Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները շարունակում են վստահ ելույթներով իրենց համար ուղի հարթել դեպի չեմպիոնական բարձունք: 11-րդ տուրում նրանց մրցակիցը Չեխիայի հավաքականն էր, որը շատերի համար անսպասելի բավական հաջող է հանդես գալիս: 10 տուրից հետո չեխերը 26,5 միավորով ընթանում էին 4-րդ տեղում:
Առաջինն իր մրցավեճն ավարտեց Լեւոն Արոնյանը, որն արդեն սկզբնախաղում առավելության հասավ չեխերի առաջատար Դավիթ Նավարայի նկատմամբ եւ արդեն 25-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք խաղում էին սեւ խաղաքարերով, կարճատեւ մրցապայքարից հետո խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Զբինեկ Հրաչեկի եւ Վիկտոր Լազմիչկայի հետ: Իսկ ահա Կարեն Ասրյանը, որը վերջինն ավարտեց իր մրցախաղը, սպիտակներով հաղթեց Վլասթիմիր Բաբուլային եւ ապահովեց Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը մրցակցի նկատմամբ (3-1):
Այսպիսով, 11-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 32 միավոր եւ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Երկրորդ տեղում ընթացող չին շախմատիստները 1,5-2,5 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին: Դրա արդյունքում երկու հավաքականներն էլ վաստակեցին 28,5-ական միավոր: Անհաջողության մատնվեց նաեւ Ռուսաստանի հավաքականը, որը 1,5-2,5 հաշվով զիջեց ամերիկացի շախմատիստներին: Այդ երկու ընտրանիները վաստակեցին 28-ական միավոր: Կուբայի հավաքականը հաղթեց ուզբեկներին (2,5-0,5):
Այսպիսով, օլիմպիադայի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի հավաքականը մոտակա մրցակիցներից առաջ է անցել 3,5 միավորով, ինչը լավատեսական հույսեր է ներշնչում, որ մեր շախմատիստներն իրենց պատմության մեջ առաջին անգամ կարժանանան օլիմպիադայի ոսկե մեդալներին: Ինչ խոսք, 3,5 միավորն ամրության մեծ պաշար է:
Մեր շախմատիստուհիները 11-րդ տուրում մրցեցին ֆրանսիացիների հետ: Առաջին խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Էլմիրա Սկրիպչենկոյի հետ: Միավորը կիսեց նաեւ Էլինա Դանիելյանըՙ սպիտակներով խաղաղ դաշն կնքելով Միլիեթի հետ: Մրցախաղի ելքը վճռեց վերջինն ավարտված Լալամանթ-Աղինյան պարտիան, որը եւս ավարտվեց ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը 11 տուրից հետո վաստակեց 20,5 միավոր: Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը 2,5-0,5 հաշվով պարտության մատնելով հունգարացիներինՙ վաստակեց 25,5 միավոր: Երկրորդ տեղում ընթացող ռուսները 2-1 հաշվով հաղթեցին վրացիներին եւ առաջատարից հետ են մնում 1 միավորով: Չինաստանի հավաքականը խոշորՙ 3-0 հաշվով առավելության հասավ հույների նկատմամբ եւ 23,5 միավորով ընթանում է երրորդ տեղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ