«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2006-06-01 | #101, 2006-06-02 | #102, 2006-06-03


ՌԴ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՍԻՐԻԱ

Ներկայումս Սեւաստոպոլում տեղաբաշխված ՌԴ Սեւծովյան նավատորմի ռազմանավերը կարող են տեղափոխվել Սիրիա: Մոսկովյան «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն, ռուսները ծովի հատակի խորացման աշխատանքներ են սկսել սիրիական Տարտուս նավահանգստում, որտեղ ռուսական ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետ է գործում:

Միաժամանակ սկսվել են Լաթաքիայի նավահանգստի ընդլայնման աշխատանքներ: Ըստ «Կոմերսանտի», Սեւծովյան նավատորմի նավերը Սեւաստոպոլից թերեւս Տարտուս տեղափոխվեն եւ ծառայությունը շարունակեն Միջերկրական ծովում:

Տարտուսում ռուսական ծովուժի նյութատեխնիկական ապահովման կետը գործում է ԽՍՀՄ-ի ժամանակներից: Այնտեղ կարող է ստեղծվել Սեւծովյան նավատորմի խարսխակայան, իսկ հետագայում` նաեւ ռազմակայան:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հրաժարվում է մեկնաբանել Սեւծովյան նավատորմի տեղափոխման հնարավորությունը: Սակայն ՊՆ ոչ պաշտոնական աղբյուրները թերթին տեղեկացրել են, որ նման ծրագիր իրոք գոյություն ունի: Առաջիկա երեք տարում «Մոսկվա» հրթիռային հածանավի գլխավորությամբ կազմվելու է ռազմանավերի խումբ, որը Միջերկրական ծովում գործելու է ոչ թե դիպվածային (ինչպես հիմա է), այլ մշտական հիմքի վրա:

Նույն աղբյուրների համաձայն, Տարտուսի ռազմակայանը եւ Լաթաքիայի ընդլայնվող նավամատույցը ապագայում պետք է ապահովեն Սեւծովյան, ինչպես նաեւ Հյուսիսային նավատորմերի ռազմանավերի գործողությունները:

ՌԴ ՌԾՈւ գլխավոր շտաբում «Կոմերսանտին» հայտնել են, որ Տարտուսի ռազմակայանն ընդունելու է Սեւաստոպոլից դուրս բերվող մարտական եւ օժանդակ նավերին: Ավելի վաղ հայտարարվել էր, թե դրանք տեղափոխվելու են Նովոռոսիյսկի մերձակա հենակետեր:

Սիրիայի ռուսական ռազմակայանի պաշտպանության նպատակով կտեղաբաշխվի հակահրթիռային պաշտպանության համակարգ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4