«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2006-06-01 | #101, 2006-06-02 | #102, 2006-06-03


12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ ԾԱՌԻ ՊՏՈՒՂ

Այնուամենայնիվ օրենքի փոփոխություններն ընդունվեցին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի արտահերթ վերջին նիստը առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենալու մեր կրթության համակարգում: Նախագիծը նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց երեկ եւ ամենայն հավանականությամբ շուտով քվեարկության կդրվի: Հասարակության մեջ այս փոփոխությունների նկատմամբ կան ոչ միանշանակ վերաբերմունք, կասկած եւ լարվածություն, այնպես որ օրինագծի քննարկման ընթացքը ընթերցողին ներկայացնելով գուցեեւ նպաստենք պատասխաններ գտնելու առաջացող հարցերին:

Ըստ փոփոխությունները ԱԺ-ում ներկայացնող կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` դրանք պայմանավորված են կրթական բարեփոխումների ընդհանուր քաղաքականությամբ եւ դրանց հիմնական բաղադրիչը 12-ամյա կրթության անցնելու քաղաքական ծրագիրն է: Մի քանի տարի արդեն գործում է այդ նպատակով բերված վարկային ծրագիրը եւ 12-ամյա կրթական համակարգին անցնելու քաղաքականությունը ըստ էության իր գործընթացային այն փուլում է, երբ պատրաստ է չափորոշիչային համակարգը, դպրոցն իր ապագա համակարգով արդեն պատրաստ է, եւ ըստ էության 2007 թվականից պետք է արդեն անցում կատարվի այս համակարգին: Նախարարը բացթողում համարեց, որ հասարակությունը իրազեկված չէ այս հարցում, մինչդեռ պետք է առավել լավատեղյակ լիներ` ի՞նչ ասել է 12-ամյա հանրակրթության համակարգ, ինչպե՞ս է այդ անցումը կատարվելու, որքանո՞վ են պաշտպանվելու երեխաների շահերը, որքանո՞վ է շահելու մեր կրթական համակարգը:

Այս փոփոխություններն ու առհասարակ մեր կրթության բարեփոխումը պայմանավորված են այն բանով, որ մեր կրթական գնացքը մենք նպատակաուղղում ենք եվրոպական վեկտոր, մեր երկիրը ստորագրել է Բոլոնիայի համաձայնագիրը եւ միացել է այդ գործընթացին. եթե մենք մեզ տեսնում ենք Եվրոմիության դաշտում ապագայում, ապա արդեն Եվրոմիության անդամ համարյա բոլոր երկրները, նաեւ Բոլոնյան համաձայնագրին միացած Եվրոխորհրդի անդամ երկրների բացարձակ մեծամասնությունը, ընդունել են 12-ամյա կրթական համակարգը:

Այս տարի սկսվում է անցումն այդ համակարգին, իսկ 12 տարի հետո Եվրոպական միությունը իր հանձնարարականներով նաեւ հնարավոր է համարում 12-ամյա կրթական համակարգի կայացմանը զուգընթաց` արդեն դիտարկել ոչ թե 4+2 բակալավր-մագիստր համակարգը, այլ 3+1 կամ 4+1 համակարգը: Մեծ Բրիտանիայում, որտեղ կա կրթական ուրույն համակարգ, հանրակրթությունն ըստ էության 13 տարով է, եւ մագիստրական համակարգը 1 տարով է: Հայաստանի կրթության ոլորտում եւս միասնական գիտելիքների գնահատման համակարգի ներդրման անհրաժեշտություն կա, եւ միայն նման արմատական բարեփոխումներից հետո է հնարավոր, որ մենք ի վերջո դիտարկենք կրթական քաղաքականությունն ամբողջական ձեւով` նախնական կրթություն, հիմնական կրթություն, ավագ դպրոց, բակալավր եւ մագիստր: Եվ եթե 12-ամյա կրթական համակարգը կայանա, խոսքը 2018 թվականի մասին է, առաջին շրջանավարտներն այդ ժամանակ պետք է լինեն, ապա այդ ժամանակ արդեն շոգեքարշի նման պետք է իր փոփոխություններն առաջացնի բարձրագույն կրթական համակարգում, կվերանայվեն բակալավր-մագիստր հարաբերակցության եւ ընդհանուր բարձրագույն կրթության ժամանակահատվածի հարցերը:

Պատասխանելով մեր մենթալիտետին համապատասխան կրթության դիմագիծ պահելու վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին` նախարարը նկատեց. «Մենք փոքր երկիր ենք եւ մեր կրթական որակը կարող ենք ապահովել կրթական դաշտերի մեջ մեր ներգրավվածությամբ: Եթե ասում ես ոչ, ուրեմն մենք մեր կրթությունը պիտի կառուցենք 30 հազար քառ. կիլոմետրի վրա, որն այստեղից դուրս չի ճանաչվելու»:

Իսկ մտահոգությունները, որոնք արտահայտեցին պատգամավորները, առավել խտացան Վիկտոր Դալլաքյանի խոսքում: Նա ցավով արձանագրեց, որ այս հիմնարար օրենսդրական նախաձեռնության քննարկումը անցնում է կիսադատարկ դահլիճում եւ խորհրդարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին եւ երկրորդ ընթերցումները պետք է տեղի ունենան նույն արտահերթ նիստում: Այսինքն` նման փոփոխությունը կատարվում է արագացված կարգով. «ԱԺ-ին դարձնում են դակիչ մեքենա` ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը 24 ժամում դակելու... Այսօրվա դպրոցը գիտի՞, թե պետությունն ինչպիսի պատվեր է տալիս իրեն: Որո՞նք են չափանիշները, ի՞նչ որակի քաղաքացի ենք ուզում պատրաստել ՀՀ-ի համար: Մեր ազգային առանձնահատկությունները համարժե՞ք են այդ նոր` 12-ամյա համակարգին, որտե՞ղ է այն սահմանը, որտեղ համամարդկայինը եւ ազգայինը հատվում են»:

Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, որպես ոլորտի մասնագետ եւ պատասխանատու, ասաց, որ հասարակությունը տարակարծություններ ունի, հատկապես դպրոցների տնօրեններն ու մասնագետները եղել են հանձնաժողովում, հայտնել են իրենց մտահոգությունները: Չկան դասագրքեր, ծրագրեր, տեխնիկական բազա: Հունիսին խորհրդարանական լսումներ էին նախատեսել, դրանք կանցկացվեն արդեն փոփոխությունից հետո:

Հոգու խորքում դեմ լինելով` նա փորձեց փաստարկներ բերել հօգուտ տասներկուամյա կրթության: «Օրենսդրական բացեր ունենք. այսօր փաստացի 10-րդ դասարան է, օրենքով 11-րդ դասարան է, հայտարարված է 12-րդ դասարան, ստեղծվել է խառնաշփոթ: Պետք է շատ հանգիստ ձեւով, առաջիկա 10 տարում մշակենք ե՛ւ չափորոշիչները, ե՛ւ դասագրքերը, ե՛ւ ուսուցիչներին վերապատրաստենք, որպեսզի տարրական, միջին եւ ավագ դպրոցներն իրար հերթափոխելով` ճիշտ կատարեն այդ անցումը: Եկեք լոկ սահմանենք, որ անցում է կատարվում, երեք աստիճանով է լինելու դպրոցը, միաժամանակ այս տարվա ընդունված երեխաները պետք է կրթվեն այս ծրագրով` քայլ առ քայլ հասնելով խնդիրների լուծմանը», առաջարկեց նա: Փաստորեն կրկնապատկվելու է տարրական դպրոցների դասվարների պահանջարկը, օպտիմալացման ընթացքում նրանցից շատերը դուրս թողնվեցին, հիմա նորից հե՞տ ենք բերելու` սա հասկանալի չէր նաեւ հանձնաժողովի նախագահին:

ԿԳ նախարարի խոսքից պարզ դարձավ նաեւ, որ փոփոխությունները մատուցելու եւ հասարակությանն իրազեկելու համար երկիրը խնդրել է վարկային ծրագիր, որի այս անգամվա հիմնական բաղադրիչը, գումարի առավել քան 60 տոկոսով, նախատեսված է 12-ամյա կրթության ծրագրերի մշակման, միջազգային փորձի տեղայնացման եւ մեր ուսուցիչների վերապատրաստման համար:

Եվրոպացիների փորձը հնարավո՞ր է տեղայնացնել` առանց գաղափարը ձեւախեղելու, տեխնիկապես եւ հոգեբանորեն մենք պատրա՞ստ ենք այսպիսի փոփոխությունների, արդյոք 12 տարի անց արդյունքը կարդարացնի՞ ներդրված ջանքերն ու ահռելի նյութական միջոցները. սրանք հարցեր են, որոնց պատասխանները, թեեւ օրենքն առաջին եւ երկրորդ ընթերցում անցավ, դեռեւս անհայտ են, ու գործընթացը, դեռ մինչեւ ներդրվելը, պետք է այնուամենայնիվ դետալային քննարկումների երկարատեւ փուլ անցնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4