Նախապես գիտությանը բոլորովին անծանոթ 8 անողնաշարավոր արարածներ են հայտնաբերվել Իսրայելի Ռամլե բնակավայրի մոտ գտնվող մի քարայրում: Նրանցից մեկը նման է ծովախեցգետնի, մեկ ուրիշըՙ կարիճի, եւ բոլորն էլ կույր են: Գիտնականների նախնական կարծիքով, նրանք ավելի քան 5 միլիոն տարի ապրում են յուրահատուկ եւ փակ էկոսիստեմի մեջ, կտրված լինելով արտաքին աշխարհից: Քարայրը, ուր գտնվել են արարածները, գտնվում է շուրջ 120 մետր խորության մեջ եւ կապված է ստորգետնյա մի լճի, որը ենթադրաբար գոյացել է Միջերկրական ծովի հետ քաշվելուց հետո:
Գիտնականների կարծիքով, այս հայտնագործությունը խոստանում է գիտությանը տալ նոր հնարավորություններ կենդանական աշխարհի առաջացման եւ պահպանման ուսումնասիրման համար: Արարածները, որոնք դեռեւս անուն չունեն, քարայրի մթության մեջ 5 միլիոն տարվա էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց աչքերը: