Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հադրութի շրջանում 3 գյուղ է վերակառուցում, չորրորդը նախատեսվում է: Արցախյան պատերազմից տուժած գյուղերի վերականգնման եւ փախստականներով վերաբնակեցման ծրագրի նախաձեռնողն ու կոորդինատորը ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Ֆրանսիայից Լեւոն Քեբաբջյանն է:
Օրերս ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն այցելեցին Հադրութի շրջանՙ ՀԲԸՄ-ի կողմից վերակառուցվող գյուղերում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու, նոր ծրագրեր քննարկելու համար: Հադրութում էին նաեւ տարածքային կառավարման նախարար Արմո Ծատուրյանը, քաղաքաշինության փոխնախարար Վաղարշակ Փալանջանյանը, միգրացիայի եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը եւ Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը:
5 տարուց ավելի ՀԲԸՄ-ն Հադրութի շրջանում գյուղեր վերակառուցելու ծրագիր է սկսել: ՀԲԸՄ-ի հիմնադրած առաջին գյուղն այստեղ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի վերակառուցած Նորաշենն է, որտեղ այսօր 22 ընտանիք է բնակվում: Գյուղն ունի մանկապարտեզ, որտեղ ժամանակավորապես տեղավորված է նաեւ դպրոցը, բուժկետ: Այսօր Նորաշենում ավարտին է մոտենում դպրոցի նոր շենքի կառուցումը, ինչի ընթացքից գոհ էին պատվիրակության անդամները:
Հաջորդ գյուղը, որի վերակառուցման աշխատանքներն իրականացնում է ՀԲԸՄ-ի Լոնդոնի մասնաճյուղը, Բարեշենն է: Այժմ այստեղ բնակելի տների կառուցման առաջին փուլն է, 6 տուն է կառուցվում: Այցի ընթացքում քննարկվեցին գյուղի ջրամատակարարման եւ էներգամատակարարման հարցեր:
Այցի հիմնական նպատակներից մեկն էլ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Մայքլ Անսուրի միջոցով Հադրութում մեկ այլ գյուղ վերակառուցելու տարածքի վերջնական հաստատումն էր: Քննարկումները ցույց տվեցին, որ նպատակահարմար է վերակառուցել Նորաշենի մոտ գտնվող Ջրակն գյուղը, ինչը հնարավորություն կտա վերաբնակեցված ընտանիքներին օգտվելու Նորաշենի ջրային, էլէկտրահամակարգերից, դպրոցից, մանկապարտեզից, բուժկետից:
Քննարկվեց նաեւ ՀԲԸՄ-իՙ առաջիկայում մեկ այլ գյուղ վերակառուցելու առաջարկը: Հնարավոր է, որ այն լինի Բարեշենի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը, ինչը հնարավորություն կտա օգտագործելու Բարեշենի ենթակառուցվածքները:
Ի դեպ, երեկ ՀԲԸՄ-ի Թեհրանի մասնաճյուղի երիտասարդ արհեստավարժների վարչության ատենապետ Ռայմոնդ Հարությունյանը ՀԲԸՄ-ի վերաբնակեցման ծրագրերին աջակցելու նպատակով վերջերս Թեհրանում կազմակերպված միջոցառմանը հանգանակված 500 դոլարը հատկացրեց Նորաշենի դպրոցի մեկ դասարանի կահավորմանը:
ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն