«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2006-05-31 | #100, 2006-06-01 | #101, 2006-06-02


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՄԱՍԻՆ

Թեթեւագույն քաշում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նախապատրաստվում է իր տիտղոսի հերթական պաշտպանությանը: Հունիսի 3-ին նա աշխարհի չեմպիոնի կոչման համար կմենամարտի մեքսիկացի Լուիս Մալդոնադոյի հետ: Այդ մենամարտը կկայանա Լաս Վեգասում:

Ինչպես տեղեկացրել է Red Stars Boxing ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանը, Վախթանգ Դարչինյանն արդեն ժամանել է Լոս Անջելես եւ սկսել է մենամարտի նախապատրաստության ավարտական փուլը: Մինչ այդ նա իր մարզիչներ Ջեֆ Ֆենեկի եւ Բիլի Հուսեյնի գլխավորությամբ աշխատում էր ֆիզիկական վիճակի բարելավման վրա: Իսկ այժմ Վախթանգը մարզումային մենամարտեր կանցկացնի առաջին թեթեւագույն քաշում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Մարտին Կաստիլյոյի եւ առաջին կիսաթեթեւ քաշում աշխարհի չեմպիոն Իսրայել Վասկեսի հետ:

Նախկին վանաձորցի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ եւ վերջին տարիներին բնակվում ու մարզվում է Ավստրալիայում: 30-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է մրցակիցներին, ընդ որում 20-ում հակառակորդներին նոկաուտի է ենթարկել: Վերջին անգամ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պաշտպանել է այս տարվա մարտի 3-ին` 8-րդ ռաունդում պարտության մատնելով Դիոսդադո Գաբիին: Այդ մենամարտը կայացել է ԱՄՆ-ում:

Առաջիկա մրցամարտում Վախթանգի մրցակից Լուիս Մալդոնադոն բավական ուժեղ բռնցքամարտիկ է եւ նույնպես հաջող մրցելույթներ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում: Բավական է նշել, որ նա առաջին 33 մենամարտերում անպարտելի էր մնացել, որոնցից 25-ում մրցակիցներին նոկաուտի էր ենթարկել: Եվ միայն այս տարվա փետրվարի 24-ին Քրիստիան Միյարեսի հետ մենամարտում Մալդոնադոն անդրանիկ պարտությունը կրեց: Այդ մենամարտում մրցավարներից երկուսը գրանցել էին ոչ-ոքի արդյունք, իսկ ահա երրորդ մրցավարը 118-115 հաշվով հաղթանակը շնորհել էր Միյարեսին:

Վախթանգ Դարչինյանի երազանքն է դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն, ինչպես նաեւ մտադիր է փոխել քաշային կարգը: Նա հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ առաջին թեթեւագույն եւ նույնիսկ առաջին կիսամիջին քաշային կարգերում, քանի որ իր քաշային կարգում ոչ ոք չի ցանկանում մրցել աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4