Կանխատեսում է անգլիական «Թայմ» թերթը, անդառնալի համարելով տրոհման գործընթացը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ մեկնելու նախօրյակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Իլհամ Ալիեւի հետ հանդիպման առթիվ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ասել է. «Ինձ որոշ չափով զարմացնում են Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների արած հայտարարությունները, ըստ որոնց իբր խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Խոսում են ինքնավարության ինչ-որ աստիճանների մասին: Ես փորձել եմ ուղղակի հասկանալ, թե որտեղի՞ց են գալիս նրանց այդ հույսերը կամ ի՞նչ արմատներ ունեն նրանց այդ «պայծառ» մտքերը: ՄԱԿ-ը երբ ստեղծվեց, 51 պետություն էր անդամակցում այդ կառույցին, իսկ աշխարհում մոտ 70 պետություն կար: Այսօր ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 191 է... Ես չեմ հասկանում, թե ինչու պիտի հայ ժողովուրդը լինի առաջինը, որ հանկարծ պետք է որոշի, թե իրեն անկախությունն ինչ-ինչ պատճառներով ձեռք չի տալիս»:
Աշխարհում քաղաքական զարգացումների ընթացքը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ ընդհանուր միտումը ոչ թե առանձին երկրների միացումն է, այլ բազմազգ պետությունների տրոհումը: Չեռնոգորիայի անկախացմամբ, որը դառնալու է ՄԱԿ-ի 193-րդ անդամը, Հարավսլավիայի տարածքում նախկին մեկի փոխարեն 7 անկախ պետությունների առաջացումը վկայում է դրա մասին: Ընդհանուր միտումի պարագայում խնդիրը սոսկ տրոհումը չէ, այլ ունիտար պետությունների դաշնային կամ համադաշնային հիմունքներով վերակառուցումը, որպեսզի նախադրյալներ ստեղծվեն դրանց հետագա մասնատման համար:
Հարավսլավիան դաշնային պետություն էր: Այս հանգամանքը միջազգային ուժերին ձերբազատել էր նրա վերակառուցման տհաճ պարտականությունից: Ի տարբերություն Հարավսլավիայի, Իրաքն ունիտար պետություն է: Քանի որ դա հակասում է անկախության պայքարի շնորհիվ երկրի բնականոն տրոհման տրամաբանությանը, ուստի շահագրգիռ միջազգային ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքը մասնատելու համար փորձում են վերակառուցել դաշնային հիմունքներով: Վերակառուցումն այդ ուժերի համար դառնում է մասնատման արդյունավետ միջոցը:
Դա պատահական չէ, այլ պայմանավորված է Իրաքի օրինակով տարածաշրջանի երկրները նույնպես վերակառուցելու միջազգային ուժերի նկրտումներով: Ահա թե ինչու Պենտագոնի տեղեկագրերում, սկսած 2000 թ., հրապարակվում է տարածաշրջանի մասնատման ենթակա այն 22 երկրների ցանկը, որոնք ընդգրկված են ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրում, եւ այս հրապարակումներին ժամանակ առ ժամանակ արձագանքում է միջազգային մամուլը:
Հատկանշական է, որ մասնատման ենթակա երկրների ցանկում Իրանի եւ Սիրիայի հետ նշվում են նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Ինչպես երեւում է, մասնատումը չի սահմանափակվում «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրում ընդգրկված տարածաշրջանի երկրներով, այլ սպառնում է եվրոպական մի շարք պետությունների:
Այդ մասին գրել է պահպանողականներին հարող անգլիական «Թայմ» թերթը, որին հունիսի 3-ի համարում մտահոգությամբ արձագանքել է թուրքական «Միլլիեթը»: Ըստ վերջինի, «Թայմը» գրել է, որ 1989 թ. սոցիալիստական համակարգի փլուզումից հետո 18 անկախ պետությունների առաջացման ականատեսը դարձավ Եվրոպայում մինչեւ 2020 թ., այսինքնՙ առաջիկա 14 տարում կառաջանան մեծ եւ փոքր 21 նոր պետություններ եւս: Անգլիական թերթն այս կանխատեսումը պայմանավորել է «Եվրոպայի տրոհման գործընթացով» եւ արել է առ այսօր շարունակվող այդ գործընթացում «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ու Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված անկախ պետություններ դառնալու կանխատեսումը:
«Թայմը» միաժամանակ հավանական է համարել Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում անկախ Քրդստանի ստեղծումը: Ըստ անգլիական թերթի, Եվրոմիության հովանու ներքո միավորվող Եվրոպան միաժամանակ գտնվում է նաեւ ազգային փոքրամասնությունների «անջատողական հոսանքների» ազդեցության տակ եւ իբրեւ օրինակ բերվում է Չեռնոգորիայի մայիսի 21-ի հանրաքվեով անկախացումը:
Չեռնոգորիայի օրինակը, «Թայմի» տվյալներով, խրախուսում է Մոլդովային ենթակա Մերձդնեստրի ժողովրդին, Իսպանիայումՙ Բասկոնիային, Կատալոնիային եւ Անդալուզիային, իսկ Թուրքիայումՙ քրդերին:
«Թայմը» Բալկաններում անկախության պայքարի խթանիչ ուժ է համարում Կոսովոյին, իսկ Կովկասումՙ Չեչնիային, ապա եւ ավելացնում. «Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն մասնատել են Վրաստանի տարածքը: Լեռնային Ղարաբաղի հարցին տարիներ շարունակ չի հաջողվում որեւէ լուծում առաջադրել»: Սա նշանակում է, որ, ըստ անգլիական թերթի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է այնպես, ինչպես Մերձդնեստրի, Չեչնիայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես Թուրքիայի Քրդստանի անկախացումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ