«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր

2007 թվականին կառանձնացվեն հանրապետության հանրակրթական այն 17 հաստատությունները, որտեղ հատուկ խնդիրներով երեխաների հետ ուսում ու խնամք են ստանում նաեւ առանց ծնողական խնամքի մնացած կամ որբ երեխաները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Ելենա Հայրապետյանից տեղեկացանք, որ կառավարության որոշմամբ բյուջեից արդեն միջոցներ են հատկացվել այդ նպատակին: Հայաստանում 52 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կան, ուր առանց ծնողական խնամքի, սոցիալապես անապահով, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաները ապրում եւ ուսանում են մեկտեղ:

52 դպրոցներից տասը կդառնան հանրակրթական, ուր կսովորեն առանց ծնողական խնամքի եւ տեսողական, լսողական խնդիրներ ունեցող երեխաները: Իսկ հատուկ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները կառանձնացվեն առանձին հաստատություններում: Այն երեխաների համար, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից են, ստեղծվելու են գիշերօթիկ խնամքի հաստատություններ: Երեխաները կգիշերեն այստեղ եւ կրթություն կստանան ամենամոտ հանրակրթական հաստատությունում, այսինքն, կգործի մոտավորապես մանկատներին մոտիկ մի մոդել:

Աջակցություն կտրամադրվի նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների ընտանիքներին, որպեսզի երեխաներն իրենց հանգիստն ու ազատ օրերն անցկացնեն ընտանեկան հարկի տակ: Այսինքն, ինչ-որ չափով կինտեգրվեն սեփական ընտանիքներին: Նրանք այլեւս կրթություն չեն ստանա իսկապես մեկուսացնելու ենթակա, հատուկ խնդիրներ ունեցող երեխաների կողքին` ապահովագրվելով ստրեսներից ու հոգեբանական բացասական ներգործություններից:

Հատուկ հանրակրթական ուսումնական 52 հաստատություններում այս պահին սովորում են 10-11 հազար երեխաներ: Պետական նախաձեռնությամբ այս երեխաների ճակատագրում եւս որոշակի փոփոխություններ կկատարվեն: Հասարակական մի քանի կազմակերպություններ լայնածավալ ուսումնասիրություններ են սկսել գտնելու այն երեխաներին, ովքեր խնամակալներ, հարազատներ կամ կենսաբանական ընտանիքներ ունեն: Եթե այո, ապա նրանց կտեղափոխեն այդ ընտանիքները:

Այս օրերին երեխաներին կենսաբանական ընտանիքներ տեղափոխելու նպատակով առաջիկայում ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների միջեւ մրցույթ է կայանալու: Ուսումնասիրվելու են Լոռու մարզի 5 հաստատություններ` սրանք հատուկ ուսումնական հաստատություններ են եւ Վանաձորի ու Սպիտակի մանկատները: Երեխաները հայրական տուն կտեղափոխվեն, եթե բնակարան լինի, եւ եթե նրանց ծնողները կենդանի լինեն: Այս ընտանիքներին պետությունը բազմապիսի աջակցություն կտրամադրի` նյութական միջոցներ, հնարավորության սահմաններում` նաեւ աշխատանք նրանց գործազուրկ ծնողներին: Սա յուրատեսակ բեռնաթափման ծրագիր է, որի շնորհիվ թեկուզ քիչ քանակի երեխաներ, այնուամենայնիվ, կտեղափոխվեն իրենց իսկական ընտանիքները:

Հայաստանում այսօր 8 պետական եւ 5 բարեգործական մանկատներ կան: 935 երեխա խնամվում է 8 մանկատներում, 300-350-ն էլ` բարեգործականում:

Առանց ծնողական խնամքի երեխաները մանկատների երեխաների թվի 10-15 տոկոսն են կազմում, մնացածները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Ըստ կարգի, երեխային մանկատուն հանձնող ծնողը պարտավորվում է զբաղվել նրա դաստիարակությամբ նաեւ մանկատանը, եւ ֆինանսական վիճակի բարելավման դեպքում առաջիկա 6 ամսվա կամ մի տարվա ընթացքում հետ վերցնել նրան մանկատնից: Սակայն իրականությունն այն է, որ ծնողները երբեմն նույնիսկ տարիներով չեն գալիս երեխաներին այցելության:

Այս խմբի երեխաների համար երբեմն ընտանիք ունենալու միակ ուղին դառնում է որդեգրումը: Անցած տարի 87 երեխաներ են որդեգրվել. 36-ը` օտարերկրացիների կողմից, մնացածը` ՀՀ քաղաքացիների: Մեր երեխաներին հիմնականում որդեգրում են ԱՄՆ-ում, գլխավորապես ԱՄՆ հայազգի քաղաքացիները (որդեգրողների 80 տոկոսը): Կա մի ուշագրավ առանձնահատկություն եւս` որդեգրվածները գլխավորապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են: Դրսի քաղաքացիների համեմատ միայն մի արտոնություն ունեն տեղացի որդեգրողները: Հաշվառելուց հետո երեխային կարող են անմիջապես հանձնել ՀՀ-ում բնակվող քաղաքացուն, իսկ երկրից դուրս բնակվող ՀՀ քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման վերցված երեխաների տվյալները տրամադրվում են հաշվառելուց 3 ամիս հետո: Եթե ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացին միաժամանակ են դիմել որդեգրման համար, հերթի նախապատվությունը տրվում է մեր քաղաքացուն:

Ինչ վերաբերում է արդեն որդեգրված երեխաների վիճակի հետագա վերահսկողությանը, ապա չափազանց կարեւոր այս խնդիրը կիրականացվի միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ միջազգային պայմանագրեր կվավերացնի նաեւ Հայաստանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4