունների շրջանակում էին: Շավարշ Քոչարյանին հետաքրքրում էր Վենետիկ ուղարկված իր այլընտրանքային նախագիծը, Հմայակ Հովհաննիսյանին` ինչպե՞ս է հակակշիռ լինելու Հանրապետականի ղեկավարած ԱԺ-ն Հանրապետականի ղեկավարած կառավարությանը, Գագիկ Ավետյանը 2019 թվականի 500 հազարանոց Հայաստանից էր հարցնում, Արամ Գ. Սարգսյանին եւս Հ. Հովհաննիսյանի հարցն էր հուզում: Բոլորը հղում էին անում, որ իրենք Թորոսյանի անձի հետ կապված խնդիր չունեն, այլՙ համակարգի եւ իրավիճակի: Տ. Թորոսյանն այնպիսի մարտավարությամբ էր պատասխանում, որ հարց տվողները թեեւ իրենց հարցերի պատասխանը չէին ստանում, բայց հարցը առանձնապես չէին էլ կրկնում: Արշակ Սադոյանը արտահերթ նիստն անվանեց «Փակ, գաղտնի քվեարկություն» անունով ներկայացում: Արտաշես Գեղամյանը թվերի մի ամբողջ շարք բերեց «Գելապի» եւ ԱՄՆ հանրապետական ինստիտուտների հարցումներից, որոնցում մեր երկիրն ու մեր հասարակությունը պարզապես ողբալի վիճակում են ներկայացվում` քննարկումներից օգտվել վաղուց էր խոստացել: Նույնն արեց Գրիգոր Հարությունյանը` հիշելով տարբեր «վատ» առիթներով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովների չստեղծումը, Վիկտոր Դալլաքյանն էլ պատմական էքսկուրսներով խոսեց, էլի բարձր դասելով Տ. Թորոսյանի անձը:
ՕԵԿ-ի անունից հանդես եկած Արթուր Բաղդասարյանը կոչ արեց ընտրել իր ընկերոջըՙ Տ. Թորոսյանին, ի շահ երկրի հեղինակության, խոստացավ ՕԵԿ-ի միասնական կողմ քվեարկությունը: Նույնն արեց նորաստեղծ «Գործարարից» Մեխակ Մխիթարյանը: Վահան Հովհաննիսյանն ու Գրիգոր Ղոնջեյանն էլ խոստացան ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը: Այդպես էլ ոչ ոք չխոսեց «Ժողպատգամավորից»: Փաստն այն է, որ 16 անց 30 սկսված քվեարկությանը ներկայացավ 97 պատգամավոր, նրանցից 94-ը կողմ քվեարկեց, չնայած քննարկումների ընթացքում Վիկտոր Դալլաքյանը հաշվում էր ՀՀԿ-ի 39, ՀՅԴ-ի 11, ՄԱԿ-ի 6 , ընդհանրապես մեծամասնության 57 ձայն: Քվեարկությունը թերեւս ավելի խոսուն էր բոլոր հնչող կարծիքներից եւ բառերից. հարկ եղած դեպքում այս ռեկորդը կարող է կրկնվել ե՛ւ մյուս թափուր հաստիքների, ե՛ւ մեծամասնությանն անհրաժեշտ այլ հարցերի քվեարկության ժամանակ:
Ողջ օրվա ընթացքում Տ. Թորոսյանը լրագրողների շրջանակում էր եւ մի քանի անգամ հարցազրույց տվեց: Նրա վերջին հարցազրույցն արդեն նախագահ դառնալուց հետո էր, լավ եւ թեթեւ տրամադրությամբ, եւ տրված էր թե՛ լուրջ, թե՛ անլուրջ հարցերին: Նոր ԱԺ նախագահը լրագրողներին հայտնի իր ձեռքի հեռախոսահամարը չի փոխելու, նոր պաշտոնը հանրապետականների հետ նշելու է, ինչպես ամեն մի նորմալ մարդ, նորմալ խմիչքով` կոնյակով, կարեւորը առիթն է եւ ոչ թե բաժակի պարունակությունը (հանրահայտ է, որ Տ. Թորոսյանը ոգելից խմիչքի նկատմամբ սեր չունի): Չի ուզում մտածել իրեն 1 դեմ քվեարկողի, այլ ուզում է մտածել այն 94 մարդու մասին, ովքեր վստահել են նրան` դա անկեղծորեն շատ մեծ պատասխանատվություն է: Գնահատելով ընտրության ողջ գործընթացը` նա շատ կարեւոր համարեց, որ մեծ թվով մարդիկ մասնակցեցին քվեարկությանը, նաեւ լիարժեք քննարկում տեղի ունեցավ, երբեմն առանձնակի շեղումներով: Աշխատակազմում փոփոխություն անելո՞ւ է. նրա միակ մոտեցումը որեւէ մեկի աշխատանքին` աշխատանքի բովանդակությունն է, անկախ այն բանիցՙ մարդը կուսակցական է, թե ոչ, հանգստացրեց նորընտիր նախագահը: Ցանկություն ունի՞ ղեկավարելու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը. ո՞վ է ղեկավարելուՙ սա երկրորդ խնդիրը համարեց, առաջնային համարելով այն, թե ինչ խնդիրներ կան եւ ի՞նչ արդյունավետ լուծումներ կգտնվեն: Այս եւ մի շարք խնդիրների լավագույն լուծումները խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների հետ խորհրդակցություններում կգտնվեն. «Ճիշտ կլինի հունիսյան նստաշրջանին այնուամենայնիվ մասնակցելը, անգամ եթե չշարունակեմ աշխատանքը խորհրդարանական վեհաժողովում, ես այնտեղ նույնպես ունեի պարտականություններՙ որպես մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, որպես «Եվրոպայի ժողովրդավարներ» խմբի փոխնախագահ: Մի քանի օր է մնացել մինչեւ նստաշրջանը, այսօր դժվար է կտրուկ որոշումներ ընդունել, բայց համոզված եմ, մենք կգտնենք լավագույն լուծումները, առավել օգտակար մեր երկրի համար»:
Փոխնախագահի տեղն արդեն թափուր է, ե՞րբ կանդրադառնա խորհրդարանն այդ խնդրին. ըստ Տ. Թորոսյանի` մի բան ակնհայտ է, որ հարցն ինքնաբերաբար մտնելու է օրակարգ, եւ եթե առաջիկա քառօրյայում հնարավոր չլինի քննարկումներ անել, կա՛մ պիտի հրավիրվի արտահերթ նստաշրջան, կա՛մ մնա աշնանը: Պատկերացնո՞ւմ էր, որ երբեւէ կդառնա ԱԺ նախագահ. «Ես երբեք պաշտոնների մասին չեմ երազել... ընդհանրապես կյանքը շատ դժվար է կանխատեսել երկար ժամանակի համար: Կարեւոր է պաշտոն ստանձնելիս մեկ բանՙ երբեք չմոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, պաշտոնը զբաղեցնելիս չանել այնպիսի բաներ, որոնք ստվեր կգցեն այդ պաշտոնի վրա: Որովհետեւ պաշտոնը որեւէ մեկիս սեփականությունը չէ, նման պաշտոնները պետությանն են եւ պահանջում են համապատասխան վերաբերմունք», ասաց նա:
ԱԺ նոր նախագահը լրագրողներին մաղթեց լինել անաչառ:
Հ.Գ. Երեկ, ի դեպ, լրագրողները երկու բաց քվեարկության դեպքեր էին նկատել, բայց դա չմթագնեց ԱԺ նախագահի ընտրությունը: