«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


«ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Վորթեր լճի ափին` Կլագենֆուրտ քաղաքի (Ավստրիայի եւ Իտալիայի սահմանային հատված) «Մինի Մունդուս» («Փոքր աշխարհ») բացօթյա ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտն է` տեղադրված 1994 թ.ՙ նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Ավստրո-հայկական մշակութային միության, որը հիմնադրվել է 1974-ին: Ավստրիական այս թանգարանը նմանատիպ ցուցադրությունների (ԱՄՆ, Հոլանդիա) նկատմամբ ունի բնօրինակի գիտական ճշգրտության առավելություն: Ճարտարապետական անգամ ամենափոքր դետալների եւ նույնիսկ շինանյութի (բերված տվյալ երկրից) համապատասխանությունը 1/25 համամասնությամբ մանրակերտերի համար, պարտադիր է: Ցուցահանդես տարեկան այցելում են շուրջ 2 մլն մարդիկ, 5 մլն տպաքանակով տպագրվող կատալոգում ներկայացված է տվյալ մանրակերտ-կոթողի պատկան երկիրը, ժողովուրդը, նրա պատմությունը: Այստեղ զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում աշխարհի շատ նշանավոր կոթողներ միանգամից տեսնելու պատրանքը... Թաջ Մահալ, Էյֆելյան աշտարակ, պարսկական շահի մարմարե պալատ, Էջմիածնի մայր տաճար: Կարծիք կա, թե այս թանգարանի մտահղացումը հայկական ծագումով Ֆլորեան ընտանիքին է պատկանում (Ծաղիկյաններ), որոնք միջին դարերում Ղարաբաղից գնացել են... Ֆրանսիա: Ֆրանսախոս եւ գերմանախոս այս ընտանիքում մշտական օտարալեզու խոսակցությունների մեջ հիշվող «թագավոր» հայերեն բառը, որոշակի նշանակությամբ, նրանց ծագման հայկականությունը փաստող թերեւս միակ ապացույցն է: Վիեննայում այժմ ապրում է նկարչուհի Հենրիետ Ֆլորեանը, որի հայրըՙ Մաքսիմիլիանը նույնպես նկարիչ էր: Այս մասին պատմում է Ավստրո-հայկական մշակութային միության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի միասնականության պատասխանատու, մասնագիտությամբ ինժեներ-ճարտարապետ Ռազմիկ Հարթունյան-Թամրազյանը երեւանյան մեր հանդիպման ժամանակ: Ծննդավայր Թավրիզից Ռազմիկ Թամրազյանը Վիեննա տեղափոխվել է 30 տարի առաջ եւ 1981 թ.-ից նախագահելով Ավստրիո-հայկական մշակութային միությունը, ամենայն նվիրումով նպաստել է այս երկու ժողովուրդների մշակութային փոխճանաչմանն ու ըմբռնմանը: Երբ իր լուսանկարը խնդրեցի հրապարակման համար, ինձ մեկնեց տարիներ առաջ իր հայաստանյան հարցազրույցներից մեկը. «Լուսանկարս կարիք չկա տպագրելու: Տպագրեք, խնդրեմ, Մայր տաճարի մանրակերտի լուսանկարը եւ նրա մեջ փորձեք տեսնել ամեն մի հայի պատկերը: Մեր սուրբ քարերի մեջ փորձեք տեսնել մեր պատկերը»: Իր մտահղացմամբ եւ հեղինակությամբ Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցու բակում 1984-ին կատարվեց բացումը Եղեռնի հուշարձանի:

1998-ին Վիեննայի կենտրոնական թաղամասի «Շիլլեր» հրապարակում տեղադրվեց Ֆրանց Վերֆելի բրոնզե գլխաքանդակը (քանդ.` Վահան Պետրոսյան, ճարտ.` Ռոլանդ Մարտիրոսյան)ՙ «Շնորհակալությամբ եւ երախտագիտությամբ հայ ժողովուրդ» մակագրությամբ:

Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին անվերապահ օգնություն է ցույց տվել Յոհաննես Լեփսիուսը: Հայ-ավստրիական մշակութային միությունը միացավ նրա երկու դուստրերի եւ տուն-թանգարանի տնօրեն, պրոֆ. Գոլցի` Լեփսիուսի գերեզմանը նորոգելու որոշմանը: Հայաստանից խաչքարը` Վազգեն Ա-ի կաթողիկոսական հրամանով տարվեց իտալական Մերան քաղաք (որտեղ մահացավ նա) եւ տեղադրվեց Լեփսիուսի գերեզմանաքարի ճերմակ մարմարի կենտրոնում, որ արեւոտ օրերին հատկապես, շատ գեղեցիկ արտափայլեր է արձակում:

Միության գործունեությունը բավականին ընդգրկուն է, կազմակերպում է մշակութային ձեռնարկներ, հաստատում մտավորական կապեր ավստրիացի նշանավոր գործիչների հետ, հրավիրում Հայաստանից եւ սփյուռքի շատ համայնքներից արվեստագետներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ` Վահագն Տատրյան, Սիլվա Կապուտիկյան , Թեսսա Հոֆման, Հերման Գոլց եւ ուրիշներ, պրոպագանդում հայազգի արվեստագետներին: Այսօր Վիեննայի օպերային թատրոնի նշանավոր արտիստներից են Սոնա Ղազարյանը, Հասմիկ Պապյանը, հանրածանոթ անուններ են դաշնակահար Ավո Գույումջյանը, կոմպոզիտոր Ավետիս Ջամբազյանը: Ավստրիայում գնահատանքի է արժանացել Ռաուլ Ասլանը` հայկական ծագումով (հայրը` հայ, մայրը` իտալուհի) դերասան, որը Վիեննայի պետական թատրոնի տնօրենն էր հետպատերազմյան տարիներին եւ մեծ աշխատանք է կատարել թատրոնի կյանքը վերականգնելու գործում: Ի թիվս այլ արտիստների, Ռաուլ Ասլանի կիսանդրին նույնպես դրված է թատրոնի շենքի ներսում:

Միության աջակցությամբ տպագրվել են նաեւ թերթեր («Հրայրք» շաբաթաթերթը եւ գերմաներենով «O..AK Journal» գիտամշակութային հանդեսը):

Վիեննացիների սիրած հանրային վայրերից մեկը սրճարաններն են, առանց դրանց չեն պատկերացնում իրենց կյանքը, սա մի առանձին մշակույթ, կենցաղի մաս է, հաճույք: Ավստրիայի մայրաքաղաքի սրճարանների հիմնադիրը հայազգի Հովհաննես Աստվածատրյանն է, որ 18-րդ դարում բացեց առաջին սրճարանը: Վիեննայի 4-րդ թաղամասի Շեֆերգասե փողոցի եզրին 2004-ին բացվեց «Դիո Դաթո»` Հովհ. Աստվածատրյան պուրակը:

Միության աշխատանքներին մեծապես նպաստում է ավստրիահայ գաղութի եւ կազմակերպության պատվո անդամ, ազգային բարերար Կարպիս Փափազյանը: Տարիներ առաջ ՀԲԸՄ կենտրոնական վարչության հովանավորության ներքո եւ հատկապես Հայկաշեն Ուզունյանի քաջալերանքով նրա հիմնած «Կարպիս Փափազյան» ամենամյա մրցանակը, որ տրվում է ոչ հայ մտավորականի, որ զբաղվում է մեր ժողովրդի մշակույթի, պատմության, Հայ դատի եւ այլ բնագավառների ուսումնասիրությամբ, իր նշանակությամբ եւ բնույթով եզակի է եւ կարեւոր: 1988-ից սկսած 18 մրցանակակիր նշանավոր գիտնականների, արվեստագետների շարքում են դոկտ. Թեսսա Հոֆմանը, պրոֆ. Ալպագո Նովելլոն, դոկտ. Քրիստոֆեր Վոքըրը, պրոֆ. Ռոզեմարի Իզոֆը, դոկտ. Էլիզաբեթ Բաուեր-Մանդորֆմը, գրող Նիզար Խալիլին, դոկտ. Անդրե Սանթինին, բարոնուհի Կարոլայն Կոքսը, ճարտարապետ Նելլի Չանեւան, դոկտ. Իվ Թերնոնը, պրոֆ. Էդմոնդ Շուլտցը, պրոֆ. Ֆրանսուա Ռիգոն, պրոֆ. Հանս-Լուքաս Քիզերին, բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն, "Associazione Di Solidareta Bergamo-Spitak"` հայ-իտալական բարեգործական կազմակերպությունը, Կիմ Բակշին, դոկտ. Հերման Գոլցը, պրոֆ. դր. Հելմութ եւ դր. Հայդե Բուշհաուզենները:

Կարպիս Փափազյանի հայրենասիրության ակունքները վաղ անցյալում են, այդ արմատները գալիս են դեռեւս Գարեգին Նժդեհին իր զորակցությունից: Նա Նժդեհի թիկնապահներից էր, եւ զորավարի շատ մասունքներ սրբությամբ է պահպանում եւ որոշներն էլ փոխանցում Ռազմիկ Թամրազյանին, ինչպես Նժդեհի մորթե գլխարկը, որ նվեր էր ստացել զորավար Արարատյանից: Սա պատմության մի մասնիկ է, հուշ, որ Ռազմիկը խոստացել է հանձնել պաշտպանության նախարարության թանգարանին: Այդպես նաեւ Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը, որ ավստրիահայ մեր հայրենակիցը կնվիրի կոմպոզիտորի տուն-թանգարանին:

Ավստրիահայ համայնքը փոքրաքանակ է, այստեղ շուրջ 3000-4000 հայություն է ապրում: Ազգապահպան գործոնները, ինչպես եւ ամենուրեք է, եվրոպահայ փոքր գաղութներում հատկապես, օրըստօրե նահանջում են. երիտասարդ սերունդըՙ ավելի արագորեն: Այս առումով համայնքային կյանքին հայության նոր ավիշ հաղորդել են Պարսկաստանից, Լիբանանից, Հայաստանից գնացածները: Մենք հույս ունենք այս արթնությունը երկարաձգել սփյուռքի կապերը Հայաստանի հետ ավելի սերտացնելու ճանապարհով, այս առումով մեր պետությունը կարեւոր դերակատարում ունի` համազգային մտածողություն ձեւավորելու, համապատասխան քաղաքականություն մշակելու եւ ստեղծելու պետական կառույցներ: Այսօր շատ սփյուռքահայեր մասնակցում են հայաստանյան տնտեսական, մշակութային կյանքին, սակայն Հայաստանը չպետք է ներդրումային սոսկական տարածք ընկալվի, այլ երկիր, որ մարմնավորում է Հայրենիքի գաղափարը: «Ես հոռետես չեմ: Բայց եթե Ֆրանսիայի կամ Ամերիկայի հայ գաղութը ուժեղանում է, պետք է տեսնել` ինչ զոհողությամբ. չէ՞ որ ողջ Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի գաղութն է քայքայվում: Մեկը մյուսի հաշվին է լինում: Ամերիկայում տարիներ առաջ սկսված «Վերադարձ դեպի արմատներին» շարժումը որոշակի օգտակարություն ունեցավ: Բայց հայ մնալու համար հայը պիտի ապրի Հայաստանում: Ինչպես որակել այն երեւույթը, երբ Հայաստանից արտագաղթողները ինքնարդարացման համար երկիրը բացասական ներկայացնելու ճանապարհն են ընտրում: Չեմ ընդունում, երբ Վիեննայում մեկը իրեն հայաստանցի է ասում. հայաստանցին ապրում է Հայաստանում»: Իմ զրուցակիցը վաղուց ամուր թելերով կապված է Հայաստանին, որ մտածողություն, ապրում ու գործելակերպ է դարձել: Ամեն այցին շատ արագ նկատում է երեւանյան փոփոխությունները, սիրում է քայլել քաղաքի փողոցներում.

«Եթե ամեն ինչ Երեւանում սրճարանների ու հոթելների պես զարգացած լինի՜: Առաջ վիեննացիներին հպարտորեն էինք ցույց տալիս Երեւանի օպերային թատրոնն ու տարածքը, անգամ Վիեննայի օպերան չունի այդպիսի շրջակայք, այսօր, ցավոք, չենք կարող»:

Ռազմիկ Թամրազյանի անխոնջ աշխատանքն ու նվիրումը աննկատ չի անցել, հայ-ավստրիական մշակույթների փոխճանաչմանն ուղղված ջանքերի համար 2004-ին Ավստրիայի հանրապետության արտգործնախարարությունը նրան շնորհել է Ավստրիայի Պատվո շքանշան:

... Վիեննայի օդանավակայանը թերեւս աշխարհում միակն է, որի սպասասրահում ի թիվս բազմաթիվ լեզուների, կարելի է տեսնել նաեւ մեսրոպատառ գրությունՙ Ռազմիկ Թամրազյանի առաջարկով, արձանագրված հայերենով «Հանդիպման կետ» բառերը...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4