«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


«ՌՈՒՍԱԿԱՆ ՖԵՄԻԴԱՆ» ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՊՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ, ԱՅԼԵՎՙ ԿՈՒՅՐ ՈՒ ԽՈՒԼ

Մոսկվայում ծեծի է ենթարկվել հայ ընտանիք

Կիրակի, հունիսի 4-ի ուշ երեկոյան Մոսկվայի Լուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան տարածքում 50 ստահակներ հարձակվել են Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Գրիգորյանը Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտորն է: Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայության համաձայն, Գրիգորյանի ընտանիքին ծեծել են մինչեւ գիտակցության կորուստը: Դեպքի վայր հասած ոստիկանությունը ձերբակալել է տուժածներինՙ հայտարարելով, թե հենց նրանք են ծեծկռտուքի մեղավորը: Միլիցիայի բաժանմունքում հայերը նկատել են մի ոստիկանի, ճանաչելով նրան որպես այն մեքենայի վարորդի, որին դեպքից մեկ ժամ առաջ խցանման մեջ չեն կարողացել զիջել ճանապարհը: Էռնեստ Գրիգորյանի ընտանիքը հայտարարել է, որ հաստատապես դիմելու է դատարան: Չճշտված տեղեկությունների համաձայն, նշվում է նաեւ վարկած, թե հարձակման պատճառը զուտ կենցաղային վեճ է եղել, որ առաջացել է երկու վարորդների միջեւ եւ այդ վեճին միացել են մոտ գտնվող ինչ-որ տղաներ: Այս վարկածը կարող է պաշտոնական դառնալ, թեեւ չի կարող պատասխանել մի շատ կարեւոր հարցիՙ ինչպե՞ս է պատահել, որ այսպես կոչված մոտակայքում գտնվող տղաները կազմ ու պատրաստ մահակներով, մետաղե ձողերով եւ այլ «հարմարանքներով» հայտնվել են այդ պահին, այդ տեղում:

Նույն կիրակի օրը, ցերեկը Մոսկվայում տեղի էր ունեցել բողոքի ակցիա կապված սափրագլուխների ձեռքի ազգային թշնամանքի ու այլատյացության հիմքով սպանությունների հետ: Իսկ երեկ արդեն Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց եւս տեղի է ունեցել բողոքի ցույցՙ ազգային հիմքով սպանությունների դեմ:

Ռուսական իշխանությունների նման բարձիթողի կեցվածքը չի կարող որակվել որպես ինչ-որ արտառոց ուժի դեմ պայքարելու անկարողություն: Իսկ այն, որ տականքներն ու սափրագլուխներ մականունն ստացած ազգայնամոլներն իրենց քայլերում դարձել են հետեւողական ու ավելի անամոթ, արդեն փաստ է: Փաստ է նաեւ նրանց համար իշխանական թողտվությամբ ապահովվող անպատժելիությունը, քանի որ, եթե նախկինում նման ստահակները գործում էին մթության քողի տակ եւ ոչ բացեիբաց, ապա ներկայումս նրանց համար խնդիր չէ 50 հոգով ծեծկռտուք սարքել այլազգի ընտանիքի հետՙ վկաների ներկայությամբ: Ռասիստական ու ֆաշիստական դրսեւորումները Ռուսաստանում գնալով թափ են առնում, ընդգրկելով ավելի մեծ աշխարհագրություն, ավելի մեծ թվով մարդկանց:

Տարբեր տվյալներով, միայն 2005 թ.-ին ռասիստական խմբավորումների զոհ է դարձել 28, տուժել է 402 օտարերկրացի: 2006 թ.-ին միայն Մոսկվայում արդեն զոհվել է 6 հայ. Եվգենի Բաղդասարյանը, Հայկ Դալուխանյանը, Հարություն Գալստյանը, Ռոբերտ Ֆերոյանը, Վիգեն Աբրահամյանցը եւ Արթուր Սարդարյանը: Վերջինիս սպանությունիցՙ մայիսի 25-ից անցել է ընդամենը 10-11 օր:

Պարզապես Ռուսաստանի Դաշնության նման բազմազգ պետությանը հարկավոր է նախ եւ առաջ լուծել այնպիսի մի խնդիր, որը ոչ մի բանով չի տարբերվում ֆաշիստական Գերմանիայի դատողություններից ու քարոզչությունից:

Ամեն դեպքում լավագույն բարիդրացիությունն ու ռազմավարական գործընկերությունը չեն կարող բացատրել ռուսական իշխանությունների աչքակապությունը, քանի որ ուժային ոչ տկար կառույցներ ունեցող պետությունը հեշտորեն կարող է պայքարել նույն այդ պետականության հիմքերը քայքայող նման երեւույթի դեմ: Մնում է միայն ենթադրել, որ սափրագլխային «տանիքները» ռուսական իշխանական վերին էշելոնում ամուր տեղ են զբաղեցնում: Ուստի եւ պետք է փնտրել պայքարելու միջոցներ, այլապես ռուսաստանյան իրավապահները թեկուզ թվացյալ անզգուշությամբ կձերբակալեն 50 տականքի կողմից ծեծի ենթարկված հայ ընտանիքի անդամներինՙ որպես մեղավորների:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Քսենոֆոբիան հիվանդություն է, որով հիվանդանում են ոչ միայն անհատները, այլեւՙ հասարակությունը: Իսկ ո՞ւր են մնացել համաշխարհային արժեքներ որակվող մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչո՞ւ են լռում այլատեսական խտրականությունների դեմ պայքարողները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4