«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԻՆ

Հարգելի տնօրեն, սովորաբար բաց նամակները ուղղում են երկրի ղեկավարին կամ այլ մեծամեծ պաշտոնյաների: Սակայն կյանքում լինում են նաեւ այլ` առանձնահատուկ դեպքեր:

Ձեր ղեկավարած «Մոսկվա» կինոթատրոնում այսօր, նախատեսվում է ցուցադրել Դեն Բրաունի գրքի հիգան վրա նկարահանված «Դա Վինչիի ծածկագիրը» սրբապիղծ եւ աստվածանարգ ֆիլմը: Գրեթե վստահ եմ, որ Դուք Աստծո ախոյանների բանակից` բացահայտ կամ թաքուն սատանայապաշտներից չեք, մասոն կամ նրանց «շեստյորկաներից» չեք: Համոզված եմ, որ գեղարվեստական արժանիքներով աչքի չընկնող, բայց սրբապղծության հետեւանքով հավատացյալների ընդդիմությանը, ընդվզմանն արժանացած ու մեծ աղմուկի տեղիք տված այդ ֆիլմի ցուցադրման որոշմանը Ձեզ դրդել է բիզնեսի պարզ տրամաբանությունը. եթե կա շահույթ կամ գերշահույթ ստանալու հնարավորություն, ինչո՞ւ չստանալ, եթե ժողովրդի ինչ-որ մասի մեջ կա հետաքրքրություն, պահանջարկ տվյալ «ապրանքի» նկատմամբ, ինչո՞ւ չբավարարել այդ պահանջարկը:

Մոտավոր պատկերացնում եմ նաեւ այն մեծ ծախսերը, որ կատարել եք ֆիլմը ձեռք բերելու եւ դրա` արդեն օրեր շարունակվող հեռուստատեսային գովազդն ապահովելու նպատակով: Եվ, այնուամենայնիվ, ես` շարքային հավատացյալս, նվաստս, թախանձագին, հավատացյալի հույսով խնդրում եմ ձեզ` ամենավերջին պահին հետ կանգնել, հրաժարվել ֆիլմը ցուցադրելու մտադրությունից ու ծրագրից: Եթե մինչ այս պահն արդեն տոմսեր վաճառել եք, ցանկության դեպքում կարող եք հետ ընդունել դրանք, խնդիր չէ:

Չգիտեմ` գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե Ձեր յուրովի հերոսական քայլն ինչ մեծ պատիվ, փառք ու հեղինակություն կբերի Ձեզ, թե ինչպես հպարտ կքայլեք Երեւանում եւ ընդհանրապես: Ձերը կլինի ամենաթանկարժեք «մատաղը» (զոհողությունը), եւ եթե անկեղծորեն կատարեք, կլինի նաեւ Աստծո կողմից ընդունելի:

Անկախ նրանից, որ այդ ֆիլմը մինչեւ հիմա «Նաիրի» կինոթատրոնում արդեն ցուցադրվել է, ինչի մասին, ցավոք, ուշացումով իմացա, խնդրում եմ Ձեզ հրաժարվել «Մոսկվա» կինոթատրոնում այն ցուցադրելուց: Նաեւ` այն պարզ գիտակցությամբ, որ Ձեր ղեկավարած կինոթատրոնը մայրաքաղաք Երեւանի եւ, ընդհանրապես, հայոց (աշխարհում առաջինը քրիստոնյա մեր ազգի) թիվ 1 կինոթատրոնն է: Հուսով եմ, հասկանում եք սրա խորհրդանշական իմաստը եւ «Մոսկվա» կինոթատրոնում այդ ֆիլմի ցուցադրման բեկումնային եւ անթույլատրելի լինելը:

Հույս ունեմ, որ եթե Աստծո նկատմամբ փոքր-ինչ հավատ ունեք, ապա այն կզորեղանա եւ կհաղթանակի:

Հարգանքներով` ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4