Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ երեկ սկսեց եւ պատասխանող կողմի միջնորդությամբ մեկ շաբաթով հետաձգեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դեմ հայցի քննությունը: Հիշեցնենք, որ մինչեւ հունիսի մեկը «Ժառանգությունն» ուներ թատրոնի տարածքի մի մասի վարձակալության պայմանագիր, սակայն մարտի սկզբից գրասենյակը կողպվել է:
Ով է իրավացի` ով սխալ, հարցի պատասխանը դատարանը կտա ավելի ուշ, մինչ այդ փորձեցինք հասկանալ, թե ինչն է դարձել տարիներ շարունակ խնդիր չհարուցած «Ժառանգություն»-Պարոնյանի անվան թատրոն հարաբերությունները դատական հարթություն տեղափոխելու պատճառը:
2005 թվականի ճիշտ այս օրը կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր ուղիղ մեկ տարով, 168 քառակուսի մետրը շահագործելու համար ամեն ամիս վճարել են 201 հազար 600 դրամ: Սակայն գարնան սկզբին թատրոնի տնօրենությունը կուսակցությանն արգելել է մուտք գործել տարածք, գրասենյակը կողպվել է. Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է թատրոնի տնօրենության այս քայլը եւ համարում, որ խախտվել է գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքը, կա նաեւ լրացուցիչ հայցադիմում, այն վերաբերում է երկու առ ոչինչ պայմանագրերին. հայցվոր կողմի փաստաբան Վահագն Գրիգորյանի խոսքով, կուսակցութան` 2003 թվականին պետգույքի կառավարման վարչության եւ 2005-ին Պարոնյանի անվան թատրոնի հետ կնքած պայմանագրերը նոտարը չի վավերացրել, պետական գրանցում չի կատարվել: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել առ ոչինչ պայմանագրերը, կողմերն ինչ ստացել ենՙ հանձնեն իրար: Այսինքնՙ հայցվորը պահանջում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ամեն ամսվա դիմաց վճարված 201 հազար 600 դրամը:
Պատասխանող կողմը գումար վերադարձնել չի պատրաստվում: Ավելին, թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասում է, որ շուրջ 6 տարի «Ժառանգությունը» չի վճարել աղբի, ջրի, գումար: Ինչ վերաբերում է տարածքն ազատելու պահանջին, Կարո Շահբազյանի խոսքով, պատճառը թատրոնի կարգավիճակի փոփոխությունն է. այն կառավարության որոշմամբ հանձնվել է պետգույքի կառավարման վարչությանը, մինչ տարածքը կողպելն ինքը գրավոր նախազգուշացրել է կուսակցության ղեկավարությանը` կամ ազատեք տարածքը, կամ էլ պետական գույքի կառավարման վարչության հետ նոր պայմանագիր կնքեք:
Սակայն հայցվոր կողմը տարածքը կողպելու որոշումը համարում է քաղաքական եւ պնդում, որ իրենց բացակայությամբ գրասենյակի համակարգիչները միացվել են: Թեեւ հայցադիմումում այդ մասին ոչինչ չի շարադրված, փաստաբան Վահագն Գրիգորյանն ասաց, որ դա տեղի է ունեցել մարտի 8-ին:
Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, սակայն, պնդում է, որ գրասենյակի տարածքը, անվտանգության նկատառումներով հոսանքազրկվել է հաջորդ իսկ օրը, հոսանքը միացվել միայն օրերս:
Քաղաքական դրդապատճառներ չկան, քաղաքականությունից հեռու թատրոնի տնօրենը պնդում է, որ իրեն վերեւից չեն զանգել: Կարիք էլ չկար, պայմանագիրն ավարտվում էր, բացի այդ, եթե քաղաքական ճնշում լիներ, նույն բանը կարող էին անել ավելի շուտ, օրինակ, 2003-ին ` նախագահական ընտրություններից առաջ:
Մինչ դատարանը կկայացնի իր վճիռը, մի հարցի պատասխան արդեն հայտնի է. «Ժառանգություն» կուսակցության վարձակալած տարածքն այլեւս չի տրվի քաղաքական կազմակերպության: Այստեղ կգործի երաժշտական կոմեդիայի ստուդիա:
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ