Երեկ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահ-դահլիճը պայծառացել էր ամառային արեւով ու մանկական գեղանկարչական աշխատանքների գունախաղով: Միջոցառումը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկա էին քաղաքապետն ու մշակույթի նախարարը:
«Քանի որ այս միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներ եւ միայն ԿԳՆ ենթակայությամբ գործող Հ.Կոջոյան կրթահամալիրը, հույս ունեմ, որ հետագայում կազմակերպվելիք ցուցահանդեսներին կմասնակցեն մարզպետարանների ենթակայության արվեստի դպրոցներ եւս», իր ողջույնի խոսքում նշեց Հ. Դանիելյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Գեորգի Հախնազարյանը:
Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչության խմբակի ղեկավար Գնել Բրուտյանն ասում է, որ իր 16 աշակերտներից ցուցահանդեսին մասնակցում են 6-ը: «Իմ դիտարկումներովՙ երեխաները հոգեւոր սնունդի, գիտելիքների, տպավորությունների պակաս ունեն մեր օրերում, դրա համար նկարների թեմատիկան այնքան էլ բազմազան չէ, ինչը չես ասի աստվածատուր շնորհի մասին, որ առկա է», ասում է ուսուցիչը:
Տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում բացվել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:
Ս. Մ.