«Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենքՙ ընդդիմության, իշխանության, նոր ստեղծվող կուսակցությունների, չնայած դեռ չգիտենքՙ նոր ստեղծվողներից ո՞ւմ հետ պետք է համագործակցենք, անունները կան, սակայն մարդիկ դեռ չկան, ծրագրեր չկան: ԱԺ-ի ընտրություններին առայժմ կուսակցությունը որոշել է գնալ միայնակ», լրագրողների հետ զրույցում շաբաթ օրը հայտարարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները մեկ կուսակցության ձեռքում են, վարչապետը պատասխանեց. «Ինչո՞ւ եք մտածում, որ ԱԺ-ն այն կուսակցության ձեռքում է, որտեղից որ ԱԺ նախագահն է, նախկինում էլ ՕԵԿ-ի ձեռքո՞ւմ էր, իսկ մյուս պատգամավորներն ի՞նչ էին անում»: Նա ասաց, որ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո քաղաքական բանակցությունների հետեւանքով տեղն առաջարկվեց Հանրապետականին, իրենք էլ, չխուսափելով պատասխանատվությունից, համաձայնեցին: «Մենք սովոր ենք դրան», ասաց պրն Մարգարյանը:
Թ. Մ.