Ֆրանսիայի հրեա ուսանողների միությունը (ՖՀՈՒՄ) խստորեն քննադատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի խորհրդարանականներին մայիսի 18-ի նիստում ցեղասպանության ժխտողականությունը քրեականորեն պատժող օրինագծի քվեարկությունը հետաձգելու համար, գրում է Շիրլի Սիթբոնը «Փարիզ Ապդեյտիդ» կայքէջում: «Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական սանկցիաների հնարավոր հետեւանքների պատճառաբանությունը վիրավորական է 1915-ին կոտորված 1,5 մլն հայերի եւ նրանց հետնորդների հիշատակին», ասել են ՖՀՈՒՄ-ի ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ընթացքում, ավելացնելով, որ «ճշմարտության հաստատագրումն ու բարոյական պարտականությունն առաջնահերթ խնդիրներ չեն երկրի քաղաքական ղեկավարների գործունեության մեջ»:
Այլ հրեական կազմակերպություններՙ «Քրիֆի» եւ «Բնեյ Բրիթի» ֆրանսիական մասնաճյուղերը նույնպես պահանջել են, որ Հայոց ու Ռուանդական ցեղասպանությունները Հոլոքոսթին համարժեք ոճրագործություններ ճանաչվեն:
«Ճիշտ է, սա չափազանց զգայուն խնդիր է, քանի որ առնչվում է Թուրքիայի հետ Ֆրանսիայի եւ Իսրայելի հարաբերություններին, սակայն մենք շարունակում ենք առաջվա պես մնալ հայերի կողքին, մինչեւ ցեղասպանության ամբողջական ճանաչումը», նշել են «Բնեյ Բրիթի» ներկայացուցիչները: