«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2006-06-01 | #101, 2006-06-02 | #102, 2006-06-03


ՀԻՇԵՑՈՒՄ BBC-ԻՆ

Հունիսի 1-ին BBC-ի հեռարձակման ռադիոծրագրերից մեկում հերթական անգամ խոսվեց Նախիջեւանի Հին Ջուղա քաղաքի հայկական գերեզմանատան հնօրյա տապանաքարերի եւ հազարավոր խաչքարերի բարբարոսական ոչնչացման մասին: Եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկի հետ զրուցելուց հետո BBC-ի թղթակիցը «պարզաբանման» նպատակով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թաղիրովին հարցրեց, թե նա տեղյա՞կ է արդյոք Նախիջեւանում հայկական հին գերեզմանատան ոչնչացմանը: Պաշտոնյան պատասխանեց, թե իրեն «ոչինչ հայտնի չէ» Նախիջեւանում հայկական գերեզմանատան գոյության մասին, բայց լսել է, որ այնտեղ կա «աղվանական» գերեզմանատուն: Առիթից օգտվելովՙ Թաղիրովը Նախիջեւան այցելելու ցանկություն հայտնած եվրոպատգամավորին խորհուրդ տվեց չանհանգստանալ հայկական միջնադարյան հուշարձանների ոչնչացման վերաբերյալ տարածված լուրերից եւ չշտապել. գուցե աշնանը եվրոպացիներին թույլատրվի այցելել Նախիջեւան:

Հարկ ենք համարում BBC-ին հիշեցնել, որ հանցագործության փաստի առթիվ «պարզաբանում» ստանալու նպատակով միայն հանցագործին դիմելը կա՛մ պակասամտության, կա՛մ էլ կանխամտածված դիտավորության արտահայտություն է: Հիշեցնենք նաեւ, որ Եվրոխորհրդարանն այս տարվա փետրվարին եւ մայիսի վերջին հատուկ բանաձեւերով դատապարտել է Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների բարբարոսական ոչնչացումը:

Հայկական հին գերեզմանատան տեղում ադրբեջանցիներն ուզում են զինափորձարան ստեղծել: Ուստի նրանք եվրոպատգամավորներին թույլ չեն տալիս Նախիջեւան մուտք գործել, մինչեւ որ լիովին ոչնչացնեն հայկական գերեզմանատան հետքերը: «Ազգը» երեկ մեջբերեց եվրոպատգամավորներից մեկի այն խոսքերը, որ 2005 թ. դեկտեմբերին եւ 2006 թ. մարտին «Ադրբեջանի իշխանությունները հրեշավոր վանդալիզմի քայլ կատարեցին»:

Ինչ վերաբերում է հայոց բնօրրան Նախիջեւանում «աղվանական» գերեզմանատան գոյությանը, դա պարզապես անհեթեթություն է, քանզի բուն Աղվանքն ընկած է եղել Կուր գետից հյուսիս, իսկ Արցախից արեւելք ընկած Աղվանքը, Մովսես Կաղանկատվացու եւ այլ պատմիչների վկայությամբ, արդեն 10-րդ դարում լիովին հայացած է եղել:

BBC-ին նաեւ խորհուրդ կտայինք վերհիշել, թե ինչպես Ստալինի կամայական վճիռներով Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը «նվիրվեցին» քեմալական Թուրքիային, Նախիջեւանը եւ Ղարաբաղըՙ 1918 թ. արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին:

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4