ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսաստանի արդի պետության ազգային քաղաքականությունը, ազգամիջյան եւ միջդավանանքային հարաբերությունների ոլորտում ծագած հարցերի պատասխանները հանգիստ մթնոլորտում համատեղ որոնելու իշխանության եւ հասարակության կարողությունը պատմական հարցեր են: Այսօր դա ամենայն բարդությամբ եւ արդարացիորեն շաղկապվում է նախագահ Վ.Վ.Պուտինի ամենամյա ուղերձի հետ:
Ներկայացնելով արդի պայմաններում մեր երկրի առջեւ ծառացող բազմաթիվ նոր խնդիրների ու մարտահրավերների անաչառ վերլուծությունը, պետության ղեկավարը, իմ կարծիքով, չանտեսեց նաեւ այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են ազգային խնդիրը, միջէթնիկական եւ միջդավանանքայի անհանդուրժողականության եւ դիմակայության դրսեւորումները:
Խոսելով միջազգային ահաբեկչության վտանգի մասին, Վլադիմիր Պուտինն այդ հակասոցիալական երեւույթը ծնող պատճառների թվում արդարացիորեն առանձնացրեց «հաճախ էթնիկական հողի վրա ծագող տեղային հակամարտությունները», որոնց երբեմն գումարվում է «ամետարբեր բնույթի ծայրահեղականների կողմից աշխարհին պարտադրվող միջդավանանքային դիմակայությունը»: Նախագահը մի կարճ, բայց տարողունակ արտահայտությամբ իր միտքն ամփոփեց հետեւյալ բառերով. «Գիտեմ, որ ոմանք շատ կուզենային, որ Ռուսաստանը թաղվի այդ խնդիրների մեջ եւ, որպես հետեւանք, չկարողանա լուծել իր լիարժեք զարգացման խնդիրներից եւ ոչ մեկը»:
Պետության ղեկավարը բավական հստակ է պատկերացնում ազգամիջյան հարաբերությունների խնդրի ողջ սրությունը, ինչը թույլ է տալիս պնդել, որ եթե Ռուսաստանը ներքաշվի նման հակամարտությունների մեջ եւ եթե դրանք ծավալվեն երկրի մասշտաբներով, ապա մեզ հազիվ թե հաջողվի ապահովել առաջընթաց զարգացման կենսականորեն կարեւոր մյուս խնդիրները, ինչպիսիք են ժողովրդագրությունը, պաշտպանությունը եւ անվտանգությունը, տնտեսության արդիականացումը, կրթության, առողջապահության զարգացումը եւ այլն:
Իրոք, ահաբեկչույթան վտանգը, տարատեսակ ծայրահեղական դրսեւորումները, այլատյացության վաստերը մեր երկրի վերջին տարիների իրադարձություններում երբեմն էթնիկական եւ միջդավանանքային երանգ են ստանում: Ժամանակ առ ժամանակ մեր հասարակությունն ականատես է դառնում ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների: Ցավոք, հաճախակի են դարձել ազգային, դավանանքային եւ ռասայական ատելության հետեւանք հանդիսացող սպանությունների եւ մյուս բռնարարքների դեպքերը: Այդ մասին մեծ ցավով եմ խոսում, քանի որ վերջին ամիսներին ինձ, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահի, քանիցս վիճակվել է բախվել ինչպես ռուսաստանյան հասարակայնության ծայրահեղական շրջանակների ներկայացուցիչների, այնպես էլ իրավապահ մարմինների գործունեության հետ:
Հարկ է խոստովանել, որ ազգամիջյան, միջդավանանքային եւ ռասայական անհանդուրժողականության ծնած բռնարարքները Ռուսաստանում լռության չեն մատնվում: Պետական իշխանության ներկայացուցիչները վճռականորեն դատապարտում են դրանք, իրավապահ մարմիններն անցկացնում են քննություններ...
Այսպիսով, ազգային խնդիրները եւ էթնիկական հողի վրա կատարվող հանցագործույթունները մնում են երկրի ղեկավարության եւ քաղաքացիական հասարակության ժողովրդավարական կառույցների մշտական ուշադրության կենտրոնում: Սակայն պետք է խոստովանել, որ բազմաթիվ բացասական փաստերը եւ դրանց հետագա քննությունը երբեմն քիչ արդյունավետ են:
Հանցագործները երբեմն մոլորեցված եւ կառավարվող անչափահաս անձինք են: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ակնհայտորեն ազգային հողի վրա կատարված հանցագործությունները հաճախ ներկայացվում են որպես մանր խուլիգանություն: Պատահում են դեպքեր, երբ դատարաններում քրեական գործերի քննության ժամանակ փորձում են արդարացնել մարդասպանին եւ մեղադրում են զոհին:
Կարեւոր է, որ նման իրավիճակի պատճառներն են ԶԼՄ-ների անարդյունավետ քարոզչական աշխատանքը, ընտանիքներում եւ ուսումնական հաստատություններում դաստիարակության մակարդակի անկումը: Եվ, ընդհակառակը, բռնության, դաժանության, իշխանավոր անձանց ազգայնական ասույթների էկրանավորումը մեխանիկորեն հանգեցնում է էթնիկական անհանդուրժողականության, այլատյացության աճի:
Ազգամիջյան հարաբերությունների եւ ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին խոսելիս մենք իրավունք չունենք մոռանալու նախ եւ առաջ ռուս ժողովրդի խնդիրները, որի, ինչպես եւ Ռուսաստանի մյուս ժողովուրդների իրավունքներն ու շահերը կարոտ են պետության եւ հասարակության պաշտպանությանը:
Խորհրդային ժամանակներում կար դաստիարակության, կրթության եւ քարոզչության միասնական համակարգ: Վաղ մանկությունից մարդկանց մեջ սերմանում էին հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի եւ ժողովուրդների բարեկամության գաղափարը: Հասարակական եւ պետական կառույցներն ակտիվորեն մասնակցում էին հանդուրժող սերնդի դաստիարակության գործին: Իսկ Խորհրդային Միության, մանկական, երիտասարդական եւ մասսայական մարզական կազմակերպությունների փլուզումից հետո մենք մեծ չափով կորցրինք տասնամյակներով կուտակված արժեքները, ամեն ինչ թողեցինք ինքնահոսի: Մատաղ սերունդը եւ հատկապես երիտասարդությունը հայտնվեցին հակասոցիալական երերույթների (հանցագործ տարրերի, բռնության, թմրանյութերի, պոռնկության, ԴԱՎ-ի եւ այլն) ուժեղ ազդեցության տակ, ընտանիքի կառույցը ենթակա դարձավ ճգնաժամի, երիտասարդների գիտակցության մեջ սկսեցին սերմանել մեր հասարակությանն ու մշակույթին անհարիր բարոյական արժեքներ:
Պատահական չէ, որ նախագահ Վ. Վ. Պուտինը, իր ուղերձում անդրադառնալով զորակոչիկների խնդիրներին, արդարացիորեն նշեց. «Այսօր զորակոչային տարիքի հսկայական թվով երիտասարդներ ունեն քրոնիկական հիվանդություններ, ալկոհոլի, ծխախոտի, իսկ երբեմն էլ թմրադեղերի հակում»:
Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում: Կարեւոր է գիտակցել, որ ազգային խնդիրը բազմակողմ է եւ չափազանց բարդ, դրա լուծումը պահանջում է ամբողջ պետական ապարատի, դպրոցական եւ բարձրագույն կրթության համակարգի, քաղաքացիական հասարակության կառույցների համախմբում:
Ազգային քաղաքականությունը հրատապ է ինչպես արտասահմանում մեր երկրի նկարագրի, այնպես էլ Ռուսաստանի ներքին կայունության համար: «Բոչարով Ռուչեյ» նախագահական նստավայրում «Նաշի» երիտասարդական շարժման ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով այլատյացության եւ ազգային անհանդուրժողականության խնդիրներին, արդարացիորեն ընդգծեց, որ անկախ դավանանքից եւ ազգային, էթնիկական պատկանելությունից, մենք պետք է գիտակցենք, որ շահագրգռված ենք միմյանցով, ամենքս պարտավոր ենք կատարել ենք կատարել օրենքը եւ հարգել մեր ժողովուրդների ազգային առանձնահատկություններն ու մշակույթը:
Անհրաժեշտ է ազգային հարցին առնչվող պետական համալիր ծրագիր, որը կներառեր քաղաքական, իրավական, հոգեւոր-մշակութային, տնտեսական ինստիտուցիոնալ հարցերը:Այդ ծրագրի ուրվագծերի եւ հիմունքների մշակմանը պարտադիր կարգով պետք է մասնակցեն կայացած եւ իրենց լավ դրսեւորած քաղաքացիական հասարակության ժողովրդավարական կառույցները, համառուսաստանյան էթնիկական եւ դավանանքային կազմակերպությունները:
Ազգամիջյան հարաբերությունները շատ հաճախ միահյուսվում են մեր կյանքի կենսականորեն կարեւոր մյուս ուղղություններին, այդ թվումՙ ժողովրդագրական իրավիճակին, ներգաղթի քաղաքականությանը, վարչական կառավարման հարցերին, երկրի անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր պետության արտաքին կապերին (հատկապես հետխորհրդային տարածքում):
Վերցնենք Ռուսաստանում ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման ծավալուն ծրագիրը, որն առաջին անգամ ներկայացվեց նախագահի ուղերձում: Այդ հիմնահարցի լուծման համար, ի թիվս այլ խնդիրների, առաջարկվում է վարել արդյունավետ եւ գրագետ ներգաղթի քաղաքականություն: Իսկ ներգաղթի քաղաքականության կատարելագործման առաջնային ուղղությունն արտերկրից (նախ եւ առաջ մերձավոր արտասահմանից) մեր հայրենակիցների վերադարձն է: Ընդսմին անհրաժեշտ է նախապատվությունը տալ ռուս եւ ռուսալեզու բնակչությանը, «խթանել որակյալ ներգաղթյալներիՙ կրթված եւ օրինապահ մարդկանց ներհոսը», որոնք հարգանքով են վերաբերվում ռուսական մշակույթին եւ մեր ազգային ավանդույթներին:
Անկասկած, ներգաղթի գործնական քաղաքականության հաջող իրականացման համար մենք պետք է շարունակենք այդ ոլորտում իրավական կատարյալ հիմք ստեղծելու խորհրդարանական աշխատանքը: ՌԴ Պետդուման վերջերս մերժեց ներգաղթի օրինագիծը եւ այն ուղարկեց լրամշակման: Հասկանալի է, որ մենք չպետք է հապճեպորեն ընդունենք անորակ օրենքներ, իսկ հետո տարիներ վատնենք դրանց ուղղման վրա: Ուստի այստեղ, ինչպես ասում էին հնում, հարկավոր է դանդաղ շտապել: Միեւնույն ժամանակ միանգամայն ակնհայտ է դառնում, որ ժողովրդագրության եւ ներգաղթի բնագավառում ազգային ռազմավարության իրականացման համար մենք պետք է արդեն մոտ ժամանակներս ունենանք օրենք, որը հաշվի կառնի ներգաղթի եւ ազգային քաղաքականության ողջ բարդությունն ու բազմաշերտությունը:
Վերջին տարիներին մենք նկատում ենք ներգաղթյալների հոսք ոչ միայն մերձավոր արտասահմանի երկրներից, որոնք քիչ թե շատ եղել են խորհրդային, ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի ոլորտում եւ նախադրյալներ ունեցել բնակության նոր միջավայրին քիչ թե շատ հարմարվելու համար: Բազմաթիվ ներգաղթյալներ գալիս են արդեն հեռավոր արտասահմանից (Աֆղանստան, Չինաստան, Վիետնամ եւ այլն), նրանք հիմնականում անծանոթ են ռուսաց լեզվին, Ռուսաստանի հասարակության ավանդույթներին եւ մշակույթին: Երկրի հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը կապված է ինչպես այդ ներգաղթյալների, այնպես էլ ՌԴ իշխանական եւ իրավապահ կառույցների էլ ավելի մեծ ջանքերի հետ:
Այս կապակցությամբ հարկ է նշել մի ամբողջ շարք ուղղություններ, որոնց վրա, ըստ իս, Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են կենտրոնացնել իրենց ուշադրությունը, որպեսզի հակահարված տան այլատյացության, ազգային ծայրահեղականության ու շովինիզմի թե գաղափարախոսությանը եւ թե պրակտիկային: Նախ եւ առաջ իշխանության մարմիններից եւ հասարակական կազմակերպություններից էլ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն Ռուսաստանի բազմազգ ու բազմակրոն ժողովրդի մեջ ռուսաստանյան ինքնության զգացում դաստիարակելու համար: Պետք է գիտակցել այն փաստը, որ ամենքս միեւնույն հայրենիքի քաղաքացիներ ենք, Ռուսաստանի հայրենասերներ:
Համալիր ազգային ծրագրի կարեւոր ուղղությունը պետք է դառնա երիտասարդության հետ տարվող աշխատանքը, որը նախատեսում է արժանավայել կրթություն ու դաստիարակությունՙ հայրենասիրության, ոգեղենության, հանդուրժողականության, մյուս ժողովուրդների մշակույթների եւ սովորույթների հարգման սկզբունքների համաձայն: Սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների հետագա ընթացքի, զինված ուժերի արդիականացման հետ կապված մեր բոլոր ծրագրերը լոկ այն դեպքում հաջողություն կունենան, եթե մենք գիտակցենք, թե ում համար ենք անում այս ամենը, այսինքն երիտասարդությանը վստահում մեր ավանդույթների եւ սերունդների ժառանգորդության սկզբունքների պահպանությունը:
Այս կապակցությամբ նախագահն իրավացիորեն նշեց, որ «դպրոցներում հարկավոր է ոչ միայն սովորեցնել, այլեւ դաստիարակել, հարկավոր է զբաղվել երիտասարդության ֆիզիկական եւ ռազմահայրենասիրական պատրաստությամբ»: Ու թեեւ դա ասվեց զինակոչիկների պատրաստության եւ զինված ուժերի հետագա բարեփոխման առիթով, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը մեծ չափով կապված է այլատյացության դեմ պայքարի հարցի հետ: Եվ այս խնդիրը պետք է լուծվի համապատասխան ծրագրի շրջանակներում, որի մշակումը նախագահն արդեն հանձնարարել է կառավարությանը:
Երիտասարդության եւ մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում անհրաժեշտ է վերականգնել նախորդ սերունդների հայրենական դրական փորձը եւ օգտագործել արտասահմանյան պետությունների դրական ձեռքբերումները: Ընդսմին, Ռուսաստանի արդի հասարակության մեջ պետք է աճի հասարակական եւ դավանանքային կազմակերպությունների ու միավորումների դերը:
Դպրոցական եւ բուհական կրթության պարտադիր ծրագրում հարկավոր է մտցնել Ռուսաստանի եւ աշխարհի ժողովուրդների բարեկամության եւ մշակույթի դասեր: Դպրոցների եւ բուհերի կրթական գործընթացում անհրաժեշտ է ինտերնացիոնալ բաղադրիչ, որի նպատակը կլինի երիտասարդության մեջ դաստիարակել Ռուսաստանի պետության բազմազգ եւ բազմամշակութային բնույթի ընկալում: Կարծում ենք, հարկավոր է օբյեկտիվորեն ցուցադրել յուրաքանչյուր ժողովրդի եւ նրա կարկառուն գործիչների ավանդը մեր երկրի, մեր մշակույթի, գիտության, զինված ուժերի եւ անվտանգության կազմավորման ու ամրապնդման մեջ: Չափազանց կարեւոր է նաեւ այդ ոլորտում զանգվածային լրատվամիջոցների եւ հատկապես հեռուստատեսության նպատակասլաց քաղաքականությունը:
Հաջորդ չափազանց կարեւոր խնդիրը, որքան էլ տարօրինակ թվա, իրավակարգի մարմինների աշխատակիցների մեջ ազգամիջյան շփման կուլտուրայի եւ էթնիկական ու դավանանքային մյուս խմբերի ներկայացուցիչների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի դաստիարակումն է: Դա առաջին հերթին վերաբերում է միլիցիային, ՕՄՕՆ-ին, իշխանության դատական մարմինների եւ դատախազության ներկայացուցիչներին, որոնք անմիջականորեն շփվում են տարբեր ազգային եւ ռասայական խմբերի ներկայացուցիչների հետ:
Այս հարցում մենք պետք է վերածնենք լավագույն խորհրդային ավանդույթները, օգտվենք համաշխարհային փորձից, հետեւենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների օրինակին: Այնտեղ պետական ծառայողների այդ կատեգորիաների եւ իրավապահ կառույցների աշխատակիցների համար անցկացնում են հատուկ վարժանքներ եւ դաստիարակչական պարապմունքներ, կարդում դասախոսություններ եւ սերմանում վարքագծի ճիշտ կողմնորոշիչներ: Կարելի է առաջարկել նաեւ այլ միջոցներ, որոնք կկարողանային բարելավել ազգամիջյան հարաբերությունների վիճակը:
Վերցնենք, օրինակ, միլիցիայի ազգային կազմը խորշոր քաղաքներում եւ հատկապես ազգային փոքրամասնությունների համահավաք բնակության շրջաններում: Իշխանությունը որքանո՞վ է հաշվի առնում տեղական բնակչության մտայնության առանձնահատկությունները, նրա հոգեբանական համատեղելիությունը տեղամասային տեսուչների, իրավակարգի մարմինների մյուս ներկայացուցիչների հետ այն դեպքերում, երբ նրանք ներկայացնում են միայն մեկ էթնոս: Նման տարածաշրջաններում իրավապահ կառույցների ազգային կազմը պետք է լինի «խայտաբղետ»: Դա կբացառի բնակչության անվստահությունը միայն մեկ էթնոսի ներկայաուցիչներից կազմված միլիցիայի հանդեպ:
«Համատեղելիության» այդ խնդիրը նվազ չափով դրսեւորվում է խոշոր քաղաքներում: Բարեբախտաբար, մունիցիպալ կացարանների հատկացման խորհրդային պրակտիկան բացառում էր ազգային միջնատարածքների կազմավորման հնարավորությունը: Կարծում եմ, մասնավոր բնակարանների շուկայի հայտնվելը չի հանգեցնի ազգային թաղամասերի ստեղծմանը, քանի որ կառուցվող շենքերի բնակարանների արժեքն անմատչելի է աղքատ ներգաղթյալներին: Բայց նույնիսկ նման իրավիճակում քաղաքների փողոցներում միլիցիայի բազմազգ պարեկախմբերը, տեղամասային տեսուչները, քննչական-օպերատիվ աշխատակիցները կստեղծեն ամբողջ բնակչության եւ իրավակարգի մարմինների հոգեբանական կապ, կբարձրացնեն այդ մարմինների վարկը, կամրապնդեն վստահությունը դրանց հանդեպ:
Քանի որ այլատյացության, էթնիկական ծայրահեղականության, ազգային եւ կրոնական անհանդուրժողականության խնդիրները ՌԴ ներքին անվտանգությանն սպառնացող լուրջ վտանգ են, ապա միանգամայն օրինաչափ է, որ պետական ազգային քաղաքականության բաղկացուցիչ մասը պետք է դառնա Ռուսաստանի իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների արդյունավետ աշխատանքը: Իմ կարծիքով, իրավապահ համակարգի գործունեության բարեփոխման գլխավոր ուղղությունները պետք է դառնանՙ 1. հիմնարկային աշխատանքը, այսինքնՙ ազգամիջյան հարաբերությունների ոլորտում հանցավոր երեւույթների բացահայտումն ու կանխումը, 2.քաղաքացիական հասարակության կառույցների ներուժի օգտագործումը եւ դրանց ակտիվ համագործակցությունը, ներառյալ էթնիկական եւ դավանանքային միավորումները, 3. անվտանգության եւ ներքին գործերի մարմիների աշխատանքում համապատասխան իրավախախտումների կանխման վերականգնումը, 4. օրենքի նորմերի կիրառման խստացումը:
Ազգամիջյան հարաբերությունների խնդրի կապակցությամբ կուզենայինք ընդգծել, որ հայկական ավիաընկերության մարդատար օդանավի աղետի եւ ՀՀ եւ ՌԴ 113 քաղաքացիների զոհվելու կապակցությամբ Հայաստանի հետ մեկտեղ Ռուսաստանում ազգային սգի հայտարարման բուն փաստն ամենաբարձր հնչեղության ազդանշան դարձավ: Դա ընկալվեց որպես այն փաստի հաստատում, որ մեր ժողովուրդների միջեւ հնուց գոյություն են ունեցել լավ, եղբայրական, բարեկամական հարաբերություններ, որոնք պահպանվում եւ ամրապնդվում են: Հենց այդ պատճառով սեւծովյան ողբերգությունն ընկալվեց որպես Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ընդհանուր վիշտ:
Ազգային համալիր ծրագրի կարեւոր ուղղությունն է մնում մեր մերձավորագույն հարեւանների հետ բարիդրացիական եւ կայուն հարաբերությունների ամրապնդման ռազմավարությունը: Եվ դարձյալ նախագահ Վ. Վ. Պուտինը որպես հեռանկարային նախագիծ առանձնացրեց ԱՊՀ շրջանակներում ընդհանուր հումանիտար տարածքի ամրապնդումը: Մեր գործընկերների հետ քաղաքական փոխհարաբերությունների բնույթից, տնտեսական եւ մշակութային ինտեգրման հեռանկարներից ու ծավալներից, կոլեկտիվ անվտանգության ապահովմանը ԱՊՀ երկրների ներգրավման աստիճանից մեծ չափով կախված է հասարակության ազգամիջյան հաշտության ու համաձայնության կայունությունը:
Այլատյացության, ազգային անհանդուրժողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համալիր ծրագրի գլխավոր տարրերի առթիվ մեր տեսակետը հաստատում է Ռուսաստանի հայերի միության եւ ավելի քան երկու միլիոնանոց հայ համայնքի քաղաքացիական դիրքորոշումը: Եթե այսօր նախագահական ծրագրի կատարման ներգործուն միջոցներ չձեռնարկենք, ապա վաղը այդ խնդիրը քաղցկեղային ուռուցքի պես կարող է տարածվել մեր հասարակության եւ պետության ամբողջ օրգանիզմում եւ հանգեցնել դրա կործանմանը: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը եւ հասարակությունը սահմանափակ ժամանակ ունեն, նրանք չեն կարող եւ չպետք է դանդաղկոտություն եւ անհետեւողականություն հանդես բերեն:
Մեզ մոտ գոյացել է կայուն ստերեոտիպ. եթե պետական ապարատը եւ իրավապահ կառույցները լրիվ չափով չեն ձեռնարկում այս կամ այն խնդրի լուծմանը, ապա հազիվ թե կարելի է ակնկալել լուրջ արդյունքներ: Նույնիսկ եթե դա չափազանց սուր խնդիր է, որի լուծումից կախված է բուն պետության գոյությունը: Սակայն մենք պետք է հրաժարվենք այդ արատավոր պրակտիկայից: Պետության ուժը հենց այն է, որ հասարակությունը ի դեմս լիարժեք քաղաքացիական կառույցների, ժամանակին եւ արդյունավետորեն համագործակցում է իշխանության մարմինների հետ, օգնում ներքեւից տեսնելու խնդիրները եւ առաջարկում դրանց լուծման նպատակահարմար մեխանիզմներ: Հենց այդ նպատակով էլ երկրում ստեղծվեց Հասարակական պալատ, այդ նպատակով է գործում հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրությունը: Եվ մեր քաղաքացիական դիրքորոշումից է կախված, թե ինչպես կապրենք այսուհետեւ:
«Ռոսիսկայա գազետա», 24 մայիս 2006