«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՈՉ ՄԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՋՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Անդրանիկ Անդրեասյանը կոչ է անում փոխել վերաբերմունքը մեր ազգային հարստության նկատմամբ

Կառավարությունը հաստատել է այս տարի ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակը: Ինչպես եւ նախորդ տարի, բաց թողնվող ջրի բազային չափը կկազմի 120 մլն խմ: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Սակայն նա նաեւ նշեց, որ տարվա ընթացքում որոշակի ճշգրտումներ են լինում եւ բաց թողնվող ջրի քանակը կազմում է 140-145 մլն խմ: Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի հավաստմամբ, այդ բացթողումն էական ազդեցություն Սեւանա լճի մակարդակի վրա չի թողնում: Այս տարվա սկզբից լճի մակարդակը բարձրացել է 42 սմ-ով, անցյալ տարիՙ 40 սմ-ով, իսկ նախանցյալ տարիՙ նույնպես 42 սմ-ով: Նշվեց, որ եթե Արփա-Սեւան թունելով տարեկան Սեւանա լիճ է մտնում մոտ 260 մլն խմ ջուր, ապա ոռոգման նպատակներով բաց է թողնվում 140-145 մլն խմ:

Անդրանիկ Անդրեասյանը պատասխանեց նաեւ ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված բազմաթիվ այլ հարցերի: Ի պատասխան մեր հարցի, թե ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերը ե՞րբ հնարավորություն կտան դադարեցնելու այդ համակարգի սուբսիդավորումը պետական բյուջեից եւ որքա՞ն է կազմել սուբսիդավորումն այս տարի, կոմիտեի նախագահը պատասխանեց, որ շուտով կհաստատվեն ոռոգման համակարգի ֆինանսական զարգացման ծրագրերը, որից հետո ինքը կհայտնի ճշգրիտ թվերի մասին: Նշելով, որ սուբսիդավորումը այդ ընթացքում վերջնականապես դեռ չի վերանա, նա միաժամանակ հայտնեց, որ տարեցտարի այդ գումարը նվազման միտում պետք է ունենա: Ներկայումս 53 ջրօգտագործողների ընկերություններից (ՋՕԸ) 16-ը սահմանել են 8 դրամից ցածր ոռոգման ջրի սակագին, իսկ մյուսներըՙ 8 դրամ: Վերջիններիս դեպքում ջրի ինքնարժեքի եւ սակագնի տարբերությունը վճարվում է պետական բյուջեից:

«Ոռոգման ջրավարձերի հավաքմանը նպաստե՞ց խոշոր պարտքեր ունեցողների ցուցակի հրապարակումը» հարցի կապակցությամբ Անդրանիկ Անդրեասյանն այն կարծիքը հայտնեց, որ միայն վարչական մեթոդներով նման հարցերը չեն լուծվում եւ հրապարակայնությունն այստեղ իր նպաստն է բերում: Բացի ցուցակների հրապարակումից, իրականացվում են նաեւ այլ քայլեր: ՋՕԸ-ներում ներդրվում են համակարգչային ծրագրեր, որոնք ցույց են տալիս ջրառի, ջրտուքի ամենօրյա ցուցանիշներն ու ֆինանսական հոսքերը: Անցում է կատարվում ոչ կանխիկ վճարումների, ջրավարձերը չվճարողների ցուցակներ են փակցվում նաեւ գյուղերում եւ այլն:

Ներկայումս ոռոգման համակարգը շատ լարված է աշխատում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով: Եթե մեկ ամիս առաջ անընդհատ տեղումներ էին, եւ կուտակված ոռոգման ջրի մատակարարման պահանջ չէր առաջանում, ապա այժմ այդ պահանջարկը բոլորի մոտ միանգամից է առաջացել:

Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա ջրային տնտեսության կոմիտեի նախագահը որպես առավել ցավոտ հարց նշեց կորուստների կամ ջրագողության զանգվածային առկայության փաստը: Հատկապես այս շրջանում, երբ առանձնատների բնակիչները խմելու ջրով նաեւ ոռոգում են իրենց տնամերձները, կորուստները մեծանում են, քանի որ ոռոգման նպատակով ծախսվող ջուրը չի հաշվառվում: Ջրամատակարար ընկերությունները պատրաստ են անգամ որոշ զեղչեր առաջարկել, միայն թե այդ ջուրը հաշվառվի: Անդրանիկ Անդրեասյանը հայտնեց, որ Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգի վարձակալ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության ստեղծած «Երեւան ջուր» ընկերությունը կներդնի նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան տեսնել հոսակորուստներն ու պայքարել դրանց դեմ, քանի որ դա է պահանջում ընկերության բիզնես շահը:

Վերջում կոմիտեի նախագահը կոչ արեց երեւանցիներին փոխել վերաբերմունքը մեր հարստությանՙ ջրի նկատմամբ, այլապես «ոչ մի ֆրանսիացի, իտալացի, բրիտանացի մեր հարցերը մեր փոխարեն չի լուծի եւ ջրի պատճառով պատերազմ չի սկսի երեւանցիների հետ»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4